Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը ընենց չի, որ մնացել ա իրանց». Սասուն Միքայելյան

Հունվար 28,2024 17:05

«Այն, ինչ կատարվեց Արցախում, հոկտեմբերի 27-ի հետեւանքն է»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով Արցախը հանձնելու մասին հարցին:

«Մեր երեք նախագահները Բաքվում են, մենք աշխարհի դեմ էսօր ոնց որ ամոթխած լինենք: Էս ամեն ինչը, ժողովուրդ ջան, եկավ հոկտեմբերի 27-ից հետո, էսի հոկտեմբերի 27-ի հետեւանքն էր, որ տեղի ունեցավ էսօրվա իրավիճակը»,- ասաց նա:

2024 թվականին էլ անկլավների համար պետք է կռվել՝ լրագրողներից մեկի դիտարկմանը Սասուն Միքայելյանը արձագանքեց. «Եթե ցանկանում ես թշնամու հետ հարց լուծել, պետք է հզոր լինես: Էն ժամանակ մենք էինք հզոր, մենք էինք թելադրողը: Երկրապահի առաքելությունը այն է եղել, որ պետք է մեր երկրի սահմանները պահենք, որը արել ենք եւ անում ենք»:

Հարցին՝ իշխանությունները Սահմանադրություն են ցանկանում փոխել, որ Արցախի հարցը դուրս մնա, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Սահմանադրությունը կփոխվի այ ժամանակ, երբ որ հանրաքվե կլինի, իսկ Սահմանադրության փոփոխությունն էլ կբերի պետության, պետականության համահունչ հզորացման, մեր սահմանների պաշտպանության, անկախության  համար: Սահմանադրությունը ցանկությամբ չեն փոխում»:

Սասուն Միքայելյանը նաեւ համախմբվածության կոչ է անում, որպեսզի «այս վիրավոր բանակը կարողանանք ոտքի կանգնեցնենք». «Ես՝ որպես Երկրապահի նախագահ, այս կառույցի ղեկավար, մենք 44-օրյա պատերազմից հետո մինչեւ այսօր դիրքերում ենք: Կարամ մի հատ տվյալ ասեմ, որը գաղտնիք ա, 2023 թվականին 8 հազար քանի հարյուր մարդ դիրքերում է եղել, հայ զինվորի կողքին է եղել: Մենք  մեր առաքելությունը կատարում ենք, շատ մարդիկ տեղյակ չեն, շատ մարդիկ այսօր հերոսացել են, չգիտեմ ինչեր են խոսում, բայց Երկրապահն իր տեղում է: Ինչ վերաբերում է բանակին, սպարապետը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ տարվա 365 օրն էլ բանակի օրն է: Մենք պետք է այդ հոգեբանությամբ, այդ հենքի շուրջ համախմբված լինենք, որ կամաց-կամաց մեր այս վիրավոր բանակը կարողանանք ոտքի կանգնեցնենք»:

Դիտարկմանը՝ թշնամին անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում, Սասուն Միքայելյանն արձագանքեց՝ դրա համար միշտ պետք է պատրաստ լինել, այդ պատճառով էլ ԵԿՄ-ն միշտ սահմաններում է, դիրքերում է, հունվար ամսին էլ 1100 ԵԿՄ-ական է մեկնել դիրքեր:

Իսկ հարցին, որ  իշխանություններն այլեւս չեն խոսում Արցախի մասին, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մենք՝ երկրապահներս չենք հուսահատվել երբեք, իրավիճակը այսօր, որ մենք պետք է կարողանանք համախմբված հզորանանք: Ես երբեք չեմ կասկածում, որ կգա ժամանակը եւ մեր հաղթանակները կկրկնվի: Մենք՝ երկրապահն այն սերունդն է, որ հաղթանակ է կրել Արցախյան ազատամարտում, դա մեր համար ավելի ծանր է, քան էստեղ կանգնած որեւէ մեկի, որ հայրենասիրություն է խաղում: Դրա համար էսօր մենք պիտի կարողանանք այս վիճակից դուրս գանք, էդ մեծ-մեծ, ճոռոմ-ճոռոմ խոսալը երբեք ոչ մի օգուտ չի տա: Եթե կա մեկը, որը կռվող տղուց ավելի շատ է ուզում հող ազատագրի, չարաչար սխալվում եք: Ես երբեք Արցախը հետ բերելուց, էսօր էլ, էս պահին էլ , էս վայրկյանին էլ  չեմ հուսահատվում ու չկասկածեք: Այսօր պիտի մի քիչ դիվանագիտական առումով լուրջ կապեր ունենանք հենց Արցախի հետ կապված:

Ղարաբաղը ընենց չի, որ մնացել ա իրանց, էսօր սաղ աշխարհը դուք գիտեք ինչ կալանքներ է կիրառում Ադրբեջանի վրա, մենք պետք է խելոք լինենք մի քիչ, թե չէ, որ իրար կերանք, ասինք դավաճան՝ մեկս մեկին, ոչ մի լավ բանի չենք հասնի: Ես ուզում եմ ասել, որ 90-ական թվականներին, երբ սպարապետը կարողացավ բոլորիս համախմբվել, էլի շատ ծանր վիճակ էր ու իրենք ավելի հզոր էին, թե մարդկային թվաքանակով, թե զինտեխնիկայով, ամեն ինչով, բայց մենք կարողացանք, Վազգենը կարողացավ համախմբել բոլորին: Այսօր մեր գերխնդիրը  սահմանները պահելն է, որը երկրապահն անում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031