Եվրոպական միության խորհուրդը հունվարի 22-ին հավանություն է տվել 2024 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ֆորումներում Եվրամիության առաջնահերթությունների վերաբերյալ եզրակացություններին: Իր եզրակացություններում Խորհուրդը վերահաստատում է մարդու իրավունքներին, բազմակողմանիությանը եւ միջազգային քրեական արդարադատության համակարգին ԵՄ հավատարմությունը ներկայիս «լարված միջազգային իրավիճակում, որը նշանավորվում է զինված հակամարտություններով, ավտորիտարիզմով, ապատեղեկատվությամբ եւ գենդերային հավասարության դեմ հակազդեցությամբ»:
Խորհուրդը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել հետեւել մարդու իրավունքների իրավիճակին աշխարհում եւ դատապարտել մարդու իրավունքների խախտումներն ու ոտնահարումները՝ «որտեղ էլ դրանք տեղ գտնեն, ինչպես նաեւ հանդես գալ մի շարք նախաձեռնություններով միջազգային հարթակներում»:
«ԵՄ-ն կաջակցի մարդու իրավունքների խախտումների եւ ոտնահարումների անկախ հետաքննությանը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։
ԵՄ-ն կշարունակի կոչ անել բոլոր երկրներին վերացնել մահապատիժը, շարունակել խթանել Առանց խոշտանգումների առեւտրի համաշխարհային դաշինքը եւ դիտարկել հետագա քայլեր՝ արգելելու մահապատժի եւ խոշտանգումների համար օգտագործվող ապրանքների առեւտուրը:
Կարդացեք նաև
Ավելին, ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին ապահովել ժողովրդավարական ինստիտուտների պատշաճ գործունեությունը, պայքարել կոռուպցիայի դեմ եւ պաշտպանել դավանանքի, համոզմունքների, խոսքի եւ կարծիքի արտահայտման ազատությունները։
Խորհուրդը նաեւ նշել է, որ ԵՄ-ն կշարունակի համագործակցել աշխարհի բոլոր տարածաշրջանների, կազմակերպությունների եւ համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ ոլորտում իր նպատակներին հասնելու համար:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարթակներում ԵՄ առաջնահերթությունների վերաբերյալ Խորհրդի եզրակացությունները հաստատվում են տարեկան կտրվածքով:
EU NEIGHBOURS east