Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:
Մատենադարանում է պահվում Ավետիս երեց Երևանցու կողմից 1693-ին գրչագրված արժեքավոր մի ձեռագիր, որն ավանդույթի ուժով Սուրբ Սարգիս զորավարի տոնին տարվում է Սբ. Սարգիս եկեղեցի՝ ի վայելումն աղոթասեր հոգևորականների և բարեպաշտ հավատացյալների:
Կարդացեք նաև
Ձեռագիրը գրվել և նկարազարդվել է Աննա անունով մի բարեպաշտ կնոջ պատվերով՝ իր վաղամեռիկ որդի Դանիելի հիշատակին: Ձեռագրի հիշատակարանում Ավետիս երեցը թվարկում է Երևան քաղաքի Սուրբ Կաթողիկե, Սուրբ Երկուերեսնի, Սուրբ Սարգիս և Սուրբ Հակոբ եկեղեցիների անունները: Դժվար է ասել, թե Ավետիս երեցը հատկապես ո՞ր եկեղեցուն կից է գրչագրել Ավետարանը, ուստի ձեռագրի ստեղծման պատմությունը վերագրվում է նրանցից յուրաքանչյուրին:
Մատենադարանում գտնվող ձեռագրերում հաճախ կարելի է հանդիպել Սուրբ Սարգսի նկարազարդ պատկերը՝ նիզակը ձեռքին, որդու՝ Մարտիրոսի հետ:
Սուրբ Սարգիսը հիշատակվում է որպես 4-րդ դարում քրիստոնեության համար պայքարած ու նահատակված զորավար: Նրա մեծարումը Հայաստանում տարածվել է դեռևս 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքներն ամփոփել է Կարբի ավանում և դրանց տեղում հիմնել Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցին և համանուն վանքը:
Զորավարը, որ կարգված է Արևելքի քրիստոնեական աշխարհի սրբերի դասին, հայոց բանակի հովանավորն է համարվում, գերիների ազատարար սուրբը, վերջին շրջանում հռչակվել է նաև սիրո բարեխոս, ընտանիքների ու հղի կանանց մուրազատու սուրբ:
Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Երիտասարդները տոնին աղի բլիթ են ճաշակում, հավատով, որ ապագա կողակցից երազում ջուր կստանան:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ