Լրահոս
Օրվա լրահոսը

Բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և ջութակահար Անդրես Գաբետտան՝ Երևանում

Հունվար 27,2024 12:05

Հայաստանում սպասված ու սիրված ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և ջութակահար Անդրես Գաբետտան Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի հետ ներկայացրին «Տարվա եղանակները» խորագրով համերգային ծրագիրը։ Երաժիշտներն այն կատարել են տարբեր երկրներում: Ծրագրի հիմքում Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» և Աստոր Պիացոլլայի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» ստեղծագործություններն էին՝ Ռոբերտո Մոլինելլիի մշակմամբ:

Երեկոն մեծ ընդունելության արժանացավ, լեփ-լեցուն դահլիճը չդադարող ծափերով էր ուղեկցում երաժիշտների կատարումները։

Ունկնդիրը սիրում է Վիվալդիի «Տարվա եղանակները», ո՞րն է դրա գաղտնիքը։ Անդրես Գաբետտան նկատում է, որ այդ ստեղծագործությունը լի է էմոցիաներով, ահա թե ինչու է այն ժամանակի մեջ միշտ սիրված։ Վիվալդին մեծ տաղանդ է, նա գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, անդրադարձել է բազմաթիվ պոպուլյար թեմաների, ինչն էլ հաջողություն է բերել նրա երաժշտությանը։ Վիվալդին, ըստ երաժշտի, ունի իր յուրահատուկ ձեռագիրը։ Գաբետտան նշում է, որ որպես ջութակահարի՝ իր համար հատկապես հոգեհարազատ է «Տարվա եղանակների» «Աշունը»։ Անդրես Գաբետտան երեկոյի ընթացքում հանդես եկավ և՛ որպես ջութակահար, և՛ որպես դիրիժոր։ Նրա խոսքով, իհարկե, կատարողական որոշ բարդություն դրանում կա, բայց նաև մեծ բավականություն է ստանում համերգի ընթացքում այդ երկուսը համադրելիս։ Գաբետտան նաև նշում է, որ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի առաջարկով է եկել Հայաստան, ով մշտապես հիացմունքով է արտահայտվել հայ ունկնդրի վերաբերյալ։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ նա ընդգծում է, որ այստեղ հիանալի երաժիշտներ են աշխատում՝ լի կյանքով ու երաժշտությամբ, այնպես որ՝ ինքը շատ ուրախ է լինել Երևանում ու հանդես գալ Սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, բազմաթիվ անգամներ է ելույթ ունեցել Երևանում՝ միշտ լեցուն դահլիճներում իր զգացմունքային կատարումներով հիշարժան պահեր պարգևելով ունկնդրին ու արժանանալով լավագույն ընդունելության։ Պիետրոդարկին իր այս այցելությունը համարում է հատուկ և ընդգծում՝ ուրախ է, որ հանդիսատեսը կրկին ունկնդրեց իր գործիքի հնչյունները, ինչպես նաև Վիվալդիի ու Պիացոլլայի ստեղծագործությունները մի երեկոյի ընթացքում։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031