Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան․ «Ալիեւի հայտարարություններն իրենց մեջ վտանգ պարունակում են, բայց մենք ավելի մեծ վտանգ ենք պարտավոր տեսնել»

Հունվար 26,2024 22:11

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը շարունակելով «Հայելի» ակումբում իր հետ միասին հյուրընկալված Նաիրա Զոհրաբյանի միտքը, թե Նիկոլ Փաշինյանն անոնսեց սահմանադրական փոփոխությունները, ինչը ակնհայտ է դարձնում, որ գարնանը երկիրը մտնելու է ընտրական փուլի մեջ, եւ ինչ է մտադիր անել, որպեսզի Հայաստանի Երրորդ Հանրապետության «դագաղը վերջնականապես դրվի տարածաշրջանի սեղանին», ասաց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության «դագաղը» դրվել է 2018 թվականին։ Համաձայնելով, որ Ալիեւի հայտարարություններն իրենց մեջ վտանգ պարունակում են, նա կարծիք հայտնեց, որ մենք ավելի մեծ վտանգ ենք պարտավոր տեսնել։

Ու ընթերցեց հնչեցված  հայտարարություններից մեկը․ «Պատմությունը ցույց է տվել, որ երբեմն կարող ես հաղթել՝ պարտվելով։ Ասեք՝ սա ի՞նչ է նշանակում։ Լավ, ասենք, ես, մենք անգրագետ մարդիկ ենք։ Ո՞ր գիտնականը կարող է բացատրել, թե ինչ է նշանակում՝ կարող ես հաղթել՝ պարտվելով»,-հարցրեց Գեւորգ Պետրոսյանը, որին զարմացնում է, թե իր հասցեին արած վիրավորական արտահայտություններից հետո Փաշինյանը ինչպե՞ս է կարողանում գնալ, Ալիեւի  ձեռքը սեղմել, տարածքներ խոստանալ։

«Նա խախտել է քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ։ Միայն մի հոդված ասեմ․պետական դավաճանությունը՝ քրեական օրենսգրքի 418 հոդվածով, որովհետեւ նա անցել է թշնամու կողմը։ Նա իր խայտառակ թիմով ոչինչ Հայաստանի Հանրապետության համար չի անում։ Նա ինչ որ անում է, ինչ որ հայտարարում է, անում է հանուն Ադրբեջանի»,-ասաց իրավաբանը։

Գեւորգ Պետրոսյանն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում լայն կիրառում ստացող ազատ խոսքի, կարծիք արտահայտելու համար վարույթ հարուցելու պրակտիկային, ինչը եւս դարձել է քաղաքական ճնշումների միջոց։

Վերջում Նաիրա Զոհրաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը հայտարարեցին, որ երկուսով իրենց գործընկերների հետ միասին հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն Արցախի նախաձեռնում են մի նոր շարժում, որտեղ չի լինելու հարթակի ուզուրպացիա, չի լինելու «իմ-քո», չի լինելու պառակտման քարոզ ու գործողություն։ Հակառակը, փորձելու են միավորել բոլոր առողջ ուժերին, վերացնել այն սեպը, որը Հայաստանի ու Սփյուռքի, հանրության ու եկեղեցու միջեւ խրել են այս իշխանությունները։

Եվ որպես վերջաբան, Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց հին փիլիսոփաներից մեկին, որն ի պատասխան հարցի, թե որն է ավելի զազրելի՝ ստրուկը թե բռնակալը, պատասխանել է՝ ստրուկը, որովհետեւ ստրուկներն են  ծնում բռնակալներին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031