Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուր ընտանիք. հարուստ ընտանիք

Հունվար 26,2024 19:11
Family

Հայաստանի ընտանիքների ուսումնասիրություն

Ոչ լիարժեք ընտանիք է համարվում մեկ ծնողից և երեխայից բաղկացած ընտանիքը:

Ոչ լիարժեք ընտանիքները բնութագրվում են հետևյալ հատկանիշներով՝

 

որբացած,

ծնողազուրկ,

ամուսնալուծված։

Դիտարկենք տնային տնտեսությունների եկամուտները ըստ դեցիլային խմբերի և այդ խմբերում սեռատարիքային կազմի։

123 հազար դրամը չգերազանցող ամսական եկամուտ ունեցող ընտանիքները գտնվում են 1-2 դեցիլային խմբերում։ Այս խմբին բնորոշ է տարեցների մեծ մասնաբաժինը, որոնց ընտանիքների ավելի քան 35 տոկոսը բաղկացած է 63 և բարձր տարիքի թոշակառուներից: Այս խմբի ընտանիքների միջին մեծությունը 2 մարդ է։ Այս ընտանիքները հիմնականում լիարժեք չեն, այս խմբում միայն մեկ երրորդն է որ ամուսին ունի: Երեխաների ամենացածր մասնաբաժինը նկատվում է այս խմբում, աշխատունակ տարիքի անձանց ավելի ցածր կշռի հետ մեկտեղ:

Գծապատկեր 1. Տնային տնտեսությունների և տարիքային խմբերի բաշխվածությունը

Դեցիլային խմբերը տվյալների բազան բաժանում են տասը հավասար մասերի,

որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ընդհանուր դիտարկումների 10%-ը՝

հավասար համամասնությամբ: Առաջին դեցիլը ներկայացնում է տվյալների

առաջին 10%-ը, երկրորդը ներկայացնում է երկրորդ 10%-ը և այլն, 10-րդ դեցիլը,

ներկայացնում է տվյալների ամենաբարձր 10%-ը:

Ինչպես երևում է գծապատկերում ինչքան տնային տնտեսությունը ավելի քիչ է ստանում եկամուտ, այնքան ավելի մեծ է հավանականությունը որ այդ տնային տնտեսությունում տարեցների քանակությունը ավելի մեծ կլինի։ Այսպես 123 հազար դրամից ցածր եկամուտ ստացող տնային տնտեսություններում 1/3-ը 63 և ավել տարիք ունեցող քաղաքացիներ են։ Այսպես այս խմբի վրա ավելի շատ են ընկնում առողջապահական ծախսերը:

Որքան մեծ է տնային տնտեսության գլխի տարիքը և որքան մեծ է տնային տնտեսության գլխի կին լինելու հավանականությունը, այնքան մեծ է ընտանիքի անապահով խավի մեջ հայտնվելու հավանականությունը: Անապահով տնային տնտեսությունները հիմնականում բաղկացած են տարեց կանանցից, ովքեր չունեն հարազատներ, որոնց մոտ 40 տոկոսն ունի հիմնական կրթություն:

Հարուստ խավն առանձնանում է ավելի մեծ ընտանիքներով, ինչի մասին է վկայում 10-րդ դեցիլային խմբում միջինը 5 հոգանոց ընտանիքների չափը։ Ապահովված տնային տնտեսություններն ունեն նաև աշխատողների մեծ թվով անդամներ, որոնցից երեքից ավելի անդամներ գտնվում են աշխատանքային տարիքում: Ավելին՝ ապահով ընտանիքների գլուխների ավելի քան 77 տոկոսն ունի ամուսին։ Այսպիսով, ամբողջական ընտանիքի առկայությունը հիմնականում բնութագրում է ապահովված ընտանիք: Կրթության մակարդակն ամենաբարձրն է 10-րդ դեցիլում, որի 56,3 տոկոսն ունի հիմնական կրթություն:

Միջին խավը հասարակության հիմքն է։ Այս խավն ունի ամենաշատ երեխաների թիվը։ Այս ընտանիքների անդամների մոտավորապես 25 տոկոսը երեխաներ են՝ ի տարբերություն հարուստ խավի, որը համեմատաբար ավելի քիչ երեխաներ ունի։ Ամենաապահով 10-րդ դեցիլային խմբում երեխաների տոկոսը կազմում է 21 տոկոս։

Ամբողջական ընտանիքի առկայությունը էականորեն ազդում է ապահով և միջին խավի ձևավորման վրա, մինչդեռ ցածր խավին առավելապես բնորոշ է միայնությունը։

Աղյուսակ 1. ՀՀ տնային տնտեսությունների ժողովրդագրական վերլուծություն

Նշենք որ այս վերլուծությունը տնային տնտեսությունների վերլուծության 2-րդ մասին է։

Առաջին վերլուծությունը կարդացեք այստեղ․

Ինչպես երևում է մինչև 161 հազար դրամ ընդհանուր եկամուտ ստացող առաջին, երկրորդ և երրորդ դեցիլային խմբերի հիմնական դրամական եկամուտը գոյանում է կենսաթոշակից։*

Տնային տնտեսությունների ամենաաղքատ 10 տոկոսի հիմնական եկամտի աղբյուրը կենսաթոշակն է, որը կազմում է մինչև 85 հազար դրամ ստացող տնային տնտեսությունների եկամտի 67 տոկոսը, 12 տոկոսը՝ ընտանեկան նպաստն է, իսկ աշխատավարձը՝ ընդամենը 7 տոկոսը։ Նշենք որ այս խմբում մեկ տնային տնտեսության հաշվով կենսաթոշակից միջին եկամուտը կազմում է 28 հազար դրամ։ Սա չի նշանակում որ այս խմբի թոշակառուները միջինը ստանում են 28 հազար դրամ։ Պարզապես որոշ տնային տնտեսություններ այս խմբում չունեն 63 անց թոշակառու և այդ տնային տնտեսությունները կենսաթոշակ չեն ստանում։ Նույնը վերաբերում է աշխատավարձից ստացված միջին եկամտին։ Ըստ տնային տնտեսությունների բազայի 2022-ին 63 անց թոշակառուների մոտ միջին կենսաթոշակը կազմում է 46 245 դրամ։

Գծապատկեր 2. Դեցիլային խմբերի եկամտների աղբյուրները, դրամ

3-ից 5-րդ դեցիլային խմբերի դրամական եկամուտի ավելի քան 10 տոկոսը ստանում են բարեկամներից, որոնք գտնվում են արտասահմանում։ Սա ամենամեծ տեսակարար կշիռն է։ Այս եկամուտը ստացվում է արտագնա աշխատողներից։

Ինչքան տնային տնտեսությունը ապահով է այնքան մեծանում է ինքնազբաղվածությունից կամ բիզնեսից ստացված եկամուտի մասնաբաժինը։ Ուշագրավ է այն որ 10-րդ խմբում, որը ներկայացնում է ամենաապահով 10 տոկոսը, աշխատավարձից ստացված եկամուտի տոկոսային կշիռը ավելի ցածր է, քան 9-րդ խմբում։ Ամենաապահով խավը առանձնանում է ինքնազբաղվածների համեմատաբար մեծ տոկոսով։ Նշենք նաև որ այս խմբի եկամտների 1 տոկոսը ձևավորվում է անշարժ գույքի վաճառքից, որը գծապատկերում ներառված է “այլ եկամուտներ” սանդղակում։

Գծապատկեր 3. Դեցիլային խմբերի եկամտների աղբյուրները, տոկոս

*Նշում․ Տնային տնտեսությունների եկամուտները ձևավորվում են դրամական և ոչ դրամական աղբյուրներից։ Դեցիլային խմբերը հաշվարկվել են ընդհանուր եկամտի հիման վրա։ 2-րդ և 3-րդ գծապատկերները արտացոլում են միայն դրամական եկամուտների բաշխվածությունը ըստ խմբերի։ Առաջին աղյուսակի դեցիլային խմբերի միջին եկամուտը հաշվարկվել է կշռված մեդիանով։

Այս վերլուծության տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրից, մասնավորապես՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազա (ըստ տնային տնտեսությունների)։ Տնային տնտեսությունների կենսամակարդակի ցուցանիշները կշռվել են։ Հաշվարկները կարելի է ստուգել այցելելով github-ի մեր էջը, որտեղ տրված են տվյալները, հաշվարկների և գծապատկերների կոդը։

Աղասի Թավադյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031