Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ կան, որոնք մեղքի զգացումով գալիս և ասում են՝ քվես տվել եմ Փաշինյանին ու շատ եմ փոշմանել»․ Մհեր Մելքոնյան

Հունվար 26,2024 18:16

Շիրակի մարզից ընտրված ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Մելքոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ բնակիչների հետ իրենց հանդիպումները ցույց են տալիս, որ նրանց ամենաշատը մտահոգում է անվտանգության խնդիրը։

«Մեր գրասենյակներում բնակիչների հետ անընդհատ հանդիպումներ ենք կազմակերպում, քաղաքացիների ընդունելության օրեր ենք նշանակել։ Անցած շաբաթ Անիում էի անցկացնում հանդիպումները։ Ժողովրդի հարցերը բազմաբնույթ են, բազմատեսակ՝ սկսած սոցիալական ոլորտից մինչև անվտանգային խնդիրներ։

Ժողովուրդը շատ-շատ մտահոգված է անվտանգային խնդրով, որովհետև տեսնում է՝ իշխանությունը, որ քարոզում էր, թե մեր պրոբլեմն Արցախն էր, Արցախի հարցը փակենք, Հայաստանի Հանրապետությունը լավ է ապրելու, անվտանգային խնդիր չենք ունենալու, ազնիվ չէ։ Ականատես են, որ ադրբեջանցիները շարունակում են իրենց վայրագ քաղաքականությունը և չեն էլ պատրաստվում սահմանափակվել Արցախով, այլ ավելի մեծ պահանջներ ունեն՝ թե՛ 8 գյուղերի և թե՛ ՀՀ այլ տարածքների նկատմամբ։

Ժողովուրդն արդեն զգում է, որ ի սկզբանե սիրո և համերաշխության քարոզով իշխանությունը զավթած քաղաքական ուժը չի կարող անվտանգության և սոցիալական տարրական խնդիրները լուծել Հայաստանի քաղաքացիների համար։

Մարդիկ կան, որոնք գալիս են հանդիպումների, ասում են՝ գիտեք մենք 2018 թվականին մասնակցել ենք չակերտավոր ասած իշխանափոխությանը, 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ քվեն տվել ենք Նիկոլ Փաշինյանին ու շատ ենք փոշմանել։

Մեղքի որոշակի զգացողություն ունեն, ասում են՝ եթե իմանայինք՝ ինչով է վերջանալու այս ամենը, դեպի ուր է տանում Հայաստանի Հանրապետությունը, հաստատ քվե չէինք տա։

Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնում միանալ պայքարին, ասում են՝ րոպե առաջ իշխանությունը Հայաստանում պիտի փոխվի, ազգային իշխանություն պիտի ընտրվի՝ ազգային մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչներով, որոնք կկարողանան միավորել ժողովրդին ու այս ծանր իրավիճակից դուրս բերեն մեր երկիրը», -ասում է պատգամավորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031