Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի, որ ներկայացված լինեին նաեւ հայաստանյան գիտելիք արտադրողները»

Հունվար 27,2024 12:00

Հարցազրույց «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, «Անտարեսի» գործունեության ավելի քան 30 տարիների ընթացքում, մեր դիտարկմամբ՝ առաջին անգամ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ղեկավարած պատվիրակության կազմում պաշտոնական այցով դուք էլ էիք մեկնել Գերմանիա՝ որպես արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ։ Վստահ ենք, որ շատերին կզարմացնի ձեր նոր ստանձնած այս «դերը»։

– Այդ պաշտոնում ընտրվել եմ հինգ տարի առաջ, որպես փոխնախագահ իմ երկրորդ պաշտոնական այցն էր։  Առաջինը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում եղել եմ Լիտվայում։ Նշեմ, որ կոնկրետ այս այցը շատ տպավորիչ էր եւ խոստումնալից։ Առաջին օրը կայացավ հանդիպում Գերմանիայի Դաշնության գործարարների արեւելյան ասոցիացիայի ղեկավարության հետ, որին մասնակցում էին Գերմանիայի բիզնեսի տարբեր ոլորտների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ հայտնի գործարարներ։ Վահան Քերոբյանը հանգամանալի ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը եւ կառավարության այն ծրագրերը, որոնք կարող են խթանել արտասահմանյան ներդրումները Հայաստանում։ Ինչպես նաեւ ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։

– Ո՞րն էր պաշտոնական այցի շրջանակներում ձեր՝ հրատարակչի, գրքի բիզնեսով զբաղվող մարդու դերակատարումը։

– Ցավոք, գրքի հրատարակումը Հայաստանում դեռ բիզնես չէ։ Իսկ ես գործարար եմ պոլիգրաֆիայի, գովազդի, առողջապահության, կրթության եւ 2023-ից՝ գյուղատնտեսության ոլորտներում։

– Գյուղատնտեսությա՞ն…

– Զարմանալու ոչինչ չկա։ Երբ 1990-ականների սկզբներից հողը սեփականաշնորհվեց, տրվեց գյուղացուն, պետությունը կարողացավ դիմագրավել այն բոլոր մարտահրավերները, որոնք տեղի ունեցան այդ ժամանակահատվածում եւ, ամենակարեւորը՝ հաղթանակով դուրս եկավ։ Այլ հարց է, որ մեր գյուղատնտեսությունը կարիք ունի դառնալ ժամանակակից, նորարարական եւ տեխնոլոգիապես հարուստ։ Այսօր արդյունաբերության մեջ կայացած բազմաթիվ գործարարներ շատ լուրջ ներդրումներ են անում գյուղատնտեսության ոլորտում։ Ե՞րբ էիք տեսել, որ ամենահամով ծիրանը բերք տա Վարդենիսում… Հայաստանում գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղներն աճեցվում են։ Արդեն լուրջ ներդրումներ կան անասնաբուծության մեջ։ Սյունիքում, Լոռիում, Շիրակում ստեղծվել եւ գործում են նորարարական անասնաբուծական ընկերություններ։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանից խխունջ են արտահանում… Գյուղատնտեսության բնագավառում հիմնվել են գիտահետազոտական կենտրոններ, որոնք կարողացել են իրենք ստեղծեն նոր տեխնոլոգիաներ, որտեղ սննդի արդյունաբերության թափոնները վերամշակվում են՝ դառնում պարարտանյութ, հումք եւ այլն՝ տարբեր բնագավառների համար։ Մեր խնդիրներից մեկն այն է, որ այդ հետազոտությունների արդյունքները տարածվեն երկրով մեկ։ Գերմանիա այցելելու երկրորդ օրը հանդիպեցինք միջին բիզնեսի ասոցիացիայի ղեկավարության հետ եւ նույնպես ներկայացրինք Հայաստանում ներդրումների համար ստեղծված բարենպաստ պայմանները։

– Գանք գրքի բիզնեսին. Հայաստանում այս ոլորտում պայմանները ներդրումների համար բարենպա՞ստ են։

– Քանի դեռ պետությունը, արդեն 30 տարի շարունակաբար, հարկատուի փողով միջամտում է գրքի բնագավառում առաջարկ ստեղծելուն, ինչով խաթարում է մրցակցությունը եւ ոչ մի լումա չի դնում պահանջարկ ստեղծելու համար, գրքի գործը բիզնես չի դառնա։

– Իսկ պարտադի՞ր է, որ գրքի գործը բիզնես դառնա։

– Պարտադիր է։ Որեւէ ոլորտի առաջին պայմանը սպառողի առկայությունն է, իսկ Հայաստանի բնակչության անգամ մեկ տոկոսը գիրք չի գնում։ Եվ քանի որ մենք ավելի քան 3000 գրադարան ունեցող երկրից վերածվել ենք 35 գրադարան ունեցող երկրի եւ այդ 35-ն էլ սարսափելի վատ են ֆինանսավորվում, սա բիզնես լինել չի կարող։ Բայց սա մեդալի մի կողմն է։ Մյուս կողմն էլ նայենք: Հայաստանցին որտեղի՞ց խոր գիտելիք ստանա, եթե չի կարդում։ Չէ՞ որ իմաստին հասնելու համար հենց կարդալ է պետք։ Ի՞նչ ունենք արդյունքում. ունենք մակերեսային գիտելիք ունեցող զանգված։ Մեր բոլոր պարտությունները, ի վերջո, միայն մակերեսային գիտելիքներ ունենալու հետեւանքներ են։ Եթե ուզում ենք այդ արատավոր շրջանից դուրս գալ, մեր տուրքը պիտի տանք գիտելիքի բնագավառին։ Անձամբ ես հանրակրթությունից մեծ հույսեր չունեմ եւ միայն ապավինում եմ ինքնակրթությանը, իսկ դրա համար գիրք կարդալ է պետք։

– Գերմանիայում էիք, մի երկիր, որտեղ համարյա բոլոր ոլորտները կատարյալին մոտ են։ Կայացած բանակցությունները որեւէ արդյունք կտա՞ն՝ հօգուտ մեզ։

– Այդ օրերին Բեռլինում ընթանում էր «Կանաչ շաբաթ» տոնավաճառը, որտեղ ներկայացված էր հայաստանյան 35 ընկերություն։ Համեմատության համար ասեմ, որ Վրաստանից 17 ընկերություն էր, իսկ Ադրբեջանից՝ 5։

– Ուզում եք ասել, որ ձեր նշած թվերը խոսում են մեր երկրի առաջընթացի՞ մասին։

– Ինչո՞ւ ոչ։ Եվս 35 հայաստանյան ընկերություն իր ապրանքների, ծառայությունների համար, վստահ եմ, կգտնի օտարերկրյա գործընկերներ։ Ի վերջո, պետությունները կայանում են կաթիլ առ կաթիլ։ Կուզեի, որ բացի, ասենք, գյուղմթերք արտադրողներից, այնտեղ ներկայացված լինեին նաեւ հայաստանյան գիտելիք արտադրողները։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ՝ Գերմանիա Հայաստանի պաշտոնական պատվիրակության այցից։

«Առավոտ» օրաթերթ
26.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031