Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պայմաններով Սահմանադրություն փոխելը, երրորդ Հանրապետությունը ապալեգիտիմացնելը նշանակելու է ստեղծել Ադրբեջանի համար ենթապետություն»․ Սուրեն Սուրենյանց

Հունվար 26,2024 18:08

«Եթե սոլիդ իշխանություն ունենայինք 44-օրյա պատերազմից հետո, հնարավոր էր այնպիսի լուծումների ձեւակերպումը, որը թույլ կտար կասեցնել պարտության հետեւանքների խորացումը»,- այսօր «Հայկական օրակարգի» հրավիրած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Ըստ նրա՝ նոյեմբերի ստատուս-քվոն շատ ավելի բարենպաստ էր, քան այն, ինչ ունենք այսօր։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այս իրավիճակում ընդդիմությունը միասնական չէ, նա պատասխանեց․ «Ընդդիմությունը չի էլ կարող միասնական լինել, որովհետեւ բազմաշերտ, տարբեր խճանկար ենթարկող քաղաքական համակարգի սեգմենտ է։ Շատ մեծ սպասելիքներ չունեմ, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմությունից։ Անցյալին հղում անելով՝ հնարավոր չէ գործող իշխանությանը ներկայացնել քաղաքական այլընտրանքային բովանդակություն։ Իշխանության լուծումները չորրորդ Հանրապետության մասին չեն, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի այդ մասին խոսել։ Չորրորդ Հանրապետությունը կլիներ այն պարագայում, եթե մենք, որպես հասարակություն, որպես քաղաքական էլիտա, որպես փորձագիտական հանրույթ կարողանայինք ձեւակերպել մեր ազգային-պետական նոր նախագիծը, պետականության նոր հիմնադրույթները։ Մինչեւ չլինի այն Հայաստանի տեսլականը, որը կարող է կոնսոլիդացնել հասարակությանը, Հայաստանում իշխանափոխություն չի լինելու, որովհետեւ այսօր իշխանությունն ամբողջովին ստի վրա է կառուցված, խորհրդարանական ընդդիմությունը վախենում է ճշմարտությունն ասելուց։

Հիշեք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները․ իշխանությունը խոստանում էր ապահովել Կոսովոյի նախադեպով «անջատում՝ հանուն փրկության», ընդդիմությունը առանց փաստական որեւէ հնարավորության խոստանում էր Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա։ Այսինքն՝ քաղաքական համակարգի երկու հիմնական սեգմենտները զբաղված էին հասարակությանը ապակողմնորոշելով։ Ընդդիմության նոր լիդերություն է պետք, նոր օրակարգ, նոր բովանդակություն, որը բերելու է իշխանափոխության։ Նստել սպասել, որ իշխանությունը կսայթաքի, մենք իշխանության կգանք կամ սպասել, երբ Երեւանի մատույցներում Ալեքսանդրապոլ-2 կստորագրվի, հանրապետության փլատակների վրա կգաք իշխանության, կներեք, դա ընդդիմության վարքագիծ չէ»,- նշեց Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով՝ ներքին հաշտություն ու համերաշխություն է պետք, որպեսզի կարողանանք կոնսենսուսի գալ պետության հիմնադրույթների շուրջ։ Սուրենյանցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր փորձում է ոչ թե չորրորդ Հանրապետության տեսլական ձեւավորել, այլ Ալիեւի միջնորդությամբ ու պատվերով, հաճախ նաեւ արեւմտյան դերակատարների անուղղակի մասնակցությամբ փորձում է նշաձողն էլի իջեցնել, այս անգամ Հայաստանի հարցով։

«Իմ կարծիքով՝ Ադրբեջանը ոչ թե արեւմտյան հարթակների դեմարշ է անում, այլ որոշակի նախապայմաններ է դրել, եւ հիմա արեւմտյան բանագնացները Երեւան են եկել՝ համոզելու Փաշինյանին, որ նշաձողը մի փոքր էլ իջեցնի։ Պատահական չէ, որ արեւմտյան գործիչների այցից հետո ծնվեց նոր Սահմանադրության մասին շատ վտանգավոր թեզը։ Սա շատ վտանգավոր թեզ է, սա չորրորդ Հանրապետության մասին չէ, այս պայմաններով Սահմանադրություն ընդունելը, երրորդ Հանրապետությունը ապալեգիտիմացնելը նշանակելու է ստեղծել Ադրբեջանի համար ենթապետություն, այսինքն՝ մի պետություն, որը չունի բովանդակություն ու տեսլական։ Սրա մասին է նոր Սահմանադրության փոփոխության բովանդակությունը»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031