Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրն օրհասական է դարձել». Ներկայացվել է կենդանիների կողմից հարձակման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությունը

Հունվար 26,2024 20:30

Մեր երկրում բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունենք, որոնց զուգահեռ առկա են նաեւ հրատապ լուծում պահանջող հարցեր: Դրանցից մեկն էլ թափառող կենդանիների խնդիրն է. ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հունվարի 26-ին խորհրդարանում տեղի ունեցած «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկմանը:

Քննարկմանը մասնակցել են գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀԿ անդամներ, կենդանասերներ եւ խնդրով մտահոգ քաղաքացիներ:

«Պետք է համագործակցաբար աշխատեն ե՛ւ կենդանասերները, ե՛ւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները: Համակարգային մոտեցում է պետք, երբ պատկան մարմինների ներկայացուցիչները թերանում են իրենց աշխատանքում, արդյունքում մարդն ու կենդանին մնում են միայնակ, եւ յուրաքանչյուրը փորձում է խնդիրը լուծել ըստ իր պատկերացրածի: Արդյունքում, խնդիրն ավելի է խորանում»,- նշել է Արեգնազ Մանուկյանը:

«Թափառող կենդանիների վերաբերյալ Ներքին գործերի նախարարություն ահազանգերը հիմնականում եղել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ»,- ասել է ՀՀ ՆԳՆ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ ահազանգերի գերակշիռ մասը վերաբերել են Երեւան քաղաքին, մարզերից առավել շատ՝ Շիրակի, Արմավիրի, Լոռու եւ Կոտայքի մարզերին: Կարեն Հակոբյանն արձանագրել է, որ վարչական տարածքներում եւ մարզերում կենդանիների ստերջացման հարցը խնդիր է: Նրա դիտարկմամբ այն մարզերում մասամբ է իրականացվում կամ իրականացվել:

Երեւանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը, իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել թափառող կենդանիների ստերջացմանը, կատաղություն հիվանդության դեմ պայքարին, անտուն կենդանիների պատվաստման գործընթացին, վտանգավոր, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը: Նա տեղեկացրել է, որ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, որով կհստակեցվեն ոլորտին վերաբերող  կարգավորումները:

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմաչյանի դիտարկմամբ խնդիրն օրհասական է դարձել: Նա ներկայացրել է կենդանիների կողմից հարձակման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությունը՝ ընդգծելով, որ հարձակումների թիվը տարեցտարի կտրուկ աճել է: Նա կոչ է արել նման դեպքերում հարձակման ենթարկվածին ուղեկցել առողջապահական հաստատություններ՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

Բանախոսները պատասխանել են պարտադիր չիպավորմանը, պատվաստմանը, կենդանիների կացարանների կառուցմանը, որդեգրմանը, շնամարտերին վերաբերող հարցերին: Առաջարկվել է օրենսդրական փոփոխություններով վարչական պատասխանատվության ենթարկել ընտանի կենդանիներին փողոց նետելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերողների նկատմամբ, հստակեցնել վիրավոր եւ հիվանդ կենդանիների բուժման եւ, անհրաժեշտության դեպքում, քնեցման գործընթացի կարգավորումները:

Ելույթներում մասնակիցները շնորհակալություն են հայտնել խնդրահարույց թեմայի վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար: Ընդգծվել է, որ մինչ օրս չի գտնվել եւ կիրառվել հստակ մեթոդաբանություն՝ հարցը վերահսկվող հարթակում պահելու համար:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031