Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմազան թեմաներ են, բայց բոլոր աշխատանքների հիմքում հայրենիքն է». Նկարիչների միության նախագահը՝ Վահան Քոչարի մասին

Հունվար 27,2024 16:30

Հայաստանի նկարիչների միության շենքում բացվել է Վահան Քոչարի առաջին հետմահու ցուցահանդեսը՝ «Գեղանկարիչը` ոսպնյակից այն կողմ» խորագրով։ Այն յուրատեսակ հարգանքի տուրք է Քոչարի գեղարվեստական ժառանգությանը: Ցուցահանդեսը վայելելու հնարավորություն ունենք մինչեւ հունվարի 31-ը:  Վահան Քոչարի գեղանկարների հավաքածուները ներառում են տարվա չորս եղանակները ներկայացնող գործեր, աբստրակտներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաեւ որմնանկարներ՝ ոգեշնչված հայկական եկեղեցիներից:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ներկայացրեց, թե ինչով է առանձնահատուկ այս ցուցահանդեսը, նաեւ բնորոշեց Վահան Քոչարին իբրեւ հրաշալի արվեստագետ, նկարիչ եւ լուսանկարիչ:

«Հունվարի 25-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Վահան Քոչարի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Շատ դժվար է ասել հետմահու ցուցահանդես, որովհետեւ Վահան Քոչարը միշտ կա, մեզ հետ են իր գեղանկարչությունն ու լուսանկարչությունը, իր թողած ժառանգությունը՝ գրքերի տեսքով: Ես ծանոթ  եմ եղել նրա հետ: Շատ բարձր եմ գնահատում իր արած աշխատանքը՝ թե լուսանկարչության մեջ, թե իր թողած ժառանգությունը պահպանելու եւ հանրությանը ներկայացնելու առումով: Վահան Քոչարը մի շարք գրքերի հեղինակ է, նաեւ հետաքրքիր գեղանկարչություն ունի, որը մեզ մոտ ցուցադրվում է… Բազմազան թեմաներ են, բայց բոլոր աշխատանքների հիմքում հայրենիքն է»,-ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահը:

Խնդրեցինք որեւէ հետաքրքիր դրվագ պատմել Վահան Քոչարի հետ կապված: Սուրեն Սաֆարյանը նշեց, որ Վահան Քոչարի հետ ծանոթացել է, երբ աշխատում էին իր պապի՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի հոբելյանական պատկերագրքի վրա. « 15-20 տարի առաջ մենք տպարանում հանդիպեցինք, նա տեսավ Սուրեն Սաֆարյան գրվածքը, հարցրեց, թե ով եմ ես: Ինքն ուրիշ գործով էր եկել, բայց վարակվեց իմ գործով,  խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է անել, որ գիրքն ավելի շահեկան լինի, գրագետ կազմվի: Մեկ օր անցկացրինք տպարանում: Շատ հետաքրքիր էր իր հետ շփվելը: Այդ օրվանից սկսած՝ բազմիցս հանդիպել ենք տարբեր ցուցահանդեսների եւ միջոցառումների ժամանակ: Բացի հրաշալի արվեստագետ լինելուց նա նաեւ հիանալի մարդ էր»:

Հավելենք, որ Վահան Քոչարը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Բեյրութում, Մոսկվայում, Սալոնիկում, Լոնդոնում եւ այլուր: Նա 1998թ «Թանգարան» գրքի համար Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի, 2002-ին Ռազմիկ Դավոյանի «Ոգեղեն հաց» գրքի համար՝ հայ գրահրատարակիչների մրցանակի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031