Նա բավականին լուրջ ծառայություններ է մատուցել հայկական շախմատին: Սակայն, որպես կանոն, գերադասել է աննկատ մնալ: Գուցե բնավորության այդ գծի համար շատերը քիչ բան գիտեն շախմատի միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի մասին:
Այսօր այդ բացը փորձեցինք լրացնել Արմենի ավագ գործընկեր, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի օգնությամբ, որին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար իրենց մրցամարտի գլխավոր մրցավար ընտրել են անձամբ Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը, ինչպես նաեւ Բորիս Գելֆանդը: Աշոտ Վարդապետյանը եղել է նաեւ Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտի ղեկավարը: Այնպես որ, նրա խոսքը Արմեն Նիկողոսյանի մասին հեղինակավոր է, առավել եւս, որ Աշոտ Վարդապետյանը բավականին լումա ունի ներդրած Արմեն Նիկողոսյանի կարիերայում:
«Արմեն Նիկողոսյանի մասին կարելի է ե՛ւ հակիրճ խոսել, ե՛ւ երկար: Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերել է շախմատին: Ամենակարեւորը, որ կարող եմ ասել, Արմենը հայկական շախմատի լավագույն մասնագետներից էր: Մի քանի տարի եղել է շախմատի դպրոցի տնօրենը: Իրեն լավ էր դրսեւորում նաեւ շախմատային ժուռնալիստիկայի ոլորտում: Եվ քանի որ միշտ աշխատում էր իր շախմատային գիտելիքները հարստացնելու վրա, հաջողության հասավ նաեւ մրցավարության մեջ՝ հասնելով մինչեւ միջազգային կարգի մրցավարի կոչման: Այդ կարգավիճակում Արմենը մի քանի միջազգային մրցաշարեր է անցկացրել ինչպես Երեւանում, այնպես էլ դրսում:
Արմեն Նիկողոսյանը նաեւ լավ կազմակերպիչ էր: Նա բավականին լուրջ աշխատանք կատարեց 1996 թվականին, երբ Հայաստանում անցկացվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան: Այդ ժամանակ Արմեն Նիկողոսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հանձնարարությամբ իրականացնում էր ՖԻԴԵ-ի համաժողովի ամբողջ նախապատրաստական աշխատանքը: Իսկ երբ ՀՇՖ մրցավարական հանձնաժողովի նախագահն էր, երկու անգամ սեփական նախաձեռնությամբ անգլերենից հայերեն է թարգմանել ՖԻԴԵ-ի շախմատային օրենսդրությունը:
Կարդացեք նաև
Թերեւս այսքանն էլ բավարար է Արմեն Նիկողոսյանի նկարագիրը ներկայացնելու համար: Ու պատահական չէ, որ կյանքից անժամանակ հեռանալուց հետո մինչեւ այժմ էլ Հայաստանի շախմատային աշխարհը հիշում է նրան»,- ասաց շախմատի հեղինակավոր մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ