Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ստորաբար ստում եք, անհիմն մեղադրում եք։ Այո, մեղադրում եմ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին կենդանասերների եւ ՀՈԱԿ-ի տնօրեն միջեւ հարցուպատասխանը մի պահ թեժացավ

Հունվար 26,2024 17:18

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀՈԱԿ-ի մասնագետները վախենում են, որ բոլոր շներին կստերջացնեն, ձագեր չեն ունենա, իրենք էլ անգործ կմնան»․ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեգնազ Մանուկյանի նախաձեռնած «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքացի Վիգեն Սարգսյանը։

Կենդանասերների եւ Երեւանի քաղաքապետարանի կենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանի միջեւ հարցուպատասխանը հարթ չընթացավ։ Թեեւ ՀՈԱԿ-ի տնօրենը վստահեցնում էր, որ ոլորտում բավականին առաջընթաց կա, կենդանասերներն այնքան էլ գոհ չեն այս կառույցի աշխատանքից։

Վիգեն Սարգսյանը Հարությունյանին ներկայացրեց մի դեպք, ապա հարց ուղղեց․ «Ձեր մեքենաները բեռնատարի նման են, բոլոր շներին լցնում եք այդ մեքենան։ Համալիրի մոտ վերջերս ձեր մեքենայի մեջ, որտեղ մեծ շների էին, գցել էին շան երկու ձագ, այդպես այս ձագերի՝ մեծերից վարակվելու հավանականությունը մեծ է։ Ե՞րբ են ձեր մեքենաները դառնալու իզոլացված, որ վարակ չտարածվի։ Այո, մեքենան ախտահանում եք, բայց եթե այդ շները իրար հետ են, վարակը կտարածվի»։

Ի պատասխան՝ Առաքելյանն ասաց՝ այդ ձագերն այգում հայտնվել էին ձեր կամ մեկ ուրիշի թեթեւ ձեռքով, այսինքն՝ այդ ձագերը այդ տարածքի կենդանի չէին։

Սարգսյանը վրդովվեց այս պատասխանից՝ դուք ինձ մեղադրում եք։

«Այո մեղադրում եմ, դուք այլ տարածքից եք բերել այդտեղ այդ ձագերին»,-ասաց Առաքելյանը։

«Դուք ստում եք, անհիմն մեղադրանք է, դուք ստորաբար ստում եք», -էլ ավելի վրդովվեց քաղաքացին։

Առաքելյանը շարունակելով պատասխանել, ասաց՝ դա առաջին եւ միակ դեպքը չէ, երբ մի տարածքից այլ տարածք են տեղափոխում շներին, որովհետև իրենց հարմար է այդտեղ տեսնել կամ կերակրել այդ շներին, սա ընդունելի չէ․ «Կենդանիների կոնտակտավոր լինելուց էիք խոսում, իսկ երբ այդ ձագերին բերել էիք Համալիրի այգի, արդյոք չէի՞ք վախենում, որ կվարակվեն։ Այո, մեղադրում եմ ձեզ, որովհետեւ բացի ահազանգողից՝ մարդիկ փաստել են, որ այդ կենդանին բերվել է այլ տարածքից, ասել են՝ եթե հետ տաք, կտանենք, կպահենք այնտեղ, որտեղից բերել ենք»։

Առաքելյանի խոսքով․ «Շատ հեշտ է պահանջներ ներկայացնել, իսկ այդ պահանջները կարող են լինել օրինակ՝ մենք ուզում ենք մի տարածքից շներին բռնեք, երկուսին բռնեն, տեղափոխեն կլինիկա, հետ գան, մի շուն առանձին տեղափոխեն, ամեն կենդանու համար մեկ մեքենա տրամադրվի։ Մեր կառույցը կենդանիների գլխաքանակի կանոնակարգմամբ է զբաղվում, հիմքում՝ հնարավորինս մեծ քանակով ստերջացում իրականացնելն է։ Մենք կարող ենք ցանկանալ ունենալ այնպիսի կացարան, որտեղ ամեն կենդանի կունենա մեկ սենյականոց բնակարանի չափ տարածք։ Ցանկանալ շատ լուրջ մասնագիտացում ունեցող կինոլոգներ, որոնք կզբաղվեն կենդանիներին բռնելու գործով։ Բայց մենք իրականացնում ենք ծրագիր, որը փուլ-փուլ է զարգանում։ Տարիներ առաջ չէինք էլ երազի այն ամենի մասին, ինչ այս պահին ունենք»։

Վիգեն Սարգսյանը կրկնեց հարցը՝ հնարավոր չէ՞ առանձին խցիկներով տեղափոխել։ Հարցի պատասխանը բացասական էր։

Սարգսյանը շարունակեց՝ Համալիրի ներքեւի հատվածում երեք շուն կա, մեկը՝ հաշմանդամ, տարիներով ձագեր է բերում, ձագերը մեծանում են, այդ շանը ձեր կառույցը չի կարողացել բռնել, մարդամոտ չէ․ «Անցած տարի մասնավոր մարդ են վարձել բնակիչները, հեռահար կրակելով քնեցնել է, հետո մասնավորի մոտ ստերջացրել են։ Ո՞նց եք այդ հարցերը լուծում, այդ շան համար վեց- յոթ կանչ է եղել, չեն կարողացել բռնել։ Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՈԱԿ-ի մասնագետները վախենում են, որ հանկարծ բոլոր շներին կստերջացնեն, ձագեր չեն ունենա, իրենք կմնան անգործ»։

Առաքելյանն արձագանքեց՝ սխալ տպավորություն է․ «Կան շներ, որոնք դժվար բռնվող են։ ՀՈԱԿ-ն արդեն ունի վերապատրաստում անցած մասնագետ, որը հեռահար տարբերակով կփորձի բռնել չբռնվող կենդանիներին»։

Թումոյի այգում, ինչպես Սարգսյանը պատմեց, մինչ այդ էլ ՀՈԱԿ-ի տնօրենն էր ներկայացրել, գրեթե ամեն օր արկղերով շան ձագեր են բերում, նորածիններ, արդյոք ՀՈԱԿ-ն ունի մասնագետներ, քանի որ այդ ձագերին երեք ժամը մեկ պետք է կերակրել, արդյոք քաղաքացիները կարող են ձագերին բերել ՀՈԱԿ եւ վստահ լինել, որ այնտեղ անվտանգ կլինեն։

Ի պատասխան՝ Առաքելյանն ասաց՝ այնտեղ, որտեղ կենդանիների մեծ շարժ կա, ձագերի համար վտանգավոր է․ «Կենտրոն բերվում են այն ձագերը, որոնց իրականում վտանգ է սպառնում։ Թումոյի այգու ձագերի մասին՝ երբ այլ տարբերակ չի լինում, վերջին տարբերակը մեզ մոտ թողնելն է, մենք պատրաստ ենք վերցնել, լուծում տալ, խնամակալութան հանձնել կամ մեկ այլ տեղ հանձնել։ Կարող են մեզ դիմել, բայց երաշխիք չկա, որ այդ տեղափոխման շղթայում չեն վարակվի»։

Վիգեն Սարգսյանն էլ ամփոփելով ասաց՝ ՀՈԱԿ-ը չի ուզում քննադատություն ընդունել․ «Դուք շեշտում եք, կներեք, «օդոլժենի» եք անում, առաջ կրակում էինք, հիմա՝ ոչ, գովաբանեք, որ չենք կրակում։ Երեք հարյուր միլիոն դրամ ստացող կառույցը չպետք է այդպես արձագանքի»։

Հարություն Առաքելյանը հակադարձեց՝ պետք է դա ասել ու բարձրաձայն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031