«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ 44-օրյա պատերազմից հետո համապատասխան վերլուծություններ արվել են:
«Տարբեր քննարկումներ են տեղի ունենում, խնդիրներ կան, այդ խնդիրների լուծման ճանապարհով ենք գնում: Կարծում եմ, որ կարեւորը տոկունություն պետք է ունենանք, գնահատենք այս վերջին տարիների բացթողումները եւ դրա շրջանակներում աշխատենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ճիշտ չի համարում այս պահին այդ ամենի մասին բարձրաձայնել:
Լրագրողները հետաքրքրվեցին Ռուսաստանից գնված զենքի մատակարարումներից: ՔՊ խմբակցության պատգամավորներից Գագիկ Մելքոնյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ որոշակի խմբաքանակ ստացվել է, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էլ ասեր էր, որ գումարը փոխանցվել է, զենքը չի մատակարարվել: Հրաչյա Սարգսյանը պատասխանեց՝ դեռ քննարկելու հարցեր կան, սակայն կարծում է, որ լուծում կգտնվի. «Ընթացքի մեջ է գործընթացը»:
Պատասխանելով տարեսկզբից բանակում տեղի ունեցած դժբախտ դեպքերի մասին հարցին էլ` Հրաչյա Սարգսյանն ասաց, որ քննություն է իրականացվում, արդյունքները կհրապարակվեն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ