Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված, չորս տարի կոմայի մեջ գտնվելուց հետո գիտակցության չգալով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծառայակից ընկերների գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը քննեց մեղադրյալների խափանման միջոցի փոփոխության հարցը։
Դատարանը որոշեց բոլոր մեղադրյալների բացակայելու արգելքը նույնը թողնել։ Մեղադրյալներից Մխիթարի Մելքոնյանի խափանման միջոցը փոփոխվեց․ պաշտոնավարման կասեցումը վերացվեց։
Հիշեցնենք, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ.Հ.-ն, Մ.Մ.-ն եւ Մ.Հ.-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաեւ առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նաեւ Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով եւ գործով դեռեւս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Գործով մեղադրյալ, փոխգնդապետ Լևոն Հարությունյանի պաշտպան Աննա Թամազյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմում են ներկայացնելու իր պաշտպանյալին աշխատանքում վերականգնելու համար․ «Մենք դիմում կներկայացնենք, քանի որ երբ պաշտոնավարման կասեցումը, որ ներկայացվել էր, Գլխավոր շտաբը չէր երկարացրել նրա ժամկետը՝ պայմանագիրը, և ինքը ստիպված էր եղել սեպտեմբերին դիմում գրել, դուրս գալ աշխատանքից՝ ՊՆ-ից։ Այդ պարագայում մենք դիմում կներկայացնենք նորից, որ իմ պաշտպանյալը ցանկանում է վերականգնվել իր աշխատանքում, ուստի խանգարում է պաշտոնավարման կասեցումը»։
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց, որ գործով տուժողները ներկա չէին դատական նիստին։ Դիմում էին ուղարկել՝ նախնական լսումներ անցկացնել առանց իրենց ներկայության։ Քանի որ դիմումում նշված էր, որ գույքային պահանջ չունեն, ուստի այդ հարցը մնաց առանց քննարկման։ Այս գործով հիմնական դատալսումները կմեկնարկեն ապրիլի 9-ին՝ ժամը 10։30-ին։
Աննա Թամազյանից հետաքրքրվեցինք՝ մեղադրյալների խափանման միջոցի հետ կապված դատարանի որոշումը սպասելի՞ էր, նա պատասխանեց․ «Այո, սպասելի էր, քանի որ դա արդեն արդիական չէր։ Դատախազը մատնանշեց, որ ինքը տեղեկացված չի եղել, որ Ժորա Բաղդասարյանն այլևս չի աշխատում ՊՆ-ում․ անմիջական հսկողության տակ չէ։ Դատարանում բարձրացրի այն հարցը, որ 23․02․2023-ի հրամանով Ժորա Բաղդասարյանն ընդհանրապես չի աշխատում ՊՆ-ում, ըստ էության, ոչ ենթակայության, ոչ նման հարցեր չեն կարող լինել թե′ իմ պաշտպանյալի, թե′ մյուս փոխգնդապետի հարցով։ Ուստի դատախազը նշեց, որ ինքը տեղյակ չի եղել, որ չի աշխատում։ Ըստ էության պետք է տեղյակ լիներ, քանի որ օգոստոս ամսին է մեղադրական եզրակացությունը ուղարկվել դատարան։ Դատախազն ասաց, որ այդ մասին տեղեկացված չի եղել, որ 23․02․2023-ով Ժորա Բաղդասարյանը չի աշխատում։ Դա էր շատ զարմանալին, բայց դատախազն ասաց, որ ինքը տեղեկացված չի եղել։ Լևոն Հարությունյանի պարագայում խնդիրն այն է, որ սեպտեմբեր ամսին Լևոն Հարությունյանի հետ ՊՆ-ն չէր երկարացրել նրա հետ պայմանագիրը։ Այս պարագայում քանի որ Մխիթար Մելքոնյանի դեպքում պաշտոնավարման կասեցում խափանման միջոցը վերացվեց, հիմա մենք դիմում ենք ներկայացնելու, որ իմ պաշտպանյալի նկատմամբ էլ վերականգնվի»։
Այս հարցով դիմումը կներկայացվի ապրիլ 9-ի դատական նիստի ընթացքում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ