Հունվարի 10-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հնչեցրած ռազմատենչ ուղերձները պարզկա երկնքում պայթած ամպրոպի ազդեցություն ունեցան: Ի՞նչ էր ճամարտակում փետրվարի 7-ին նախագահական արտահերթ ընտրությունների գնացող Ադրբեջանի բռնապետը: Ասել, թե իր երկրի զանգվածային լրատվամիջոցներին նրա տված հարցազրույցը զուտ նախընտրական քարոզարշավի ծիրում է՝ նշանակում է կամ նսեմացնել, չտեսնելու տալ հայտարարություններում առկա լրջագույն սպառնալիքները, կամ փորձել արդարացնել դրանց նախահարձակ բնույթին համարժեք արձագանքելու՝ սեփական անկարողությունը:
Այս մասով ծավալվելուց առաջ հակիրճ ներկայացնենք դավադիր հարեւանի ուղերձներում շարադրված հիմնադրույթները. ա/ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը ՀՀ-ի հետ սահմանը որեւէ այլ կետում չի բացի, բ/ Մարդիկ եւ բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պետք է հասնեն առանց ստուգումների (ասելով «Ադրբեջանից»՝ նկատի ունի Հայաստանը, որն, ըստ նրա, «Արեւմտյան Ադրբեջան» է- Գ.Բ.), գ/ Այն, որ մենք ուժեղ էինք, այսինքն՝ մեր հաղթանակը, թույլ է տալիս խաղաղության պայմանագրում ներառել պայմաններ, որոնք չեն վերաբերում ԼՂ-ին՝ մասնավորաբար «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր», դ/ Ադրբեջանը չի ընդունում խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքներն ամրագրելու՝ հայկական կողմի պահանջը:
Այսքանով Ադրբեջանի ներկայացրած պայմաններն, անշուշտ, չեն ավարտվում: Նա խոսել է սահմանագծման-սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրից զատ եւ իր ձեռքի տակ եղած քարտեզով իրականացնելու մասին, որտեղ Ադրբեջանի տարածքը նշված է 100 հազար քառ. կմ սահմաններում: Ալիեւը հայտնել է, որ մինչեւ հունվարի վերջ պետք է տեղի ունենա Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների նիստը, որտեղ քննարկվելու է «Ղազախ-Թովուզի (իմա՝ Տավուշ- Գ.Բ.) տարածաշրջանի» սահմանագծման հարցը: Նրա խոսքով՝ ադրբեջանական ութ գյուղերի թեման մշտապես օրակարգում է՝ այն քանիցս քննարկվել է ՀՀ վարչապետի հետ շփումների ընթացքում՝ այդ թվում դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում:
Ալիեւը շտապում եւ շտապեցնում է գյուղերի վերադարձման գործընթացը, իսկ այսպես կոչված՝ անկլավների հարցը, ըստ նրա, կարելի է լուծել հանձնաժողովների աշխատանքի արդյունքում: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ սահմանից զորքերի «հայելային» հետքաշմանը, որը ժամանակին առաջարկել էր Փաշինյանը, ադրբեջանական կողմը նման մտադրություն չունի: Ալիեւի պնդմամբ՝ ադրբեջանական զորքերը չեն հեռանա 2021-ի մայիսին եւ 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից. «Եթե այդ տարածքները սահման լինեին, եւ Հայաստանն այն ճանաչեր որպես այդպիսին, ապա կնշեր դրա մասին։ Բայց Հայաստանը եւս այն սահման չէր համարում։ Ուրեմն՝ նախ սահմանը պետք է որոշվի»,- նշել է թշնամի պետության առաջնորդը։
Կարդացեք նաև
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքների ամրագրման փոխարեն Ադրբեջանը նախընտրում է հայկական կողմի երաշխիքները, ինչի մասին ավելի վաղ Ալիեւն ակնարկել էր: Թե որոնք են Հայաստանից Բաքվի ակնկալած երաշխիքները, Փաշինյանը մի առիթով պարզաբանել է. Ադրբեջանը ցանկանում է հստակ երաշխիքներ տեսնել, որ ՀՀ-ի կողմից ռեւանշինզմ չի լինելու, եւ որ ՀՀ-ն լիովին ընդունում է ստեղծված իրավիճակը։ Փաշինյանն այդ մասին խոսել էր նաեւ անցած դեկտեմբերի 19-ին «Հ1»-ին տված հարցազրույցում՝ չխորանալով, սակայն, բուն նյութի մեջ, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի ղեկավարը հստակ երաշխիքներ ասելով:
Սահմանադրափոխություն՝ Ալիեւի պատվերով
Այժմ արդեն պարզ է, որ «հայկական ռեւանշի» մտավախություններում Ալիեւը հեռուն է նայում: Նրա անհանգստությունը գալիս է ՀՀ գործող օրենսդրությունից, որը, ըստ նրա, Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ է ներառում, իսկ նորմատիվ իրավական փաստաթղթերը, օրինակ 1990-ի սեպտեմբերի 21-ին ընդունված՝ ՀՀ անկախության հռչակագիրը, հղում են անում Հայաստանի եւ ԼՂ-ի միավորման մասին 1989-ի համատեղ որոշմանը: Ադրբեջանին ամենաշատն իրավական այս հենքի ուրվականն է հետապնդում, որը ենթադրում է դիպաշարեր, որոնց դեպքում, հնարավոր է, Հայաստանի ՍԴ-ն մերժի խաղաղության պայմանագիրը կամ, ասենք, գալիք նոր իշխանությունը վերարծարծի տարածքային պահանջների խնդիրը։
Ադրբեջանը, փաստորեն, սարսափում է ոչ թե Հայաստանի ներկայից, որն իր գրպանում է, այլ նրա ապագայից, երբ իրեն հլու-հպատակ ծառայող Փաշինյան անունն արդեն վերացած կլինի ՀՀ քաղաքական երկնակամարից: Եվ չի բացառվում, որ վերջինիս հետ արտերկրյա հանդիպումներից մեկի ժամանակ Ալիեւը ՀՀ օրենսդրական դաշտի՝ իր երկրի համար խիստ խնդրահարույց դրույթի մասին հիշեցրել է հայաստանցի պաշտոնակցին՝ նրան հորդորելով արագացնել ՀՀ «սահմանադրական զանցառության» շտկումը: Դատելով ներքաղաքական վերջին զարգացումներից` Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, կարծես թե, ձեռնամուխ է եղել թուրք-ադրբեջանական զույգի ուշադրության առանցքում գտնվող այդ խնդրի լուծման գործին:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում