Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի էջը փակված չէ». ցույցեր եւ հավաքներ՝ Եվրոպայի 55 քաղաքներում

Հունվար 27,2024 19:09

Հունվարի 27-ին  եւ 28-ին եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը կազմակերպում է միջոցառումների շարք՝ հաջակցություն Արցախի Հանրապետության բնիկ հայ բնակչությանը։ Դրանք նախատեսված են Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում եւ Միացյալ Թագավորությունում:

Ինչպես Նիցցայից Aravot.am-ին փոխանցեց Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համադրող խորհրդի (CCAF) անդամ Արմեն Սերոբյանը, սա առաջին ձեռնարկն էր իրենց քաղաքում: Նրա խոսքով, տեղի խոշոր հրապարակներից մեկում առավոտյան 11:30-ին հավաքվել են շուրջ 300 հայեր եւ հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Արցախի ժողովրդին, ադրբեջանական բանտերում գտնվող մեր հայրենակիցներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, հավաքին մասնակցել է Նիցցայի առաջին քաղաքապետը, ներկա են եղել կուսակցական, քաղաքական գործիչներ:

Արմեն Սերոբյանի խոսքով՝ նրանք հայտարարել են՝ « Այսօր բոլորս հայ ենք»: Նաեւ խոստացել են հետամուտ լինել արցախցիների իրավունքների պաշտպանությանը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համադրող խորհրդի անդամից տեղեկացանք, որ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը գործում է Ֆրանսիայի 25 քաղաքներում, որտեղ նույնպես նման ձեռնարկներ են իրականացվելու:

«Եվրոպացիները հանուն Արցախի» համակարգող հանձնախմբի անդամ, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Սարինե Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում հետեւյալը փոխանցեց. «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը միտված է համախմբելու եւ զորաշարժելու Եվրոպայում բնակվող հայերին, նաեւ Արցախի եվրոպացի բարեկամներին:

Այս միջոցառումները, որոնք տեղի են ունենում հունվարի 27-ից սկսյալ՝ Եվրոպայի 55 քաղաքներում, հայ ժողովրդին նախ եւ առաջ հուսալքությունից դուրս բերելու, պայքարելու կամքը, վճռականությունը արթնացնելու եւ վառ պահելու նպատակ են հետապնդում: Նաեւ Եվրոպայի քաղաքական շրջանակներին ցույց տալու, որ Արցախի էջը փակված չէ, եւ Եվրոպայում հայկական սփյուռքի ներուժը պետք է վերակազմակերպել, նպաստել հայկական լոբբինգը՝ Եվրամիությունում հզորացնելուն:

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը միջոց է այս աշխատանքները խթանելու համար եւ մեր ձայնն ավելի լսելի դարձնելու Եվրամիության ատյաններում եւ Եվրոպայի տարբեր երկրների կառավարության մոտ:

Եվրոպայի քաղաքացիներն այս հավաքների եւ տարբեր այլ գործողությունների միջոցով իրենց ազգային կառավարություններից, ինչպես նաեւ ԵՄ ղեկավար մարմիններից պահանջելու են՝ դատապարտել Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումները եւ ցեղասպան քաղաքականությունը, անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, օգտագործել իրենց բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, բոլոր լծակներն օգտագործել միջազգային երաշխիքներ ապահովելու նպատակով, որպեսզի արցախահայությունն իր հայրենիք վերադառնա միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակով:

Նաեւ նպատակն է Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որպեսզի բացառվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում, ինչպես նաեւ Հայաստանին տրամադրել օգնություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալու նպատակով»:

Հավելենք, որ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման առաջին նախաձեռնությունը նամակն էր՝ ուղղված ԵՄ ղեկավարությանը՝ Արցախի հայ բնակչությանն աջակցելու նպատակով։ Նամակը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական ասոցիացիաներ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Արմեն Սերոբյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031