Ես շատ ձիեր ու կենդանիներ ունեմ, 5 հատ շուն եմ պահում, եւս 10 «փողոցային շուն» եմ խնամում, ոչխարներ, էշեր, տարբեր թռչուններ եմ պահում։ Կենդանիներին միշտ Ապարանում եմ պահել՝ Արայի լեռան մոտ, ձմռանը, մի քանիսի հետ, այս ձիերին էլ բերել էի Դալմայի այգիներ, որ պաշտպանված լինեն, փոքր էին, գայլերը հարձակվում էին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց մի քանի օր առաջ Իսակովի պողոտայում վթարված ձիերի տերը՝ Դավիթ Կասոյանը։
Նրա փոխանցմամբ՝ դեպքից 3 օր առաջ Ապարան էր գնացել։ «Էնտեղ ձյունը եկել էր, գնացել էի էնտեղի կենդանիներիս մոտ, բայց քուռակներին էնպիսի պարանով էի կապել, որ անհնար է, որ իրենք իրենց կարողանային արձակել։ Ես և ագրեսիվ շուն ունեմ, և խելոք, ագրեսիվ շանն էնպես եմ կապում, որ ինչքան էլ փորձի հարձակվել, մեկ է չի արձակվի։ Հաստ պարաններ են, դրանցով անգամ մեքենաներ են քաշում, էդ պարանը կտրած է, բայց հնարավոր չի, որ ձին կարողանար կտրել, վզին կապած տեղից 1,5 մետրից է կտրած։ Այդ քուռակներն, ընդհանրապես, մարդու սովոր չեն։ Թե ո՞վ է կտրել պարանը, հետո բաց թողել՝ չգիտեմ, կամ էլ փորձել են գողանալ, բայց ձեռքներից փախչել է, չգիտեմ ինչպես է եղել, բայց ձին չէր կարող ինքը կտրել։ Ամբողջ կյանքս կենդանիների մեջ եմ, երբեք իմ կապածը չի արձակվել։ Ոչ մեկ տեղյակ չի եղել, որ արձակվել են ձիերը»,- սրտնեղած ասել է Դավիթը։
Նրա փոխանցմամբ՝ կատարվածի մասին տեղեկացել է հեռախոսազանգի միջոցով, իսկ երբ հասել է՝ չի կարողացել մոտենալ վիրավոր ձիուն։
«Հեռվից տեսա, որ արնաքամ է լինում։ Խիղճս չի տարել մոտենամ, չկարողացա, ասել եմ, որ իրավապահներն անեն, ինչ կարող են։ Ինձ համոզում էին, որ մոտենամ, բայց չկարողացա, իմ պահած քուռակն է։ Ինձ համար էնպիսի կորուստ էր, կարծես տան անդամին կորցրած լինեի»,- նշեց Դավիթն՝ ավելացնելով, որ ձիուն տեղափոխելուց հետ իրեն զանգել, հարցրել են, թե ինչ անեն՝ մորթեն, թե քնացնեն, ինչին էլ պատասխանել է, որ չի ուզում իմանալ՝ ինչ են անելու։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում