«Եթե Հայաստանի այս ողբերգական վիճակում Դավիթ Տոնոյանը «գոտեպնդված» է, անկեղծորեն նրան նախանձում եմ». Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը
-Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հրապարակային հարցեր էինք ուղղել՝ ասելով, եթե ինքը դրանց պատասխանի, Դուք իրեն քաղբանտարկյալ կհայտարարեք: Դավիթ Տոնոյանը պատասխանեց, բայց ոչ Ձեր հնչեցրած հարցերին, այլ՝ Ձեզ: Նա ասաց՝ «քաղբանտարկյալ» տիտղոսի համար չի պայքարում»: Ի՞նչ հետեւություններ արեցիք:
-Անկեղծ ասած, 2020 թվականից հետո, հաճախ ինքս ինձ չեմ կարողանում տիրապետել։ Չէր կարելի ազատազրկված մարդուն այդպիսի սուր հարցեր ուղղել։ Պետք էր սպասել մինչև նրա ազատվելը։ Մի խոսքով, տվյալ դեպքում, ինքս իմ սկզբունքներին դեմ գնացի։
Միանգամայն ճիշտ է Դավիթ Տոնոյանը, որ չի պայքարում «քաղբանտարկյալ» տիտղոսի համար։ Եվ նորից անդրադառնամ իմ հարցերին։ Ընդունում եմ, որ ավելորդ էր վերջին նախադասությունը, իմ կողմից նրան քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
– «Իմ դեպքում խնդիրը, հավանաբար, առավել բարդ է, քանի որ քաղաքական ուժերի եւ դրանց հարող իրավապաշտպանների համար ես ո՛չ «յուրային» եմ, ո՛չ էլ «օտար». այսպիսի միտք է գրել Դավիթ Տոնոյանը: Ի՞նչ կպատասխանեք սրան, քանի որ նաեւ Ձեր անկախությունն ու անաչառությունն էլ է կասկածի տակ առնում:
-Պարոն Տոնոյանին ասեմ, որ իրական իրավապաշտպանի համար չեն կարող լինել «օտարներ» և «յուրայիններ»։ Ի դեպ, այդ մասին ես գրել եմ իմ վերջին՝ «Մարդու իրավունքների կոռուպցիա» հոդվածում։
Ինչ վերաբերում է անձամբ իրեն՝ Դավիթ Տոնոյանին, ապա նա, իմ կարծիքով, հանդիսանում է պատերազմի պարտության, ինչպես ասում են «քավության նոխազ»։ Հուսով եմ այս խոսքերի համար նա ինձնից չի նեղանա։
Ամեն դեպքում, ես համարում եմ, որ 2020 թվականի պատերազմի պարտությունն ու մարդկային, տարածքային կորուստները, ապիկարության, եթե ոչ՝ դավաճանության հետևանք էին։ Այս տեսակետից, քանի որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունեցավ, ուստի և չկայացավ նաև համապատասխան դատավարություն։ Իսկ խոսել Հայաստանի՝ որպես իրավական պետության մասին, ուղղակի ծիծաղելի է։
Ինչ վերաբերում է ԱԺ քննիչ հանձնաժողովին, ապա այն ստեղծվել է միայն պարտության հիմնական պատասխանատուին արդարացնելու նպատակով։
Ինչ եմ ուզում ասել՝ եթե տեղի ունենար իրական, արդար դատավարություն, այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, Դավիթ Տոնոյանին, որպես պարտության նախարար, չէի համարի քաղբանտարկյալ։ Իսկ այսօր, երբ պարտության խորհրդանիշը ոչ միայն ազատության մեջ է, այլև իշխանության գլուխ, այո՛ ես ընդունում եմ, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես ասացի հանդիսանում է «քավության նոխազ», այսինքն՝ քաղբանտարկյալ։
– «Հարգելի պարոն Իշխանյան, որպես երկրաբանը երկրաբանին դիմելով, անկեղծորեն ցանկանում եմ Ձեզ «գոտեպնդվել»՝ ինչպես ասվում է Ձեզ հայտնի “Геологи” երգում: Եվ հիշեցնել եւս մի հատված նույն երգից. «Կյանքում էլ մենք կարող ենք թանկագին հանքաքարը տարբերել դատարկ ապարից». Դավիթ Տոնոյանի՝ Ձեզ ուղղված նամակի հետգրությունն է: Սրանով ի՞նչ է ուզում ասել պարոն Տոնոյանը:
-Շնորհակալ եմ Դավիթ Տոնոյանին, այդ իսկապես հուզիչ երգը ներկայացնելու համար։ Այդ երգին ես ծանոթ չէի։ Լսելով երգը՝ հիշեցի իմ երկրաբանական արշավախմբերում անցկացրած երանելի ժամանակները։ Իսկ երգից բերված մեջբերումը հավանաբար վերաբերում է պատերազմի իրական պատասխանատուին և մեղավորին, տարբերել ոչ հիմնական պատասխանատուից։
Եթե ճիշտ եմ հասկացել Դավիթ Տոնոյանին, ապա ես բազմիցս ասել եմ և կրկնում եմ, որ պարտության հիմնական պատասխանատուն և մեղավորը, եթե ոչ հրահրողը՝ վարչապետ կոչեցյալն է։ Ինչ վերաբերում է «գոտեպնդվելուն», ապա եթե Հայաստանի այս ողբերգական վիճակում Դավիթ Տոնոյանը «գոտեպնդված» է, անկեղծորեն նրան նախանձում եմ։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լուսանկարը՝ https://armeniasputnik.am/–ից