Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «ԱԱԾ հայտարարությունը, նոր սահմանադրությունը, հայոց պատմությունը Հայաստանի պատմության փոխելը, Վեհափառին եթեր չտալը, Նիկոլ Փաշինյանի վարած բանակցությունների հետեւանքն են»

Հունվար 26,2024 17:42

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե ինչ կասի այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկություն է տարածել, որ պատրաստվում են ութ տեղեկամատյաններ փոխանցել  Ադրբեջանին, սակայն Ալիեւը չի հավատում այդ տեղեկություններին եւ, կարծես, չի էլ ընդունում, ասաց. «Այս խայտառակությունը հայտարարություն համարել մի քիչ դժվար է: ԱԱԾ-ի հայտարարությունը, որ երեկ տարածվեց, ոչ թե նրա մասին է, որ հավելյալ ութ մատյան են փոխանցելու Ադրբեջանին, այլ նրա մասին է, որ իրենք էլի միակողմանի զիջումներ են անում, էլի Ադրբեջանը ինչ ուզում է՝ տալիս են, բայց Ալիեւը դարձյալ չի հավատում:

Այստեղ հարց կա. մենք ունենք գերիներ, ունենք անհետ կորածներ, ու մինչեւ հիմա ցանկը դեռեւս հստակ չէ: Մենք ունենք Արցախի ռազմաքաղաքական էլիտա, որը Բաքվի բանտում է ու երեկ էլի երկարաձգվեց  իրենց Բաքվում մնալու ժամկետը: Ու սրան ի պատասխան՝ մենք միայն տալիս ենք: Լավ, կարելի՞ է այդ տասնյակ քարտեզները  տալու դիմաց ինչ-որ մի բան ստանալ: ԱԱԾ հայտարարությունը ի՞նչ է մեզ ասում: Ասում է՝ ժողովուրդ, մենք տալիս ենք, մեզ դրա դիմաց ոչ մի բան չեն տալիս, բայց մենք էլի տալիս ենք: Ու անկեղծ ուզում են հասկանալ, թե ի՞նչը չի բավարարում: Ադրբեջանն ինչ ուզում է՝ տալիս են, ում պետք է՝ ձերբակալում են, Սահմանադրությունը փոխում են, ոչ մի նախապայմանի «չէ» չեն ասում: Խնդիրը ո՞րն է: Սրանք չեն հասկանում, որ Ադրբեջանի նախապայմանները սկիզբ ունեն, վերջ չունեն: Ու իրենց համար Նիկոլ, թե Քրիստինե Վարդանյան, կապ չունի: Հա՞յ են, պիտի մինչեւ վերջ ստանանք՝ ոչ մի բան չտալով: Այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում:

Հիշո՞ւմ եք գերիների մասին, որ հայտարարություն եղավ, թե եթե գերի ընկնենք, զանգենք  ինչ-որ հեռախոսահամարներով: Այս հայտարարությունը այդ կարգի խայտառակություն է ու չգիտեմ. սա ԱԱԾ հայտարարություն կարո՞ղ է լինել: Հիշեցնեմ, որ ԱԱԾ-ն ստեղծվում է երկրի անվտանգությունն ապահովելու սպառնալիքները չեզոքացնելու համար, ոչ թե թշնամուն անընդհատ տալու մասին հայտարարություններ տարածելու համար:

Ուզում եմ, որ մեր քաղաքացիները հասկանան:  ԱԱԾ այս հայտարարությունը, Սահմանադրության փոփոխությունը, Հայոց պատմությունը Հայաստանի պատմության փոխելը, Վեհափառին եթեր չտալը, այս բոլորը Նիկոլ Փաշինյանի վարած բանակցությունների հետեւանքն են: Այս բոլորը դրվագներով մեզ ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախապայմանները հերթով բավարարվում են: Բայց ուրիշ բան էլ են ցույց տալիս, այն, որ դրանց վերջ չկա: Տեսեք ԱԱԾ ձեւակերպումը: «Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանի Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ  եւ ոչ ամբողջական  տեղեկամատյաններ տրամադրելու մեջ»: Զարմացել են մարդիկ: Դեռեւս կիրթ ու կառուցողական Ալիեւին չեն կարողանում ճանաչել ու չեն հասկանում, որ նա կանգ չի առնելու որեւէ տեղ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031