Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրի համար Աստծո պատգամած խաղաղությունը հաստատողն ու պարտադրողը ՀՀ Զինված ուժերն են»

Հունվար 28,2024 17:15

Հունվարի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով խաղաղության խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված խաղաղություն է կամենում, սակայն Աստծուն հավատացող մարդիկ են, որ պիտի խաղաղություն հաստատեն՝ անհրաժեշտության դեպքում նաև պայքարելով»:

Ըստ Հայր Մովսեսի՝ Սուրբ Եկեղեցին փաստել է, որ հանուն խաղաղության միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի ու պատերազմ պետք է մղել հենց խաղաղությունը վերահաստատելու և արդարությունը վերականգնելու համար, որովհետև Աստծո և բարեկամի նկատմամբ սերը ստիպում է քրիստոնյաներին արդարացի խաղաղություն փնտրել, իսկ այդ խաղաղությանը հասնելու համար ամենակարևոր պայմանը բանակն է:

«Սիրելիներ, հանուն խաղաղության ու անվտանգության բազմաթիվ պատերազմներ մղած ու այսօր էլ պատերազմի սպառնալիքներին դիմակայելու պատրաստ Հայոց բանակը տոնում է կազմավորման 32-րդ տարեդարձը, և բանա՛կն է շարունակում մնալ այն միակ ուժը, որը կարող է խաղաղություն հաստատել ու ապահովել պետության անդորրը: Մեր երկրի համար Աստծո պատգամած խաղաղությունը հաստատողն ու պարտադրողը ՀՀ Զինված ուժերն են, իսկ երանելի խաղաղարարներն այդ նույն զինված ուժերի հավատացյալ սպաներն ու զինվորները։ Տեր Հիսուս Իր կյանքը տվեց որպես խաղաղարար, և սա այն գինն է, որ շատերը վճարեցին մեր երկրում խաղաղություն հաստատելու համար»,- ընդգծեց Մովսես վարդապետը՝ մաղթելով, որ Քրիստոսի սերը, շնորհներն ու զորակցությունը միշտ լինեն Հայոց բանակի հետ և յուրաքանչյուր զինծառայողի պարգևեն ամեն վայրկյան  խաղաղությունը պարտադրելու կամք ու վճռականություն:

Պատարագի սրբազան արարողության ավարտին, Հայոց բանակի 32-րդ տարեդարձի առիթով հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության և Հայոց բանակի հաղթական առաջընթացի համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031