Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի հոգեւոր առաջնորդը զգուշացրել է Էրդողանին՝ հայ-իրանական սահմանի հազարամյակների բնույթը չի կարող խաթարվել ու խախտվել»․ Վարդան Ոսկանյան

Հունվար 26,2024 16:17

«Իրանական կողմից Հայաստանին եկող ուղերձները, եթե մենք փորձենք թվարկել, ապա հիմնական ուղերձը սա է՝ հայ-իրանական հարաբերությունների այն մակարդակը, որը եղել է մինչեւ 44-օրյա պատերազմը, այժմ չի բավարարում Իրանին»,- այս մասին «Հայկական օրակարգի» հրավիրած քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական եւ մշակութային հարաբերություններին, ուղերձը հստակ է՝ իրանցիները ցանկանում են Հարավային Կովկասում ունենալ ներկայություն՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան այստեղ ամրակայել է իր դիրքերը՝ ի դեմս իր շարունակություն Ադրբեջանի։ Եվ այդ ներկայության ապահովման միակ հարթակը տեսնում են Հայաստանի Հանրապետությունը՝ հաշվի առնելով այն, որ Վրաստանն ակնհայտորեն ունի սեփական դիրքորոշումները՝ Վրաստանը գնում է դեպի Եվրամիություն, Արեւմուտքի հետ ինտեգրման։ Հետեւաբար, հայկական հարթակում են իրանցիները տեսնում իրենց ապագան Հարավային Կովկասում։

«Եվ այս իմաստով է, որ մենք ստացել ենք նոր հնարավորություններ։ Հայաստանը ոչ թե պետք է դառնա հարթակ Իրանի ներկայության համար, այլ պետք է դառնա յուրօրինակ միջավայր, որտեղ կկարողանան համագործակցել այն բոլոր պետությունները, որոնց շահերը մեր շահերի հետ համընկնում են։ Մեր եւ Իրանի շահերը բազմաթիվ կետերում համընկնում են, հետեւաբար, այս առումով իրանցիների ակնկալիքը մեզնից ռազմավարականին ձգտող հարաբերությունների ստեղծումն է։ Ընդ որում, այդ հարաբերությունների մեջ չափազանց կարեւոր է անվտանգային բաղադրիչը։ Անվտանգային ռիսկերը եւ մարտահրավերները, որոնք գալիս են Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումից, գրեթե հավասարապես վերաբերում են թե մեր, թե իրանցիների անվտանգությանը»,- ասաց Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով՝ «ազերբայդջան» անունով արհեստական կազմավորման գոյությունը մեր տարածաշրջանում ինքնին վտանգ ու սպառնալիք է Իրանի համար։ Եվ իրանցիները հիմա ընդունում են իրենց սխալը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո իրենք չորդեգրեցին մոտեցումը, ինչպես արեց Հունաստանը նախկին հարավսլավական հանրապետության նկատմամբ։ Իրականում, ըստ Ոսկանյանի, Բաքվի մեջբերած «Զանգեզուրի միջանցքը» թուրանական միջանցք է, որի մասին 44-օրյա պատերազմից հետո հայտարարել են Թուրքիայից։ Եվ արձանագրել են, որ այդ թուրանական միջանցքն իր նշանակությամբ պակաս կարեւոր չէ, քան իրենց եզրաբանությամբ Ղարաբաղի իբր «ազատագրումը»։ «Հետեւաբար, թուրանական միջանցքի վերաբերյալ Իրանի կարմիր գծերը շատ հստակ են, իրանցիները բոլոր մակարդակներում շարժվելու են Իրանի հոգեւոր առաջնորդի զգուշացմամբ Էրդողանին։ Այդ զգուշացումը տեղի է ունեցել Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Թեհրանում, երբ Իրանի հոգեւոր առաջնորդը հստակ արձանագրել է, որ հայ-իրանական սահմանների հազարամյակների բնույթը չի կարող խաթարվել ու խախտվել։ Սա նշանակում է, որ իրանցի քաղաքական գործիչ, ցանկացած պաշտոնյա, փորձագետ առաջնորդվելու են այս տրամաբանությամբ։ Եվ դրա վառ վկայությունն են բոլոր մակարդակների, այդ թվում՝ ռազմական գործիչների հայտարարություններն առ այն, որ իրենք որեւէ պարագայում թույլ չեն տա այդ թուրանական միջանցքը ստեղծումը։ Սա իրանցիները չեն անում այն բանի համար, որ մեզ սիրում են, իրանցիները առաջնորդվում են սեփական շահով։ Ակնհայտ է, որ եթե այդ թուրանական միջանցքը դառնա իրականություն, ապա Իրանը հյուսիս-արեւմուտքից կշրջափակվի թուրք-ադրբեջանական միասնական ռազմաքաղաքական դաշինքի տարածքով։ Հայաստանի հետ սահմանը միակ այլընտրանքն է՝ Իրանի համար ելք ապահովելու դեպի հյուսիս-արեւմուտք»,- հավելեց Ոսկանյանը։

Ըստ իրանագետի՝ Իրանի ուղերձները շատ հստակ են, բայց հստակ չեն Հայաստանից գնացող ազդակները։ «Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ Իրանի հետ համատեղ զորավարժության անցկացումը մեր անվտանգությունը չի կարող ապահովել, իսկ հեռադիտակով զինված եվրոպացի դիտորդների վրա հույս դնելու գործընթաց կա։ Միգուցե Արեւմուտքի կողմից կա ճնշում Հայաստանի վրա՝ որոշակիորեն սահմանափակելու հայ-իրանական հարաբերությունների՝ հատկապես անվտանգային բաղադրիչը, բայց ես չեմ կարողանում հասկանալ մի բան՝ դրա այլընտրանքը ո՞րն է։ Դրա այլընտրանքը Հայաստանի մահն է։ Հետեւաբար, Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն»,- ընդգծեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031