Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում Արցախը չհանձնողների (11 երիտասարդների) դատական նիստն էր:
ՄեԱյդ 11 երիտասարդները, այդ թվում՝ Տաթեւիկ Վիրաբյանը, սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մասնակցում էին հանրահավաքին:
Կարդացեք նաև
Այսօր պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին:
Մեղադրող դատախազը առարկեց՝ ասելով, որ այն հանգամանքները, որոնք առկա են եղել նախորդ անգամ խափանման միջոցներ կիրառելիս, մնում են նույնը: «Հայաստան» խմբակցությանն երկու պատգամավորներ՝ Ասպրամ Կրպեյանն ու Դավիթ Գալստյանը երաշխավորագիր էին ներկայացրել:
Պատգամավորները դատարանում էին, վերահաստատեցին երաշխավորությունը, սակայն դատավորը խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժեց:
Հետո հանրային մեղադրողը ներկայացրեց, թե երիտասարդներից յուրաքանչյուրին ինչ արարք է վերագրվում ու ինչ մեղադրանք են առաջադրել: Մարատ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Կառավարական տուն 1 հասցեի դիմաց հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգությունների է մասնակցել, հրապարակային կոչեր հնչեցրել, փորձել է ճեղքել ոստիկանական շղթան ու մտնել շենք: Ըստ հանրային մեղադրողի, Մարատ Հակոբյանին փորձել են կասեցնել ոստիկանները, այնուհետեւ նա չի ենթարկվել ոստիկանների պահանջներին, սկսել է կատարել զանգվածային անկարգություններ՝ հավաքի այլ մասնակիցների հետ, որի ընթացքում տարբեր տեսակի առարկաներով, ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին, բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ՝ այդ կերպ փորձելով ճեղքել ոստիկանական պատը: Մարատ Հակոբյանը, ժամը 20:30-21:00-ն ընկած հատվածում այդ գործողություններին մասնակից է եղել ու բռնություն գործադրել ՆԳՆ աշխատողների նկատմամբ 3 անգամ հարվածել է ոստիկան Իվանյանին եւ մեկ անգամ աջ ձեռքով հարվածել մեկ այլ ծառայողի: Այդ գործողությունների արդյունքում, ըստ մեղադրանքի, ոստիկանության աշխատողները ստացել են մի շարք մարմնական վնասվածքներ, իրական վտանգ է ստեղծվել հասարակության համար:
Մարատ Հակոբյանի պաշտպան Արսեն Բաբայանը դիրքորոշում հայտնեց մեղադրանքի առնչությամբ՝ ասելով, որ նա իրեն վերագրվող այդ արարքները չի կատարել:
Մխիթար Օհանջանյանին նույնպես նույն նկարագրությամբ մեղադրանք է առաջադրվել, որ նույն օրը մասնակցել է զանգվածային անկարգություններին, բռնություն գործադրել ոստիկանության աշխատողների նկատմամբ: Նա էլ 4 անգամ աջ ձեռքի բռունցքով հարվածել է ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատողներին:
Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Օհանջանյանին վերագրվող արարքները չեն ընդունում, բացի այդ, տեղի չեն ունեցել զանգվածային անկարգություններ, ավելին՝ ոստիկանների կողմից են եղել բիրտ գործողություններ, որոնց վարույթն իրականացնող մարմինը պատշաճ չի արձագանքել:
Օհանջանյանն էլ ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, միանում է պաշտպանի դիրքորոշմանը:
Հաջորդը ներկայացվեց Մանվել Պետրոսյանի մեղադրանքը, ըստ որի, նա 7 անգամ ձեռքով հարվածել է ոստիկաններից մեկին եւ մեկ անգամ ոտքով հարվածել է ոստիկանության մեկ այլ աշխատակցի, նրանք ստացել են մարմնական վնասվածքներ: Մանվել Պետրոսյանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:
Անատոլի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն օրը հավաքի ժամանակ չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, աջ ձեռքով հարվածել է ոստիկանության պատի մեջ կանգնած ծառայողին, ապտակել ու հրել է մեկ այլ ոստիկանի, դիտավորյալ շշով հարվածել է ոստիկանության ծառայողի:
Անատոլի Համբարյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանն ասաց, որ նա նպատակ չի ունեցել մտնել կառավարական շենք:
Վալերի Գրիգորյանը, ըստ մեղադրանքի, այդ օրը ոստիկանության ծառայողներին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել, որից հետո հարվածել շշով: Նա նույնպես մեղադրանքը չընդունեց:
Հանրային մեղադրողը ներկայացրեց, որ Տաթեւիկ Վիրաբյանը, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, անտեսելով ոստիկանների պահանջները, 3 անգամ գետնից վերցրել է շշեր ու նետել ոստիկանների, կառավարական շենքի ուղղությամբ, խաթարել հավաքի բնականոն ընթացքը, բացի այդ, ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի, կուզեք՝ ասեք բռնության կոչ է անում, այո՛ զանգվածային անկարգություններ են պետք, շենքեր գրավել է պետք»:
Տաթեւիկ Վիրաբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, պաշտպանն էլ գտնում է, որ նրա գործողություները ՔրՕր-ի որեւէ հոդվածի խախտում չեն:
Գոռ Հակոբյանը մեղադրվում է այն բանի համար, որ մեկ շիշ եւ երկու անգամ չափերով փոքր այլ առարկաներ է նետել ոստիկանների ու կառավարության շենքի ուղղությամբ: Գոռ Հակոբյանի պաշտպան Խուդոյանն ասաց, որ մեղադրանքը որեւէ ապացույց չունի, փաստարկներով չի հիմնավորվում, զուտ շարադրանք է, չեն ընդունում. «Անձանց գործողությունները չեն կարող որակվել՝ որպես խուլիգանություն»:
Պաշտպանն ասաց, որ չեն ընդունում նաեւ, երբ մեղադրանքում ասվում է, որ մարդկանց անդորրը խաթարվել է, որովհետեւ այդ օրը այնպիսի իրավիճակ էր, որ այլ բան էր խաթարել մարդկանց անդորրը:
Բորիս Սողոմոնյանին էլ մեղադրում են, որ նա երկու անգամ շշեր է նետել ոստիկանության ծառայողների ու կառավարության շենքի ուղղությամբ: Նա նույնպես չի ընդունում մեղադրանքը: Նրա պաշտպանը հորդորեց դադարեցնել Սողոմոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ