Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի պարտավորությունները մնում են, շարունակելու է լինել մոնիտորինգի տակ՝ այդ թվում ԵԽԽՎ-ում». Ռուբեն Ռուբինյան

Հունվար 27,2024 13:30

Ի՞նչ իրավիճակ է ստեղծվում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ-ից հեռացվելուց հետո։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Վեհաժողովը չվավերացրեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Վեհաժողովը ձայների 76 «կողմ», 10 «դեմ», 4 «ձեռնպահ» հարաբերակցությամբ կողմ քվեարկեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի եզրակացության հիման վրա քվեարկության դրված բանաձեւին: Սա նշանակում է, որ Ադրբեջանն առնվազն մեկ տարով դուրս կմնա ԵԽԽՎ-ից։

Ադրբեջանին պատժելու հարցով ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի շրջանում կար կոնսենսուս, բացի պահպանողականների խմբից, որի խոսնակ, ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոն հայտարարեց, որ սպասում են ադրբեջանական պատվիրակության անդամներին այս Վեհաժողովում։

Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Մոգենս Յենսենը, հղում կատարելով փոփոխությանը՝ ըստ որի բանաձեւում առաջարկվում է ավելացնել այն, որ Ադրբեջանի պատվիրակությունը կարող է վերսկսել իր գործունեությունը Վեհաժողովում, երբ Կանոնակարգով նախատեսված պայմանները բավարարվեն, հայտարարեց. «Կարծում եմ՝ կարեւոր է ադրբեջանական պատվիրակության համար դուռը բաց թողնելը, որ եթե բարելավում լինի ԵԽ հիմնարար սկզբունքների եւ դրանից բխող պարտավորությունների կատարման առումով, վերականգնվի նրա անդամակցությունը մեր կազմակերպությանը, եւ համագործակցությունը վերսկսվի»։

Եվրոպական միասնական ձախերի խմբի խոսնակ Փոլ Գավանը շեշտեց՝ երբեք էլ լավ չէ կորցնել անդամ պետության ներկայացուցչությունը, բայց այս պարագայում դա անհրաժեշտ է ու ասաց. «Հուսանք՝ Ադրբեջանը լավ կլսի այս ամենը եւ կաշխատի այս Վեհաժողով վերադառնալու ուղղությամբ, կաշխատի այնպես, որ հարգի այն սկզբունքները, որոնք այս վեհաժողովը պաշտպանում է»։

Սոցիալիստների խմբի խոսնակ, ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը չվավերացնելու նախաձեռնության հեղինակ Ֆրանկ Շվաբեն էլ նշեց, որ եթե մենք այս ամենը հանդուրժենք, նշանակում է՝ բացում ենք Պանդորայի արկղը. «Եվ միայն Ադրբեջանը չէ. մենք պատասխանատու ենք 45 անդամ երկրների համար։ Եվ գիտեք՝ ինչով կարող էր այս ամենն ավարտվել՝ երկրներն իրենք կսկսեին որոշել՝ որ առաքելությունն են հավանում, որ զեկուցողին եւ այլն։ Եթե մենք թույլ տանք, որ սա կատարվի Ադրբեջանի պարագայում, ապա ի վերջո բոլոր երկրներում էլ դա կարող է տեղի ունենալ»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ի արձագանքը համարժեք է համարում։ «Առավոտի» հարցին՝ սա ինչ-որ առումով ադրբեջանական պատվիրակության համար արդարացում չի՞ լինի, որ խուսափեն պատասխանատվությունից՝ նշելով, որ ներկա չեն Վեհաժողովում, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Բայց իրենք նախկինում էլ առանձնապես պատասխանատու վարվելակերպ չէին դրսեւորում։ Այդ առումով չեմ կարծում՝ որեւէ փոփոխություն կլինի»։

Հարցին՝ հետագայում ի՞նչ զարգացումներ սպասել եւ արդյոք ԵԽԽՎ-ի՝ այս որոշման դեպքում մեծ դերակատարություն չունե՞ր նաեւ այն, որ ադրբեջանական կողմը չէր հրավիրել ԵԽԽՎ-ին դիտարկելու փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունները, ԵԽԽՎ-ն փաստորեն իր հեղինակությո՞ւնն է փրկում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Այս որոշման պատճառները մի քանիսն էին, որոնք բոլորը կարելի է խմբավորել հետեւյալ բառակապակցության տակ, որ Ադրբեջանը չէր կատարում  իր կանոնադրական պարտավորությունները եւ չէր համագործակցում ԵԽԽՎ-ի հետ։ Դրա մեջ մտնում է ինչպես ընտրություններին դիտորդներ չհրավիրելը, այնպես էլ տարբեր հարցերով  զեկուցողներին երկիր չթողնելը, այդ թվում՝ նաեւ Լաչինի միջանցք չթողնելով այդ հարցով զեկուցողին, ԼՂ-ի հայության էթնիկ զտումը, ռազմական գործողությունները։ Այդ ամենը միասին այս որոշման պատճառներն էին»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում հայկական պատվիրակության աշխատանքը Վեհաժողովում, այն դեպքում, երբ բոլոր խախտումների հասցեատեր կողմը ներկա չի լինելու, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց. «Դա մեզ համար ոչինչ չի փոխում. ինչպես աշխատել էինք, այնպես էլ շարունակելու ենք աշխատել»։

Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ ըստ ընթացակարգի՝ եթե մինչեւ մեկ տարի Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, եւ նրան չվերադարձնեն ԵԽԽՎ, մեկ տարի հետո ի՞նչ է տեղի ունենալու, ո՞րն է ընթացակարգը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ընթացակարգը հետեւյալն է՝ ամեն տարի հունվարին բոլոր պատվիրակությունների լիազորությունները հաստատվում են, այդ թվում՝ մերը։ Երբ վիճարկվում են որեւէ պատվիրակության լիազորություններ, պատրաստվում է բանաձեւ եւ ըստ այդ բանաձեւի՝ լիազորությունները կամ հաստատվում են, կամ՝ ոչ, կամ հաստատվում են մասնակի։ Մենք ականատես եղանք, որ Ադրբեջանի լիազորությունները չհաստատվեցին։ Սա նշանակում է, որ առնվազն մեկ տարով իրենք ԵԽԽՎ-ից դուրս են մնում։ Մյուս տարի՝ հունվարին, երբ կրկին բոլորի լիազորությունները ներկայացվում կամ հաստատվում են ավտոմատ, կամ եթե վիճարկվում են, կրկին նույն գործընթացն է։ Դա արդեն որոշումից է կախված՝ վիճարկում լինելու կամ չլինելու փաստից եւ այլն»։

Ռուբեն Ռուբինյանին խնդրեցինք հստակեցնել՝ այն, որ Ադրբեջանը չի լինելու ԵԽԽՎ-ում, դա, միեւնույն է, չի նշանակում չէ՞, որ նա կարող է խուսափել պատասխանատվությունից՝ օրինակ՝ կատարելու ՄԻԵԴ-ի որոշումները եւ այլն։ Ռուբեն Ռուբինյանը շեշտեց. «Ադրբեջանը Եվրոպայի խորհրդից չի հեռացվել, խոսքը ԵԽ խորհրդարանական վեհաժողովի մասին է, որի աշխատանքներից Ադրբեջանը բացակայելու է առնվազն մեկ տարի։ Այսինքն՝ պարտավորությունները մնում են, երկիրը  շարունակելու է լինել մոնիտորինգի տակ՝ այդ թվում ԵԽԽՎ-ում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031