Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանք, պրծնենքը» և «Ոչ մի թիզ հողը» չաշխատեցին

Հունվար 28,2024 18:08

«Տանք, պրծնենքը» և «ոչ մի թիզ հողը» տարածված գաղափարախոսություններ են եղել Արցախյան ազատամարտին հաջորդած տասնամյակների ընթացքում:

Հայաստանը Արցախը տվեց: Ընդ որում, ոչ թե տվեց ինչ-որ միջազգայնորեն երաշխավորված ինքնավար կարգավիճակով (որը, հավանական է, Ադրբեջանը չէր էլ հարգի), այլ ճանաչելով Արցախը Ադրբեջանի ունիտար մաս, ինչը որևէ կերպ չեր կարող ապահովել արցախահայության ո՛չ անվտանգությունը, ո՛չ էլ իրավունքները:

Արցախը տվեցինք, բայց պրծա՞նք:

Ադրբեջանի և ադրբեջանցու թշնամանքը հայ ազգի և հայկական պետականության հանդեպ չի՞ շարունակվում: Նախագահ Ալիևը ռազմաշունչ և սպառնալից ճառեր չի՞ ունենում: Կարելի է ասել, որ ադրբեջանական թշնամանքն ու առավելապաշտությունը նոր թափ են հավաքում:

Բաքվի կողմից շարունակ զարգացվում է «վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեզը և 8 գյուղ հանձնելու պահանջը: Ադրբեջանը և իր հովանավոր Թուրքիան միջազգային գործընկերների հետ խոսակցությունների ժամանակ անդրադառնում են «Զանգեզուրի միջանցքին»:  Հայաստանի ինքնիշխան տարածքի առնվազն 200 քկմ-ը օկուպացված է, և Ալիևը մտադրություն էլ չունի իր զորքերը հետ քաշել հայկական տարածքներից, դեռ ավելին, ասում է, թե Ջերմուկը պատմականորեն Ադրբեջանինն է: Հիմա էլ Սահմանադրությունը և (կամ) Անկախության հռչակագիրը փոխելու խնդիր է առաջ քաշվել Բաքվից:

Փաստորեն, բացի նրանից, որ «տանք, պրծնենքը» անբարոյական մտածողություն էր, այլ նաև քաղաքական չտրամաբանված հաշվարկ: Լեռնային Ղարաբաղին տիրանալով՝ մեր հարևանի ախորժակը ոչ թե հագեցավ, այլ ընդլայնվեց: Հայաստանն այսօր պակաս խոցելի չէ, քան սեպտեմբերի 19-ից առաջ էր: Հայաստանի առնվազն հարավային հատվածի վրա իրական դամոկլյան սուր է կախված: Իհարկե, «տանք, պրծնենք» ծայրահեղ գաղափարի բարոյական և քաղաքական, մեղմ ասած, սխալ հաշվարկ լինելը չի նշանակում, որ դրա այլընտրանքը «ոչ մի թիզ հող» հակառակ ծայրահեղ գաղափարն էր: Հավանաբար, Արցախի անկման պատճառը հենց ծայրահեղությունն էր: Տարիներ շարունակ կային բարձրախոս «ոչ մի թիզական» քաղաքացիներ, որոնք հնարավոր էին համարում երկարատև խաղաղությունն առանց փոխզիջման, ինչպես նաև հոգու խորքում «տանք, պրծնենքը» փափագող քաղաքացիներ, որոնք չէին ընկալում Արցախի ազգային, քաղաքական և ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031