Մինչեւ մարտի վերջ գերմանական բանակը ցանկանում է պաշտպանական պլան մշակել, որը կոչվում է «Օպլան»։
Գերմանիան այսպիսով ցանկանում է պատրաստվել հնարավոր պատերազմին:
Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Օսկար Բոհլինի հայտարարությունից մի քանի օր անց, որ «Շվեդիայում պատերազմ կարող է լինել», նման հայտարարություն արեց Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Այսպիսով, գերմանական բանակը անցյալ շաբաթ ներկայացրեց «Գերմանական օպերատիվ պլանը» (Oplan), որը պետք է սահմանի երկրի գործողությունների ուղղությունը պատերազմի դեպքում։ Ըստ Բորիս Պիստորիուսի՝ ամենամեծ վտանգը ներկայումս ներկայացնում է Վլադիմիր Պուտինը, որը կարող է փորձել ներխուժել եվրոպական նոր երկիր 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունների ժամանակ։
Focus լրատվամիջոցը հայտնում է, որ պլանը պետք է բաղկացած լինի հարյուրավոր էջերից եւ ավարտին հասցվի մարտի վերջին։ Գեներալ-լեյտենանտ Անդրե Բոդեմանը գերմանական մամուլի գործակալությանը նկարագրեց Oplan-ը որպես «իրագործելի ծրագիր: Դա ֆանտազիա չէ, վերացական գաղափար չէ, այլ իսկապես ամուր բան, որը կարող է աշխատել, երբ անհրաժեշտ է»:
Կարդացեք նաև
Զինվորականները հայտնում են չորս սպառնալիքների մասին, որոնք կարելի է ակնկալել՝
1. կեղծ լուրեր և ապատեղեկատվություն,
2. հարձակումներ կիբերտարածությունում,
3. նպատակային լրտեսություն,
4. դիվերսիա հատուկ ջոկատայինների կողմից։
Գնդապետ Անդրեաս Շրայբերի խոսքով՝ այդ սպառնալիքներն այսօր արդեն նկատելի են։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է արհեստական ինտելեկտին: Նա կանխատեսում է, որ ապագայում այդ սպառնալիքն էլ ավելի կսրվի. «Այս տեխնոլոգիաները ապագայում շատ ու շատ ավելի ունակ են դառնալու։ Նրանք շատ ու շատ ավելի արագ կդառնան և այնպիսի արագությամբ կհարվածեն մեզ, որ կկորցնենք մեր տեսողությունն ու լսողությունը»,- ասում է նա։
Ըստ «Bild»-ի՝ Oplan-ը պետք է նախատեսի քաղաքացիների ներգրավվածություն։ Քանի որ զինվորները պետք է ռազմաճակատ գնան պատերազմի ժամանակ, նրանք պետք է փոխարինվեն քաղաքացիական հողի վրա: Ահա թե ինչու քաղաքացիներին կոչ են անելու կամավոր ծառայություն իրականացնել։
ՆԱՏՕ-ն նույնպես պատրաստվում է արտակարգ իրավիճակի: Փետրվարից սկսած՝ պաշտպանական դաշինքը կանցկացնի Steadfast Defender 2024-ը, իր ամենամեծ զորավարժությունները Սառը պատերազմից ի վեր։ Այդ նպատակով մոտ 90 հազար զինվոր պետք է մոբիլիզացվի և միասին մարզվի:
Աննա ԱԶՆԱՈՒՐ
Լուսանկարը՝ Blick/fr