Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցումը ուղղակիորեն ազատելու է Ադրբեջանի ձեռքերը միջազգային որեւէ պարտավորությունից»

Հունվար 26,2024 18:50

ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանը այսօր միասին հյուրընկալվել էին «Հայելի» ակումբում:

Նաիրա Զոհրաբյանը խոսելով երեկ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մասին, որ պատրասվում են մոտ ժամանակներս ականապատ տարածքների եւս ութ քարտեզներ փոխանցել Ադրբեջանին, նախ հիշեցրեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը Ակնայի ականազերծման քարտեզները չհանձներ Ալիեւին, ապա ինչպես Ալիեւն էր հայտարարել, իրենցից ականազերծման համար կպահանջվեր 10 տարի եւ մեկ ականի ականազերծելու գինը 1200 եվրո էր արժենալու: Ապա հիշեցրեց նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե այդ քարտեզները ճարահատյալ է տալիս, որպեսզի մեր ռազմագերիները վերադառնան:

«Քարտեզների առաջին փուլը տվեց՝ ռազմագերիները ոչ միայն չվերադարձան, այլեւ Ալիեւը կալանավորեց եւ ռազմագերու կարգավիճակով Բաքվի Քուրդիստանի բերդում պահում է Արցախի ռազմաքաղաքական էլիտային եւ Շիրակի ՄՈԲ-ի տղաներին:

Թույլ պիտի տանք, որ այդ մատյանները տրվեն: Իսկ եթե տրվելու են, դրանց գինը պիտի լինի Արցախի ռազմաքաղաքական էլիտայի , այն 22 ռազմագերիների, որոնց Ադրբեջանը պահում է, այն 80 ռազմագերիների վերադարձը, որոնց  վերաբերյալ կա հստակ տեղեկատվություն, որ նրանք գտնվում են Բաքվի բանտերում, սակայն Ադրբեջանը չի հաստատում: Հանցագործություն է՝ տալ ականապատ տարածքների քարտեզները եւ դրա դիմաց չպահանջել ռազմագերիների ազատ արձակում»,-ասաց տիկին Զոհրաբյանը ու անդրադարձավ այն տեղեկությանը, որ ԵԽԽՎ-ն պատժամիջոց է կիրառել Ադրբեջանի հանդեպ եւ մեկ տարով կասեցրել է ադրբեջանական պատվիրակության լիազորությունները:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մինչեւ ԵԽԽՎ քվեարկությունը, ադրբեջանական պատվիրակությունը ինքը հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենք լքում են ԵԽԽՎ-ն եւ կվերադառնան վեհաժողով, երբ որ իրենք հարմար կգտնեն: Ավելին, երեկ Ադրբեջանի տարբեր գործիչներ պաշտոնապես հայտարարեցին, որ Ադրբեջանը քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլ նաեւ Եվրոպայի Խորհրդից դուրս գալու հարցը, որովհետեւ Ալիեւը հայտարարեց եւ մշտապես հայտարարել է, որ թքած ունի միջազգային բոլոր կառույցների վրա:

Երբ կարդում ենք, թե ինչու են կասեցվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները,  հիմնավորման մեջ գրված է, քանի որ Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ  10 ամիս Արցախը գտնվում էր բլոկադայի մեջ, հումանիտար ճգնաժամ էր: Այստեղ ուզում ես ասել. եվրոյոնջաներ, նոր իմացա՞ք, որ Լաչինի միջանցքը 10 ամիս շրջափակման մեջ է եղել: Բա որ Լաչինի միջանցքը փակված էր ու 120 հազար արցախցի  մեռնում էր, այդ ժամանակ ինչի՞ ԵԽԽՎ-ն չկասեցրեց  ադրբեջանական պատվիրակության լիազորությունները:: Հիմա կասեցրել է, որովհետեւ «աբիժնիկ» է, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ-ին փետրվար ամսին հրավիրել՝ մշտադիտարկելու  Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունը»,-ասաց  հասարակական-քաղաքական գործիչը եւ խորհուրդ տվեց այնքան էլ չուրախանալ Ադրբեջանին մեկ տարով դուրս շպրտելով:

«Ես. օրինակ, չէի ուրախանա, որովհետեւ դա ուղղակիորեն ազատելու է Ադրբեջանի ձեռքերը միջազգային որեւէ պարտավորությունից եւ Ադրբեջանն իր ռազմատենչ քայլերում՝ նոր պատերազմ սանձազերծելու գործում, դառնալու է շատ ավելի նախահարձակ: Հիմա նայեք ինչ է կատարվում: Ընդամենը 10 օր առաջ եւ դա արձանագրեց նաեւ «Ֆիգարոն»,  Ադրբեջանը 700 տոննա  ծանր զինատեսակ տեղակայել է Նախիջեւանի սահմանին: Ուղիղ թիրախի տակ են Երասխը, Տիգրանաշենը, այն Տիգրանաշենը, որը Նիկոլ Փաշինյանը Տավուշի անկլավների հետ միասին խոստացել է կարմիր, կապույտ կամ եռագույն բանտիկով առաջիկայում  հանձնել Ադրբեջանին»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031