«Բանակը չէր, որ պարտություն կրեց, այս իշխանությունների ղեկավարած պետությունը պարտություն կրեց»,-այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ հայկական բանակը ստեղծվել է պատերազմի շրջանում՝ երկրաշարժից հետո, բավական բարդ իրավիճակում, բայց նույնիսկ այդ պայմաններում մենք կարողացանք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել եւ հասնել հաղթանակների. «Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք զինել մեր բանակը եւ այն վերածել ոչ միայն հաղթական, այլեւ մրցունակ բանակի»:
Սեյրան Օհանյանի կարծիքով, մեր բանակի եւ ժողովրդի միասնության շնորհիվ եղել է Հայաստան-Արցախ միասնական կառույց՝ ինտեգրված, ամուր, անվտանգ՝ տնտեսական զարգացման հնարավորություններով. «Կարելի է ասել, որ ներկայիս իշխանությունների օրոք համախմբվածությունը քանդվել է, քանի որ համախմբվածությունը եւ բարոյահոգեբանական ոգին այն հիմնական գործոններն են, որոնց շնորհիվ մենք կարող ենք հաղթանակներ տանել»:
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ գործող իշխանությունների «շնորհիվ» կանոնավոր բանակը կրկին վերածվել է առանձին կամավորական ստորաբաժանումների ու բոլոր թերություններով հանդերձ, հայկական բանակը 44-օրյա պատերազմում կատարել է իր առջեւ դրված խնդիրները. «Ներկայիս իշխանությունները որքան էլ ասեն, պետք է արձանագրենք, որ նախկինում բանակը հաղթական էր, բանակը մրցունակ էր մեր տարածաշրջանում, իսկ այսօր նրանք չօգտագործեցին պետության ողջ ներուժը, այլ ընդհակառակը, պառակտեցին մեր ազգը։ Այդ պառակտման պատճառով էր, որ մենք պարտվեցինք: Սակայն բանակը չէր, որ պարտություն կրեց, այս իշխանությունների ղեկավարած պետությունը պարտություն կրեց»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ