Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու հարցում»

Հունվար 26,2024 19:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել  Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Թբիլիսիում: Պարոն վարչապետի հետ մենք ջերմ զրույց ունեցանք: Քննարկել ենք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են տարբեր ուղղություններով մեր երկրների համագործակցությանը:

Մենք ունեցանք նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ նույնպես կարևոր հարցեր քննարկեցինք, որոնք վերաբերում էին առևտրին, երկկողմ հարաբերություններին: Պետք է նշեմ, որ մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են, առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը, Հայաստանը Վրաստանի համար առևտրային թվով 6-րդ գործընկերն է և 2-րդ ներդրումային երկիրը: Սա ևս ողջունելի է: Անցած տարի Հայաստանից գրեթե 1 մլն այցելու, զբոսաշրջիկ ենք ունեցել Վրաստանում: Սա մեր երկրի տնտեսական զարգացման համար կարևոր է:

Անցած տարի ամռանն էինք հայտարարել այդ մասին, որ մենք ռազմավարական գործընկերության մասին հուշագիր կստորագրենք: Ուզում եմ նշել, որ մենք ավանդական, պատմականորեն շատ հզոր դաշնակիցներ ենք, բարեկամներ, ոչ միայն հարևաններ, ունենք շատ լավ գործընկերություն, համագործակցում ենք բոլոր ուղղություններով: Դե ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական ընկերներ էինք և ռազմավարական գործընկերներ: Այսօր արդեն կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց, և այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիր: Շնորհակալ ենք մեր հայ գործընկերներին, երկու կառավարությունները կոչված են էլ ավելի խորացնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները:

Վրաստանը միշտ եղել է կողմնակից, որ տարածաշրջանում լինի, հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Պարոն վարչապետը շատ լավ գիտի իմ դիրքորոշումը, մեր կառավարության դիրքորոշումը: Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այս երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որն ամբողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին կբերի օգուտ: Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը: Ուզում եմ արտահայտել մեր հույսը, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կձևակերպեն խաղաղության պայմանագիր, ինչն, անկասկած, կարևոր է մեր երկրների և ազգերի համար:

 

Ուզում եմ նշել նաև, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում շատ բարձր տնտեսական աճ ունենք, և կարևոր է այս դինամիկայի պահպանումը: Պարոն վարչապետի հետ մեկ անգամ ևս նշեցինք, որ դեկտեմբերը շատ կարևոր ամիս էր, դեկտեմբերի 15-ը մեզ համար, մեր երկրի համար: Վրաստանը ստացավ, ձեռք բերեց Եվրամիության թեկնածուի կարգավիճակ և դարձավ Եվրամիության թեկնածու երկիր, ինչը շատ կարևոր է ոչ միայն մեր երկրի, ժողովրդի համար, այլ նաև տարածաշրջանի:

Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ անպայման բարձր տեմպով պետք է շարունակվի տարածաշրջանային նախագծերի վրա աշխատանքը: Մենք լսեցինք պարոն Փաշինյանի հավաստված շահագրգռվածությունը տարածաշրջանային նախագծերի նկատմամբ, ինչպես Սև ծովի մալուխի նախագիծն է, նաև այլ նախագծերի վրա ևս աշխատում ենք, նկատի ունեմ խոշոր նախագծերը: Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ այս օրը շատ կարևոր է, պատմական: Մեկ անգամ ևս շնորհակալություն իմ բարեկամին, իմ գործընկերոջը: Փոխանցեմ խոսքը նրան»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հարգելի՛ ներկաներ,

Մեծարգո պարոն վարչապետ,

Այսօր կայացավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել վարչապետ Ղարիբաշվիլիին,  մեր վրաց գործընկերներին՝ այս նիստը Թբիլիսիում հյուրընկալելու համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի կառավարությանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ձեռքբերելու համար՝ այդ գործընթացում առանձնահատուկ ընդգծելով թե՛ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության, թե՛ Վրաստանի ժողովրդի ներդրումը: Սա պատմական իրադարձություն է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար:

Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ 2019 թվականի միջկառավարական հանձնաժողովի ձևաչափը վերագործարկելուց հետո նիստերի անցկացումը կրում է պարբերական բնույթ՝ մեծապես նպաստելով հանձնաժողովի արդյունավետ գործունեությանը: Այսօր մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև առևտուր և ներդրումներ, էներգետիկ ոլորտից մինչև կրթություն, մշակույթ և մարդկանց միջև շփումներ:

Մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին: Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը:

Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։ Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառնությունների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից։

Մեր գործընկերներին եմ ներկայացրել նաև Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները, որի մասին հնարավորություն ունեցա խոսել և ներկայացնել նախորդ տարի հոկտեմբերին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի հրավերով «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ համաժողովին մասնակցության ժամանակ: Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։ Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև:

Ընդգծել ենք, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում անհրաժեշտ է ապահովել ներառականություն, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը: Դրա վառ օրինակն է Սև ծովի էլեկտրական մալուխի նախագիծը, որին միանալու հարցում Հայաստանը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն։

 

Հարգելի՛ ներկաներ,

Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններն այսօր նշանավորվել են հանգրվանային մի իրադարձությամբ. վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր: Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունքն է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը։ Այնուամենայնիվ, այս նվաճումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ջանքերը բազմապատկելու և ձեռք բերածով չսահմանափակվելու անհրաժեշտությունը, ինչի մասին խոսեցինք նաև միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաև հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:

Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին։ Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Վարչապետ Ղարիբաշվիլի,

Ամփոփելով և վարչապետ Ղարիբաշվիլիի հետ մեր բանակցությունների մասին տեղեկություններ հայտնելով, ցանկանում եմ հայտնել նաև, որ համատեղ որոշում ենք կայացրել պահպանել ու խորացնել կանոնավոր երկխոսությունը բոլոր մակարդակներում՝ նպատակ ունենալով ամրապնդել համագործակցությունը և հաղթահարել այդ ճանապարհին առաջացող հնարավոր խնդիրները:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ, սիրելի Իրակլի, ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և մաղթել ամենայն հաջողություններ և առավել արդյունավետություն մեր համագործակցությանը: Շնորհակալություն»:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031