Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «Վրաստանի հետ մեր հարաբերությունները կարևորում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային համատեքստում»

Հունվար 26,2024 21:30

Հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վճարովի գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը։

Միջկառավարական նիստին իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է, որ 2023թ. ընթացքում Վրաստանի հետ քաղաքական երկխոսության հետևողական ակտիվացումն ու խորացումը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը և ապահովվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ փոխգործակցությունը. տարբեր հարթակներում կայացել են երկու նախարարների և գերատեսչությունների պաշտոնյաների հանդիպումներ, Երևանում անցկացվել են ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, ակտիվ աշխատանքներ են տարվել երկու երկրներում դեսպանությունների կողմից՝ նպատակ ունենալով երկու պետությունների միջև հարաբերություների բարձրացումը ռազմավարական մակարդակի՝ համաձայն ամռանը Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև ձեռքբերված պայմանավորվածության։

Արարատ Միրզոյանը նշել է, որ օրակարգում է գտնվում նաև Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը. ինչպես և քննարկվել է նախկինում, առաջարկվում է ակտիվացնել հանձնաժողովների համատեղ աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում օգտվելով նաև միջազգային կոմպետենտ մեխանիզմներից, և հարցն ամբողջությամբ կարգավորել բարիդրացիական մթնոլորտում։ Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն ավարտել է հանձնաժողովի ձևավորման աշխատանքները և պատրաստ է ամենասեղմ ժամկետներում մեկնարկել քննարկումները։

Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Վրաստանի հետ մեր հարաբերությունները կարևորում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային համատեքստում՝ այն համարելով տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովման առանցքային բաղադրիչներից մեկը։ Մեր այս մտադրությունն արտացոլված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ՝ նպատակ ունենալով այդ թվում մեր վրաց գործընկերների հետ համատեղ Հարավային Կովկասը վերածել բոլոր տեսակի ենթակառուցվածքների խաչման տարածաշրջանի՝ առանցքում ունենալով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։ Պատահական չէ, որ հենց Վրաստանում՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետն առաջին անգամ միջազգային հանրությանը ներկայացրել է մեր այս նախաձեռնությունը»:

Նախարար Միրզոյանը հավելել է նաև, որ Վրաստանի հետ  հարաբերություններում կարևոր դեր ունի ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցությունը. Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքների տարածումը, այդ թվում՝ ԵՄ հետ սերտ փոխգործակցության միջոցով, իր նպաստը կբերի տարածաշրջանում տևական և ամուր խաղաղության հաստատման գործընթացին։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031