«Շատ ուրախ եմ լինել այստեղ՝ մաեստրոյի կողքին, խոսել նվագախմբի 2024թ համերգների, գեղարվեստական պատկերացման եւ մեր ծավալուն աշխատանքի մասին: 2023-ը, ինչպես տեսաք, խայտաբղետ տարի էր գեղարվեստականորեն ու ոչ միայն գործունեության առումով»,- կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի համերգի եւ առաջիկա ծրագրերը ներկայացնելու առիթով հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Իհարկե, երաժշտությունն ու կատարողական արվեստը առաջինն են մեր կյանքում: Բայց մենք կարեւորում ենք նաեւ պատասխանատվությունը՝ կրթական ոլորտում, երեխաների ընկալումը դասական երաժշտության առումով եւս առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր գործունեության մեջ: Ինչ վերաբերվում է 2024 թ, ունենք շատ կարեւոր հյուրախաղեր, ներկայացնելու ենք հայկական երաժշտությունը, ինչը հնարավորություն է, որ մարդիկ ծանոթանան հայ սիմֆոնիկ արվեստին, իմանան, թե սիմֆոնիկ երաժշտությունն ինչպես ենք պատկերացնում: Մենք ունենք կարեւոր սոցիալական պարտավորություններ ու նախաձեռնություններ եւս, որոնք, հույս ունենք, որ կհաջողեն 2024-ին:
Ունենք համերգներ նաեւ Հայաստանից դուրս, Դաս Ա ծրագիրն ենք որոշել տանել մարզեր, որպեսզի մարզերի երեխաներին էլ ինտեգրենք դասական երաժշտության աշխարհ, «Իմ սիմֆոնիկ» ծրագիրը պետք է շարունակենք, եւ ավելի շատ կրթական ծրագրեր ենք ուզում ներկայացնել… Մենք նաեւ երիտասարդացնում ենք մեր ունկնդրին»,-հավելեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը՝ ի թիվս այլնի անդրադառնալով ժամանակակից դասական երաժշտությանը եւ պոպուլյար ծրագրերին:
Կարդացեք նաև
Խոսելով հունվարի 27-ի հոբելյանական համերգից, Սերգեյ Սմբատյանը նշեց. «Համերգը, որ շատ կարեւոր է ինձ համար, նվիրված է մաեստրո Մանսուրյանի հոբելյանին… Համերգի առաջին բաժնում կհնչեն մաեստրոյի ստեղծագործությունները՝ ալտի եւ ջութակի համար: Երկրորդ բաժնում կլսենք մաեստրոյի ֆիլմերի երաժշտությունը, որը հայտնի է «Սիմֆոնիկ Մանսուրյան» ծրագրից: 15 օրից ավել է, այդ համերգի տոմսերն իսպառ բացակայում են, ինչը խոսում է այն մասին, որ այսօր Հայաստանում ժամանակակից ունկնդիրը սիրում է ժամանակակից կոմպոզիտորին: Դա այն հաջողությունն է, որին երկար տարիներ ուզում էինք հասնել»:
Տիգրան Մանսուրյանը եզակի եւ օրինակելի որակեց իր, Սերգեյ Սմբատյանի եւ Սիմֆոնիկ նվագախմբի միջեւ համագործակցությունը, առանց որի, մաեստրոյի ձեւակերպմամբ, ստեղծագործողը միշտ լուրջ խնդիրների առջեւ է կանգնում. «Եթե կատարողի կողմից հեղինակի նկատմամբ կա անվստահություն, դա անպայման լսվում է, ընդգծվում հարաբերությունների ընթացքում տարիների կտրվածքով»:

A press conference ahead of a concert dedicated to the 85th birthday of composer Tigran Mansuryan took place at Alexander Hotel of Yerevan, Armenia
Մաեստրոն նշեց, որ վերջին տարիներին համատեղ բեղմնավոր աշխատանք են ունեցել Սերգեյ Սմբատյանի եւ նվագախմբի հետ. «Իմ ֆիլմերի երաժշտությունը գրել եմ 3-4 գործիքի համար, որովհետեւ էկրանի պահանջը դա է եղել, 3 գործիք, ոչ նվագախմբային հնչողություն… իսկ երբ դուք անում եք սիմֆոնիկ կինոերաժշտություն, ամբողջությամբ վերանայում եք այդ աշխատանքը եւ իմ ի բերում նվագախմբի թանձր հնչողությանը: Սա աշխատանք է, որը սկիզբ դրվեց այս նվագախմբի հետ, կյանք մտավ մի շարք համերգներով, որոնք անմիջապես ունկնդրի ուշադրությանն արժանացան… Սա օրինակներից մեկն է մեր համատեղ աշխատանքի, բայց միակը չէ»:
Կոմպոզիտորի խոսքով, ակադեմիական երաժշտության բնագավառում տարբեր համերգների ընթացքում հնչել են նաեւ հատվածներ՝ իր «Ձյունե թագուհին» բալետից, նվագախմբային երկեր, կոնցերտներ, ինչը ներշնչում է առավել ինտենսիվ դարձնել աշխատանքային հարաբերությունները Սերգեյ Սմբատյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: «Վաղվա համերգն իմ պատասխանատու համերգներից, 85-ամյակ…Աստված ինձ նվիրեց այս տարիքում այստեղ հասնելու ուրախությունը, որը վաղը կնշվի սիմֆոնիկ համերգով»,-ասաց մաեստրոն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ