«Եթե Արցախի ղեկավարությունը եւ Արցախի պաշտպանները, զինվորները այսօր գտնվում են գերության մեջ, ուրեմն Արցախը գերության մեջ է, ուրեմն արցախահայությունը գերության մեջ է, ուրեմն հայ ժողովուրդը գերության մեջ է»,- այսօր Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում պատարագից հետո իր քարոզում ասաց Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
«Մենք ի՞նչ քայլեր ենք անում, որպեսզի մեր գերեվարված տղաներին հետ բերենք եւ խոսում ենք հավատքից: Սիրելի հայորդիներ, ինչպես գիտեք 301 թվականին, քրիստոնեությունը ընդունվեց, որպես պետական կրոն Հայաստանում: Այո, 1723 տարվա պատմություն ունի հայ ժողովուրդը, Հայաստանը եւ մեր հավատքը, իսկ այսօր մենք դավ ենք կազմակերպում եկեղեցու դեմ: Սա՞ է մեր հավատքը: Էլ ինչ քրիստոնյա, եթե մենք քրիստոնյա ենք ու հարձակվում ենք եկեղեցու վրա, քարկոծում ենք եկեղեցին, դա՞ է մեր հավատը: Եվ այսօր էլ չար մարդիկ համախմբվում են, որպեսզի մոտակա օրերը գնան ու քարկոծեն Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր հայրերին, առաջնորդին եւ եկեղեցուն»,-ասաց Տեր Հովհաննեսը:
«Հավատն առանց գործի ունայն է»,- ասաց նա՝ հավելելով. «Եթե տեսնում եք չար մարդկանց, ովքեր հալածում են եկեղեցին, մի՞թե դրանք հայերն են, մի՞թե դրանք քրիստոնյաներ են: Այսօր ժողովուրդը չի համախմբվում հավատքի շուրջ: Հայ ժողովրդին հավատքն է պահել մինչեւ այսօր, եկեղեցին է պահել մինչեւ այսօր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունն է պահել մինչեւ այսօր, Սուրբ խաչն է պահել մինչեւ այսօր: Իսկ այսօր մենք եկեղեցուն դեմ ենք, եկեք չխաբենք մեզ, մեր սերնդին, մեր երեխաներին, որ մենք քրիստոնյա ենք, հայ ենք, եկեք գործով ապացուցենք. այն ժամանակ ես կհավատամ, որ մեր հավատքը զորեղ է»:
«90-ականներին մեր հայոց բանակը ամենահզորն էր տարածաշրջանում, մինչեւ 2018 թվականը: Ինչո՞ւ, ո՞ւր է մեր տղաների ոգին, ո՞ւր է Վարդանանց ոգին, ո՞ւր է հերոսների ոգին: Ես այսօր ցանկանում եմ, որ ամեն մի հայ ամեն օր գա Եռաբլուր, նայեն մեր տղաների գերեզմաններին, շիրմաքարերին, հուշարձաններին, որպեսզի չմոռանան իրենց կատարած սխրանքը: Այն բանակը, որով հպարտանում էր հայ ժողովուրդը, այսօր չի հպարտանում։ Ինչո՞ւ: Որովհետեւ պարտություն է կրել, ոգին է թուլացել, հավատքն է կոտրվել: Եթե կա հայոց բանակ հզոր, ուրեմն կա հզոր պետություն: Եկեք համախմբվենք մեր եկեղեցու շուրջ, մեր հավատքի շուրջ, ապաշախարենք ազգովի եւ մեղքերի թողություն ստանանք: Աղոթենք, որ մեր Արցախի իշխանությունները, զինվորները, որոնք գերության մեջ են, վերադառնան: Եթե մենք ասում ենք, որ իրենք մեծ մեղքերի մեջ են, ապա ո՞վ է, որ մեղք չունի, Աստված ասում է՝ ով ապրում է, նա մեղք է գործում, բոլորս էլ մեղքի մեջ ենք, բայց մեր աչքի փուշը չենք տեսնում, ուրիշի աչքի գերանն ենք ասում:
Կարդացեք նաև
Աստված ասում է՝ մարդ երկու տիրոջ չի կարող ծառայել, այսօր Հայաստան աշխարհն Աստծուն թողել է մի կողմ և պաշտում է նյութին: Եկեք քաջություն ունենանք և մարդու երեսին ասենք իր սխալները, դա նշանակում է, որ մենք նրան սիրում ենք։ Եթե մենք համախմբվենք, վստահ եղեք, որ այս տարի՝ հուլիս-օգոստոսին, մենք կլինենք ազատագրված Արցախում»,- վստահ է քահանան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ