Լրահոս
Օրվա լրահոսը

Լիահույս ենք, որ  ազգային իղձերի վերահաստատումով  կարող ենք և պարտավոր ենք հաղթահարել մեզ ուղղված ծանրագույն սպառնալիքները․ ՀՅԴ

Հունվար 28,2024 11:50

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Հայոց պետականությանն  ու հայ ժողովրդին ուղղված գոյութենական լրջագույն սպառնալիքների ու ծանր փորձությունների մթնոլորտում է նշվում մեր երկրի անվտանգության ու պաշտպանության գլխավոր երաշխավորի՝ Հայոց Բանակի կազմավորման 32-ամյակը։

Արցախյան ազատամարտի բովում ծնունդ առավ մեր բանակը՝ դառնալով անկախ պետականություն,  անվտանգ ապագա կերտելու մեր  հավաքական երազանքների և աննահանջ կամքի երաշխավորը։

Հազարավոր հայորդիների  անմնացորդ նվիրումով ու խիզախումով, նրանց թանկ արյամբ նվաճեցինք հաղթանակներ, ամրագրեցինք մեր ազգային և պետական արժանապատվությունը։ Սակայն, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությունն ապահովող,  տարածաշրջանում ՀՀ-ն գործոն դարձրած Հայոց բանակը 2018 թ․ ցավալիորեն դավաճանվեց երկրում իշխանությունը զավթած խմբակի կողմից: Թիրախավորելով և վարկաբեկելով բանակը, հեղինակազրկելով զինված ուժերի սպայական կազմը, թուլացնելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը՝  հայ ժողովուրդն ու Հայոց պետականությունը  կանգնեցրին  կորուստերի և գոյութենական սպառնալիքների առջև: Ավաղ, սեփական հանցանքները բարդելով զինված ուժերի վրա՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը  շարունակում է իր անփառունակ և  պետականակործան ընթացքը:

Եվ, այնուամենայնիվ, լիահույս ենք, որ  ազգային իղձերի վերահաստատումով  կարող ենք և պարտավոր ենք հաղթահարել մեզ ուղղված ծանրագույն սպառնալիքները, ինչպես հայ ժողովուրդը կարողացել է անհնարինը դարձնել հնարավոր:

Խոնարհվելով Հայոց պետականության կերտմանն իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների շիրիմների առջև, ապաքինում մաղթելով Հայրենիքի պաշտպանության մարտերում վիրավորում ստացած բազմահազար մեր եղբայրներին և քույրերին, ազատություն մաղթելով քաղաքական հայածյալ դարձած և ապօրինաբար  ազատազրկված, հայրենիքին ծառայություններ մատուցած հարյուրավոր հայորդիներին, շնորհավորում ենք Հայոց Բանակի օրվա առթիվ։

Համոզված ենք, որ ներազգային համախմբվածությամբ ու մեր հավաքական կամքով ի զորու ենք վերականգնել Հայոց Բանակի հզորությունը,  ապահովելով Հայոց պետականության արժանապատիվ երթն ու Հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքը:

Տոնդ շնորհավոր, Հայոց Բանակ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031