Լրահոս
Օրվա լրահոսը

«Աչքաչափով որոշել են՝ ով որ զանգվածային անկարգության մեջ է մեղադրվում, եկեք պահենք, ով որ խուլիգանությանն մեջ է՝ եկեք բաց թողնենք». Խուդոյան

Հունվար 26,2024 20:44

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում արցախցի 11 երիտասարդների դատական նիստն էր: Նրանք, այդ թվում՝ Տաթեւիկ Վիրաբյանը, սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մասնակցում էին հանրահավաքին եւ այսօր նրանց մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների, ոստիկանների եւ կառավարական շենքի վրա շշեր, տարբեր առարկաներ նետելու, վնասվածքներ պատճառելու, հասարակության անդորրը խախտելու համար:

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ներկայումս մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են, 7-ի նկատմամբ այլ խափանման միջոց է ընտրվել. «Այստեղ իրականում իրավաբանության հետ կապ չունեցող որոշում է կայացվել: Աչքաչափով որոշել են՝ ով որ զանգվածային անկարգություն անելու մեջ է մեղադրվում, եկեք պահենք, ով որ խուլիգանությանն մեջ է՝ եկեք բաց թողնենք: Մեկ-երկու բացառություն եղել է, բայց այնտեղ առանձին հատուկ հանգամանքներ կային»:

Փաստաբանն ասաց, որ պահանջելու են, որ այս գործով տուժած ճանաչված ոստիկանները գան դատարան ու ցուցմունք տան. «Հուսով եմ՝ հաջորդ դատական նիստերը կկայանան եւ դուք էլ ականատես կլինեք այն տեսանյութերին, որի մասին այդքան շատ խոսում են: 12 տուժող կա մոտ, բայց խնդիրը որն է՝ մենք չունենք տվյալ եւ գործում էլ չկա, որ այդ ոստիկանները տուժել են հենց այս անձանց գործողություններից: Նշել են, որ ծառայության մեջ են եղել, ինչ-որ առարկաներից վնասվածքներ են ստացել: Այդ փաստը չենք էլ վիճարկում, որովհետեւ ինչ-որ առարկա եկել է, բայց դա ի՞նչ կապ ունի այս մեղադրյալների հետ՝ դա ուրիշ խնդիր է»:

Ուշագրավ է, որ ամբաստանյալներին մեղադրում են պլաստիկե ջրի շշերով ոստիկաններին հարվածելու մեջ, բայց այդ շշերից մատնահետք չի վերցվել ու չեն նույնականացրել մատնահետքը ամբաստանյալների հետ. «Կարող էին այդ հանգամանքները պարզել, բայց քննությունը վկայում է, որ ընդհանրապես դրա ցանկությունը չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031