Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է Ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցերի: Քաղաքացիներից մեկին, օրինակ, հետաքրքրում էր, թե պարոն Աշոտյանն ի՞նչ միջոցներ է առաջարկում ձեռնարկել՝ տարհանված անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Իր լիարժեք համերաշխությունը հայտնելով արցախցիներին՝ Արմեն Աշոտյանը նշել է. «Երբեք չեմ մոռանա, որ դեռեւս շրջափակված Արցախից բազմաթիվ իմ հայրենակիցներ Հայաստանում ապրող իրենց բարեկամների միջոցով փորձում էին հանձնուք ուղարկել ինձ։ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պետք է կազմակերպվի 3 հիմնական օղակների միջոցով` Արցախի իշխանություններ, Հայաստանի իշխանություններ եւ Սփյուռքի մեր հայրենակիցներ։
Եթե հատ-հատ վերլուծենք այս օղակների աշխատանքը, ապա ցավով կարձանագրենք հետևյալը։ Արցախի իշխանությունները խիստ կաշկանդված են և պառակտված, արցախցիների զգալի մասը կամ դեռ սթրեսի մեջ է, կամ կախյալ է Փաշինյանի ռեժիմից, կամ վախեցած է, կամ բազում սոցիալական խնդիրների բեռի տակ է։ Հայաստանի իշխանությունները սոցիալական իրավունքների իրացման համար չնչին գումարներով կարթ են գցել կենցաղային բազում պրոբլեմների տակ ճկռած մարդկանց մեջ, մյուս կողմից ռեպրեսիվ գործիքներ են կիրառում իրենց ձայնը բարձրացնող արցախցիների նկատմամբ, գլոբալ առումով շահագրգիռ են արցախցիների տարրալուծման մեջ։ Չկա Արցախ, չպիտի լինի արցախահայություն` սա է Փաշինյանի մոտեցումը։
Հայաստանի ռեժիմը փաստացի խրախուսում է արցախցիների արտագաղթը Հայաստանից, որը խիստ անհանգստացնող ծավալների է հասնում։ Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա մեր հայրենակիցները դեռ գտնվում են խորը հիասթափության եւ ապատիայի մեջ, որը սկսվեց 2020-ի Նոյեմբերի 9-ից եւ խորանում է առ այսօր։ Նման հոգեվիճակը ձեռնտու է Նիկոլին, որը միայն միտումնավոր խորացնում է ճգնաժամը։ Ի մի բերելով այս ամբողջը` պետք է փաստել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար առաջնահերթ է իշխանազրկել Փաշինյանին, եւ արցախահայերը չեն կարող անմասն մնալ այդ պայքարից»։
Ֆեյսբուքյան օգտատերերից Սառա Մելքոնյանին հետաքրքրում էր, թե Արմեն Աշոտյանն ի՞նչ կանխատեսումներ ունի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հետ կապված:
Կարդացեք նաև
«Նիկոլը կհեռանա այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը վերագտնի իր արժանապատվությունը եւ բարոյականությունը։ Փաշինյանի նման վարչապետին հանդուրժելը վիրավորանք է եւ խարան հայերի համար։ Երբ հանգուցալուծվի մեր ազգային բարոյականության ճգնաժամը, Փաշինյանին հեռացնելը մի քանի շաբաթվա հարց կլինի։ Իհարկե, Նիկոլին կարող են փոխել նաև դրսից, բերելով հերթական կամակատարին։ Բայց արդյոք դա պե՞տք է հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը ինքը պիտի լինի իր Հայրենիքի տերը։ Իսկ թե ինչերի են ընդունակ նրա վզին դրսից փաթաթված դրածոները, վկայում են Եռաբլուրը եւ հայաթափված Արցախը, Շուռնուխը եւ Տավուշի սահմանամերձ գյուղերը, իշխանավորների դղյակները և պարալիզացված բանակը»,-պատասխանել է Արմեն Աշոտյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ