Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:
Միջոցառման սկզբում նախ հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքի նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.
Կարդացեք նաև
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,
Պաշտպանության հարգելի նախարար, նախարարի տեղակալներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի զինծառայողներ, հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք մեր բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձը, և այս օրը մենք նախևառաջ ծնկի ենք իջնում մեր այն զինծառայողների, կամավորների առաջ, ովքեր ընկել են Հայաստանի Հանրապետությանը տված իրենց երդմանը հավատարիմ մնալով:
Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, պետք է արձանագրել` ավելի շատ խորհելու, բանակաշինության և անվտանգության ոլորտում մեր ունեցած խնդիրներին, ընդհուպ ձախողումներին առերեսվելու ժամանակ է:
Այդ առերեսումը մեզ պարտադրում է արձանագրել, որ չի կարելի շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը:
Առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է: Եվ այդ փոփոխությունը պետք է արտահայտվի ամեն նրբության մեջ` սկսած համազգեստից, շարունակած յուրաքանչյուր զինվորականի արտաքին տեսքով, շարունակած մշտական տեղակայման վայրերում առկա միջավայրից, սպառազինությունից ու տեխնիկայից, զինծառայողների աշխատավարձից և սոցիալական երաշխիքների համակարգից, զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ մեր պահանջներից և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանից: Մենք սկսել ենք այս գործընթացը, բայց նաև չեմ կարող ասել, թե ընթանում ենք բավարար արագությամբ:
Ինչպես պետական համակարգի բազմաթիվ օղակներում, այստեղ էլ, կարծում եմ, արագության մասին մեր պատկերացումները պետք է փոխվեն: Բանակում նույնպես արագության մասին պատկերացումները պետք է փոխվեն, ու այստեղ խոսքը ոչ միայն բարեփոխումների արագության մասին է, այլև բանակի գործողությունների արագության: Այն, ինչ մենք արագություն են համարել նախկինում, հիմա անհույս կերպով դանդաղ է` սկսած իրադրության գնահատման արագությունից, շարունակած որոշումների կայացման, հրամանատրման և հրամանների կատարման արագությունը:
Ռազմավարական առումով մենք ընթանում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ, և այս իմաստով «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը վերջին տարիների մեր ամենամեծ հաջողությունն է, որը հենց այսօր պրոֆեսիոնալ բանակի հիմքն ու անկյունաքարն է դառնում: Սա մի համակարգ է, որ ժամկետային զինծառայողներին հնարավորություն է տալիս դառնալ առնվազն 5 տարվա պայմանագրային զինծառայող, կամավոր ատեստավորման արդյունքում ստանալ 450 հազար, երբեմն 500 հազար դրամ և ավելի դրամ ամսական աշխատավարձ, ծառայել սեփական բնակավայրին մոտակա զորամասում և ծառայության ընթացքում ապրել տանը` որպես պրոֆեսիոնալ, իսկ հնգամյա ժամկետի ավարտին միանվագ ստանալ 5 միլիոն դրամ, անկախ նրանից` կցանկանա՞ ևս 5 տարով երկարացնել պայմանագրի ժամկետը, թե` ոչ:
Բայց նաև այս ֆոնին անհրաժեշտ եմ համարում ընդգծել` բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետև երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ:
Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը: Այստեղ, իհարկե, իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կանգնում, մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողնենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը:
Մենք այս տարվանից ներդնում ենք կանանց կամավոր-պարտադիր զինծառայության մոդելը և հավատում եմ, որ մեր կանայք կարող են էական, ավելի մեծ ներդրում ունենալ երկրի պաշտպանության գործին և սիմվոլիկ է, որ այսօր այստեղ տեղի կունենա նոր համակարգով զորակոչվող առաջին կին զինծառայողի երդման արարողությունը:
Ուզում եմ հիշեցնել նաև, որ կամավոր-պարտադիր զինծառայության զորակոչվող կանայք վեցամսյա ծառայության վերջում միանվագ 1 միլիոն դրամ պատվովճար կստանան և 6-ամսյա ծառայության համար կարող են դիմել 17-27 տարեկան բոլոր կանայք: Մենք հույս ունենք, որ վեցամսյա ծառայություն անցնող կանանց մի զգալի մասը կանցնի արդեն, կշարունակի պայմանագրային զինծառայության, որտեղ արդեն կլինեն աշխատավարձային այնպիսի հնարավորություններ, որոնք առկա են նաև տղամարդկանց համար կամավոր ատեստավորման միջոցով «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Կանայք պետք է դառնան մեր պրոֆեսիոնալ բանակի հուսալի հենասյուներից մեկը:
Պետք է նաև արձանագրել, որ ոչ մի պրոֆեսիոնալ բանակ պատերազմական իրավիճակներում միայնակ ի վիճակի չէ պաշտպանել երկրի անվտանգությունը և մարտունակ պահեստազոր ունենալը մեր հաջորդ ռազմավարական խնդիրն է: Այս իմաստով, սովորական ժամկետային զինծառայությանը զուգահեռ 25-օրյա վարժական հավաքները չափազանց կարևոր նշանակություն ունեն: Բայց հենց այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ բացեր այդ համակարգում և ակնկալում եմ, որ վճռական որոշումներով այդ պրոբլեմները լուծվեն: Այդ պրոբլեմները սկսվում են զորահավաքային մակարդակից, մինչև 25-օրյա վարժական հավաքների որակն ու բովանդակությունը: Առավել ևս այստեղ զինվոր-զինվոր, զինվոր-սպա, սպա-սպա հարաբերությունների լրջագույն ճեղքեր ունենք, որ պիտի լրացնենք: Ընդհանրապես, բանակը բաց կամ կիսաբաց ռեժիմի քրեակատարողական հիմնարկ դարձնելու բոլոր փորձերն ու գործոնները պետք է արմատախիլ անել հետևողական ու վճռական քայլերով: Սա վերաբերվում է թե՛ 25-օրյա վարժական հավաքներին, թե՛ ժամկետային և թե՛ պայմանագրային զինծառայությանը:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում ռազմական կրթությանը և սպայական աշխատանքի գրավչության մեծացմանը, և այս առումով, ուզում եմ ընդգծել Ռազմական համալսարանի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սպայական ծառայություն սկսող շրջանավարտների բնակարանային ապահովման, ինչպես նաև Ակադեմիական քաղաքում Սպայական ավագ դպրոցի և Սպայական համալսարանի հիմնադրման նախագծերը: Հայաստանի Հանրապետության բանակի ինտելեկտուալ խորությունն ապահովելը մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչ է և մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք նաև դրան:
Հարգելի ներկաներ,
Մենք պետք է վերանայենք նաև անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները:
Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին և Հայաստանի Հանրապետության համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը:
Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով: Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին Կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել:
Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը:
Այս ձեռքբերումների ու ներդրումներ անելու հնարավորության համար ուզում եմ կրկին ու կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որոնք գործնականում են իրագործում 2018 թվականին մեր կողմից առաջարկված «հարստացիր և հարստացրու» կարգախոսը: Եվ պիտի արձանագրեմ, որ 2023 թվականի բյուջեի հարկային եկամուտները, արդեն իսկ փաստացի կատարված, 2017 թվականի բյուջեի եկամուտների համեմատ ավելի են եղել շուրջ 2,5 միլիարդ դոլարով: Եվ ահա այս գումարներով է նաև իրականացվում բանակի, զինված ուժերի բարեփոխումը:
Բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով: Ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ապահովող կարևորագույն գործոններից է, բայց ոչ միակ գործոնը: Անվտանգության ապահովման տեսակետից առանցքային երկու գործոն ևս պիտի ընդգծեմ՝ արտաքին հարաբերությունները և վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ միջազգային իրավունքի տեսակետից:
Լեգիտիմությունն, ըստ այդմ, Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն պիտի լինի: Ի՞նչ նկատի ունեմ: Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը:
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,
Չեմ կարող չանդրադառնալ նաև տարբեր կողմերից, և մասնավորապես, Ադրբեջանից հնչող մի շարք ագրեսիվ հայտարարությունների՝ կապված Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ: Արդեն ասացի, որ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը:
Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ` մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից:
Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով և բացի դա անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Այդ սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո:
Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից:
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,
Ամփոփելով խոսքս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բանակի բոլոր այն զինծառայողներին, ովքեր անբասիր են, պրոֆեսիոնալ ու հավատարիմ Հայաստանի Հանրապետությանը տված իրենց երդումին:
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Վարչապետ Փաշինյանը Բանակի օրվա առթիվ, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ