Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնականում Եղիշն է, Եղիշն ու դու վառել եք երեխեքին». Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով նիստը կրկին լարված մթնոլորտում անցավ

Հունվար 26,2024 17:34

«Եթե առաջինը Եղիշե Հակոբյանն է եղել, ինքը հետո է մտել, հասկանալի չի՞, որ Եղիշն ավելի շատ այրվածքներ պիտի ունենար, քան դրսից մտնողը: Ինքը ոչ մի այրվածք չունի: Էս ի՞նչ շոու է» ,- այսօր դատարանում վրդովվեց անցած տարի Ազատ գյուղում տեղակայված ժամանակավոր զինվորական կացարանում զոհված զինծառայողներից մեկի մայրը:

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը: Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:

Հիշեցնենք նաեւ, որ նախորդ դատական նիստի ժամանակ, այս գործով ամբաստանյալներ Գոռ Աղեկյանը եւ Մառլեն Սարգսյանը առանձին հանդիպում էին խնդրել Նորայր Նորիկյանի հետ: Դատարանը թույլատրեց հանդիպումը: Այսօր պաշտպան Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ Մառլեն Սարգսյանի՝ իրեն փոխանցած տեղեկությունները կարող են բեկում մտցնել այս գործի մեջ:

Դատարանն այսօր շարունակեց տուժող Լեւոն Խառատյանի հարցաքննությունը: Իր ստացած այրվածքների շատ լինելու եւ հրդեհի պահին ներսում գտնվող Եղիշե Հակոբյանի ստացած այրվածքների քիչ լինելու մասին հարցը Լեւոն Խառատյանին ուղղել էր վաշտի հրամանատարի եւ ծառայության պետի՝ Գոռ Մարգարյանի ու Տիգրան Ղազարյանի ներկայացուցիչը: Լեւոն Խառատյանն ասաց՝ նույնիսկ չգիտի, թե Եղիշե Հակոբյանն ի՞նչ աստիճանի վնասվածքներ է ստացել ու բացատրություն չունի, թե ինչո՞ւ են իր վնասվածներն ավելի խորը:

Պաշտպանը նաեւ ուղիղ հարց տվեց, թե հրդեհի պահին որտե՞ղ են գտնվել Լեւոն Խառատյանն ու Եղիշե Հակոբյանը: Զոհված 15 տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը առարկեց՝ ասելով, որ հարցի ենթատեքստում պաշտպանը կասկածի տակ է դնում Լեւոն Խառատյանի եւ Եղիշե Հակոբյանի՝ դեպքի վայրում գտնվելու հանգամանքը՝ առաջարկելով, եթե նման տեղեկություններ կան, դրանք հայտնել դատարանին: Պաշտպանն ասաց, որ երբ հերթը հասնի իր պաշտպանյալների՝ հարցեր հնչեցնելուն, համապատասխան հարցերը կտրվեն եւ ակնկալվող պատասխաններն արդեն շատ բան կբացահայտեն: Լեւոն Խառատյանն ասաց, որ արդեն պատասխանել է, թե որտեղ է գտնվել: Նա ավելի վաղ ասել էր, որ դրսում ծառայություն է իրականացրել:

«Էնտեղ էնքան պակաս բաներ են եղել. երեխեքը ջուր չեն ունեցել, «կիպիտիլնիկով» տաքացրել են՝ տաշտի մեջ են լողացել, իրենք են իրենց ձեռքերով սարքել էդ «կիպիտիլնիկները», որ լողանան…էդ տաքացուցիչները չեն, որ… ստեղ ամբողջ խնդիրն էդ տաքացուցիչները չի, լիքը պակաս բաներ են եղել, լիքը բացթողումներ՝ ափսե ու բաժակից բռնած: Ամենապրիմիտիվ պայմանները չեն ունեցել երեխեքը»,- պաշտպանական կողմի՝ ջեռուցման խնդիրներին վերաբերվող հերթական հարցերի ժամանակ կրկին վրդովվեցին զոհված զինծառայողների ծնողները:

Հանրային մեղադրողի նյարդերն էլ տեղի տվեցին. նա հայտարարեց, որ պաշտպանական կողմից հնչող հարցերի պատասխանները մի քանի անգամ տրվել են, բայց ինքը լռել է՝ նկատի ունենալով գործի հնչեղությունը:

Պաշտպանական կողմի հարցերը վերաբերում էին նաեւ Լեւոն Խառատյանի կարգավիճակին: Պաշտպաններից Հակոբյանը դիտարկում հայտնեց, որ եթե Լեւոն Խառատյանը եղել է օրապահ, ապա նա պետք է դատարանում ոչ թե տուժողի կարգավիճակ ունենար, այլ մեղադրյալի ու այդ հարցերը դատախազը պետք է հնչեցներ, ոչ թե ինքը: Լեւոն Խառատյանը չկարողացավ հստակ ասել՝ ինքն օրապա՞հ է եղել, թե՞ ժամապահ: Պաշտպանը նկատեց՝ քննության ութ ամիսները բավարար էին, որպեսզի պարզվի, ինչո՞ւ Լեւոն Խառատյանը չի կարողանում պատասխանել այդ պարզ հարցին: Նորայր Նորիկյանն ասաց, որ համամիտ է պաշտպան Հակոբյանի դիտարկումների հետ ու հայտնեց, որ ողբերգությունից մի քանի ամիս անց ինքը վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացրել՝ Լեւոն Խառատյանի եւ ևս մի քանի անձի կարգավիճակի հետ կապված: Նա մեղադրանքի սլաքն ուղղեց նաեւ հանրային մեղադրող Մարտիրոսյանին, որ պատշաճ դատավարական հսկողություն չի իրականացվել. «Հակառակ դեպքում, այսօր պարոն Հակոբյանն այս հարցերը չէր տա, այս տղան՝ տուժողի փոխարեն կունենար լրիվ այլ դատավարական կարգավիճակ, մեղադրյալի աթոռին նստած կլիներ, մենք էլ այսքան առարկություն, միջնորդություն, հարց ու պատասխան՝ Լեւոն Խառատյանի հետ, չէինք ունենա: Լեգիտիմ հարցեր են բարձրացվում, որ այս մարդն ունեցել է որոշակի պարտականություններ»:

Պաշտպան Հակոբյանը նաեւ հետաքրքրվեց՝ ճաշը որտե՞ղ էին եփում: Լեւոն Խառատյանն ասաց՝ խոհանոցում: Դահլիճում նստած ծնողները կրկին վրդովվեցին՝ քանիցս ականատես են եղել, որ վառարանի վրա է սնունդ պատրաստվում: Լեւոն Խառատյանն ուղղեց իրեն. «Ասացի՝ հիմնականում, չասացի՝ միշտ»: Ծնողները Լեւոն Խառատյանի հասցեին մեղադրանքներ հնչեցրեցին. «Հիմնականում Եղիշն է, Եղիշն ու դու վառել եք երեխեքին»:

Լեւոն Խառատյանն ասաց, որ ննջարանը ջեռուցել են էլեկտրական սալիկներով, վառարանն էլ՝ տունը ջեռուցելու համար էր, ոչ թե սնունդ պատրաստելու:

Պաշտպան Հակոբյանն ասաց՝ քրեական գործով տեղեկություններ կան, որ դեպքի նախորդող պահին Լեւոն Խառատյանը ոչ թե զենքով դրսում ծառայություն է իրականացրել, այլ գտնվել է վառարանի մոտ, սուրճ է պատրաստել եւ Եղիշե Հակոբյանի հետ սուրճ են խմել ու հետաքրքրվեց, թե ի՞նչ կասի այս մասին վկան:

«Ես դրա մասին ասել եմ, թե կոնկրետ իմ գործողությունները ո՞նց է եղել: Բան չեմ կարա ասեմ, ինչ կար՝ ասել եմ արդեն: Նախորդող պահին, վառարանի մոտ, սուրճ… ես այդպիսի բան չեմ հիշում: Հիշում եմ, որ կամ սուրճ պետք է խմեինք կամ թեյ: Բայց դեպքի պահին ես սուրճ պատրաստել… չի եղել նման բան»,- ասաց Լեւոն Խառատյանը:

Պաշտպանը զարմացավ, որ նման էական հանգամանքը՝ դեպքի պահին ինքը դրսում՝ զենքով, ծառայությո՞ւն էր իրականացնում, թե՞ սուրճ էր եփում, Լեւոն Խառատյանը չի հիշում: Դահլիճում նստած ծնողներից մեկը կրկին վրդովվեց՝ վկայի «չեմ հիշում» պատասխաններից եւ ասաց, որ պահին նրա հիշողությունը տեղը գա, ինքն է նրա դատաստանը տեսնելու: «Արա շատ ես խոսում»,- ծնողին հակադարձեց Լեւոն Խառատյանը: Դահլիճում կրքերը բորբոքվեցին, փոխադարձ հայհոյանքներ հնչեցին, կարգադրիչները կանխեցին քաշքշոցը: Նիստը ընդհատվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031