Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպաններն իրար հորդորեցին՝ «շոու չանել». Ազատ գյուղի զորամասի գործով նիստում կրքերը բորբոքվեցին

Հունվար 26,2024 15:41

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը: Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:

Հիշեցնենք նաեւ, որ նախորդ դատական նիստի ժամանակ, այս գործով ամբաստանյալներ Գոռ Աղեկյանը եւ Մառլեն Սարգսյանը առանձին հանդիպում էին խնդրել Նորայր Նորիկյանի հետ: Դատարանը թույլատրեց հանդիպումը: Այսօր պաշտպան Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ Մառլեն Սարգսյանի՝ իրեն փոխանցած տեղեկությունները կարող են բեկում մտցնել այս գործի մեջ:

Դատարանն այսօր շարունակեց տուժող Լեւոն Խառատյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք, Լեւոն Խառատյանը հայտարարում է, որ շատ բան արդեն չի հիշում: Նա, ի պատասխան տուժողների իրավահաջորդների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի հարցի, այսօր ասաց, որ դեպքի պահին ննջարանի դուռը ինքը չի բացել-հրել, հարվածել. «Ես ամեն ինչ անում էի, որպեսզի կրակը հանգցնեմ, կարող է՝ բուշլատը կպած լինի, բայց որ խփած լինեմ, հրած լինեմ, որ կիսաբաց լինի՝ չեմ հիշում, որ արած լինեմ»:

Նա նաեւ ասաց, որ այս գործով տուժող Գարուշին տեսել է հիվանդանոցում, ապա՝ հոսպիտալում ու խոսել են առօրյա բաներից, իրար ողջությունից են հետաքրքրվել. «Ոչ ինձ էր հաճելի այս թեմայի մասին խոսելը, ոչ էլ, կարծում եմ, իրեն հաճելի կլինի»: Պաշտպանի ուղիղ հարցին՝ Գարուշի հետ Եղիշեից խոսե՞լ են, Լեւոնը կրկին պատասխանեց, որ չի հիշում: Պաշտպանը հարցրեց՝ որեւէ խոսակցություն, արտահայտություն Գարուշից լսե՞լ է, որը կապված կլինի Եղիշեի կյանքի, անվտանգության հետ, նրա արյան մասին ու արդյոք այդ խոսակցությունն ինքը ծնողներից որեւէ մեկին հայտնե՞լ է: Լեւոնը պնդեց՝ չի հիշում:

Պաշտպանը հայտարարեց տուժող Լեւոն Խառատյանի նախաքննական ցուցմունքները ամբողջությամբ հակասության մեջ են դատարանում նրա արած հայտարարությունների հետ. նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին միջնորդությունը կներկայացվի համապատասխան փուլում:

Տուժող Վարդան Աբազյանը հարց ուներ Լեւոն Խառատյանին՝ հետաքրքրվեց՝ դեպքի պահին տուն մտնելիս ինչո՞ւ էր հանդերձանքը հանել: Վկան պատասխանեց՝ որպեսզի կարողանա կրակը հանգցնել: Լեւոնը չհիշեց, թե հատկապես ինչպե՞ս է իր հանդերձանքը հանել, որտե՞ղ է թողել:

«Ես հասկանում եմ բոլորիդ սուգը, բայց ոչ մեկդ իմ դրության մեջ չի մտնում, որ ասում եմ՝ չեմ հիշում, ուրեմն, չեմ հիշում: Պարոն դատավոր, կխնդրեմ իմ նկարները ցույց տամ, որ տեսնեք թե ինչ վիճակի մեջ եմ եղել…»,- վրդովվեց վկան:

Լեւոն Խառատյանի պաշտպանը առարկեց ամբաստանյալներ՝ վաշտի հրամանատարի եւ ծառայության պետի՝ Գոռ Մարգարյանի ու Տիգրան Ղազարյանի ներկայացուցիչների հարցերին՝ ասելով, որ դրանք հնչեցվում են՝ արհեստական ապացույցներ ձեռք բերելու համար եւ դրանք հարցեր են, որոնց պատասխանները սովորական զինվորի իրավասության հարց չեն: Պաշտպանն առարկեց՝ ասելով՝ «վաշտը մի ընտանիք է», որտեղ բոլորն էլ գիտեն բոլոր հարցերի պատասխանները: Լեւոն Խառատյանի պաշտպանը հակադարձեց. «Վաշտը չի կարող ընտանիք լինել եւ այս բարդակն առաջացել է այն պատճառով, որովհետեւ չեն գործել ենթակարգերը, չի գործել ներքին ծառայության կանոնագիրքը»:

Դատարանը համամիտ է՝ շարքային զինծառայողի իրավասության տիրույթի հարցեր չեն կացարանի ջեռուցման՝ հոսանքով կամ կաթսայով, այլընտրանքային ջեռուցման հնարավորությունների մասին հարցերը, բայց նա կարող էր լսած լինել այդ ամենի մասին եւ տեղեկացված լինել: Պաշտպանն առարկեց դատավորի որոշման դեմ՝ ասելով, որ զինվորը նման տեղեկություններ կարող էր լսած լինել հրամանատարական կազմից ու տվյալ դեպքում, հանելով հրամանատարական կազմը, փորձել նման ուղիղ կապ ստեղծել՝ անթույլատրելի է: Ինչեւէ, Լեւոն Խառատյանի պատասխանն էր՝ տեղեկացված չի եղել նման հարցերից:

Լեւոն Խառատյանին ուղղվող նման հարցերը դուր չեկան նաեւ դահլիճում ներկա զոհվածների ծնողներին: «Դատապաշտպանը երկուսի կողքը նստած՝ հարցեր չի տալիս, զինվորին է տալիս նման հարցերը»,- հայտարարություններ հնչեցին դահլիճից: Լեւոն Խառատյանի պաշտպանը միացավ տեսակետին՝ հարցերը, որոնք պետք է ուղղվեն ՊՆ համապատասխան պաշտոնյաներին, բանակային կորպուսի թիկունքի պետին, զորամասի թիկունքի պետին եւ կոմունալ շահագործման պետին, զինվորին են ուղղվում:

Հարցերը հնչեցնող պաշտպանը առարկեց, նա վստահ է, որ այդ հարցերը լույս կսփռեն գործի վրա: Ծնողները կրկին վրդովվեցին՝ «ոչ մի լույս էլ չի սփռի»:

Դահլիճում կրքերը կրկին բորբոքվեցին, երբ հարցուպատասխան ծավալվեց զինվորների՝ փայտ բերելու, փայտի վառարանին նախապատվություն տալու անհրաժեշտություն մասին: Պաշտպաններից մեկը նկատեց՝ դա նույնիսկ կոռուպցիոն բնույթ ունի, քանզի ՊՆ-ն այդ կացարանում փայտի վառարանի թույլտվություն չի տվել: Կարգադրիչները ստիպված եղան ծնողներից մեկին դուրս հանել նիստերի դահլիճից: Պաշտպաններն իրար հորդորեցին՝ շոու չանել եւ հնարավորություն տալ գործի հանգամանքները բացահայտել:

Լեւոն Խառատյանը հայտարարեց, որ վաշտի հրամանատարը եւ ծառայության պետը՝ Գոռ Մարգարյանն ու Տիգրան Ղազարյանը «գլուխ չեն պահել», զինվորների հետ տարբեր աշխատանք են կատարել՝ նրանց օրինակ ծառայելով: Սա էլ դուր չեկավ զոհվածների հարազատներից մեկին. «Ինչը վերաբերվում է դրանց՝ բեսամթ հիշում ես, գովում ես, գովում ես… մնացածը ո՞նց չես հիշում»:

Այս դրվագով առարկություններ ուներ նաեւ Նորայր Նորիկյանը. նրա պնդմամբ՝ փորձ է արվում վաշտի հրամանատարի ու ծառայության պետի նկատմամբ էմոցիոնալ ֆոն ստեղծելու, մինչդեռ, եթե ամենքն իր տեղում լիներ՝ այս ողբերգությունը չէր լինի:

Վկայակոչելով Լեւոն Խառատյանի ցուցմունքները, որ կանոնադրական հարաբերությունները չեն գործել, Գոռ Մարգարյանի եւ Տիգրան Ղազարյանի ներկայացուցիչը հարցրեց՝ «Այսինքն՝ ո՞վ եւ ի՞նչ ուզել՝ արե՞լ է» եւ հորդորեց իր ու իր ծառայակիցների վարքագիծը նկարել, վաշտի հրամանատարության թողտվությունները ևս ու ներկայացնել, թե այդ պարագայում ինչպե՞ս է վաշտին ու վաշտի հրամանատարությանը հաջողվել մարտական ծառայության հետ կապված առաջադրանքները կատարել: Այս հարցը նաեւ դատավորին դուր չեկավ՝ «Հիմա դա զինվորին տալու հարց է՞»: Ծնողներից մեկն էլ նետեց՝ «Ինչի՞ չես քո պաշտպանյալին էդ հարցը տալիս»:

Պաշտպանը պնդեց մանրամասնել՝ ինչո՞ւմ է արտահայտվել հարաբերությունների ոչ կանոնադրայնությունը: Լեւոն Խառատյանն ասաց՝ ավելացնելու բան չունի: Պաշտպանն, ի դեպ անիրատեսական է համարում, որ Լեւոն Խառատյանը չէր կարող իր վնասվածքները ստացած լիներ այն պահին, երբ կրակը նոր էր բռնկվել: Նա համարում է, որ դրանք ստացվել են, երբ կրակը թեժ էր ու այդ իսկ պատճառով էլ Լեւոն Խառատյանը չի կարողացել ննջարանի դուռը բացել: Հարցը դատարանը հանեց՝ ուղղորդված լինելու պատճառով:

Ինչի՞ եք նախընտրում վախկոտ մարդու համբավ ձեռք բերել, քանի որ եթե նախընտրում եք հայտարարել, որ տուն եք մտել, երբ կրակը նոր էր բռնկվել եւ փորձ չեք արել ննջարանի դուռը բացել, ձեր ծառայակիցներին օգնել, բոլորի մոտ դա տարակուսանք է առաջացնում. պաշտպանի այս հարց-դիտարկումը դատարանը հանեց: Ծնողներից մեկն էլ վրդովվեց՝ ասելով՝ որ հարցը կարեւոր է, հանում եք:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031