Լրահոս
Օրվա լրահոսը

Որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվի բանտերում են, «հայ ժողովրդի արժանապատվությանը կպնող» վիճակ է. Արմեն Ասրյան

Հունվար 28,2024 17:56

«Բանակը շատ մեծ ուղի է անցել 90-ական թվականներից մինչեւ այսօր, ունեցել ենք հաղթական շրջաններ, ցավոք սրտի, նաեւ պարտություն, բայց  չպետք է դրանով կոտրվենք, մենք բոլորս պետք է գիտակցենք, եւ ներկայիս իրավիճակն էլ ցույց է տալիս, որ աղերսելով չես կարող խաղաղության հասնել»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

«Մենք պետք է ուժեղացնենք մեր բանակը, իսկ դրա համար պետք են կտրուկ, գործուն քայլեր, հավատք, ժողովրդի համախմբվածություն, եւ իհարկե, հզոր տնտեսություն: Նաեւ մենք չպետք է մոռանանք մեր բանակի ակունքներում կանգնած հայորդիներին, որոնց մի մասը, ինչպես գիտենք, գտնվում է գերության մեջ: Այս հարցը եւս պետք է ժողովրդի ուշադրության կենտրոնում պահենք, չպետք է ասենք, թե այդ մարդիկ արժանի են եղել իրենց սխալների համար: Եթե կան սխալներ, ապա մեզ մոտ պետք է պատասխանատվության ենթարկվեն, ոչ թե Բաքվի բանտերում. սա նույնպես համարում եմ հայ ժողովրդի արժանապատվությանը կպնող իրավիճակ»,-ասաց բանախոսը ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում այս ուղղությամբ:

Արցախից բռնի տեղահանված ժողովրդի սոցիալական կարիքների ուղղությամբ կատարվող քայլերը, բանախոսի տպավորությամբ, «ստամոքսային մտածելակերպի» տպավորություն են թողնում. «Արցախն ենք կորցրել, բայց էլի ուշքի չենք գալիս, Աստծուց, եկեղեցուց ենք հեռացել, ինչի համար պատժվում ենք: Ես հավատում եմ, որ կունենանք պատշաճ զինված ուժեր, որովհետեւ ուժեղի խոսքն է հարգվում: Վախենալով եւ պատերազմի վերսկսմամբ վախեցնելով՝ չգիտեմ ինչ քայլերի են գնում ու ներկա դրությամբ էլի չեն բացառում պատերազմական գործողությունները, այսինքն, հիմա ձագերից մեկը՝ Արցախը տվել ենք, Սյունիքն էլ կտա՞նք, էն մյուս ձագերն էլ կտա՞նք… Վերջիվերջո, տալով հարց չի լուծվում, սա պետք է բոլորս գիտակցենք, այսպիսի անարժանապատիվ կյանքն ո՞ւմ է պետք, համոզված եմ՝ ոչ մեկի, ուղղակի ժողովրդի ուղեղը տեղափոխել են ստամոքսի շրջան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031