«Ալիեւի դիրքը գնալով ավելի ագրեսիվ է դառնում։ Նա հասկանում է, որ Հայաստանը հիմա բավական դժվար իրավիճակում է, մասնավորապես, իր սեփական դիվանագիտական սխալների հետեւանքով»,- այս մասին «Հայկական օրակարգի» հրավիրած քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետ, Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանը «եռում է», մեր սահմաններին շատ մոտ տեղի է ունենում խոշոր տարածաշրջանային կոնֆլիկտ, սա բավական խոշոր տարածաշրջանային պատերազմ է։ «Այդ պատերազմը շատ բարենպաստ իրավիճակ է սկսում Էրդողանի եւ Ալիեւի համար, քանի որ նրանք, օգտվելով այս իրավիճակից, իրենց ծառայությունները կարող են առաջարկել Արեւմուտքին, փորձ է լինելու Իրանին ներգրավել պատերազմի մեջ։ Եվ այդ ծառայության դիմաց կպահանջեն Հայաստանը, օրինակ, կպահանջեն Սյունիքի տարածքը, որպեսզի ավելի հեշտ ձեւով տեղափոխեն Ադրբեջանի ռազմական ուժերը եւ այլն։ Մենք պետք է հիշենք, որ ռազմավարական դաշինք կա Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ։ Իսրայելի զենքով հաղթեցին հայերին, Իսրայելը շարունակաբար զենք է մատակարարում Ադրբեջանին։ Եվ ԱՄՆ-ում Իսրայելն Ադրբեջանի հետ միասին կատաղի պայքար է վարում Հայաստանի դեմ։ Այսինքն՝ այս պատերազմը շուտով լինելու է պատերազմ՝ ընդդեմ մեզ, Ադրբեջանն ու Թուրքիան օգտվելու են դրանից, դա վտանգավոր է։ Տեսնում ենք, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, առճակատման գնալ չի ուզում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Մեր հնարավորությունները՝ դաշնակից գտնելու, սահմանափակ են, Եվրոպան չի առճակատվի Թուրքիայի հետ։ Այսինքն՝ ինչ-որ լուծում գտնելու համար գոնե պետք է սթափ մտածել։ Իսկ ինչպե՞ս սթափ մտածել, եթե մեր հասարակության մեջ գործում են տասնյակ գործակալներ, որոնք վարձատրվում են արտաքին ուժերի կողմից, որպեսզի մեզ ասեն մի բան, ու սուտ է։ Այսինքն՝ նրանք մեզ ներկայացնում են այս արեւմտյան այլընտրանք, բայց երբ խոսում ենք հենց արեւմուտքում աշխատող մարդկանց հետ, նրանք ասում են, որ այդպիսի բան չկա»,- ասաց նա։
Արթուր Խաչիկյանի խոսքով՝ «Stratfor»-ի զեկույցում, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, ոչ մի նոր բան գրված չէ։ «Տարիներով մենք դա ասում էինք, բայց որ ամերիկացին է ասում, նրան միանգամից սկսեցին լսել, որ կարող է լինել հարձակում։ Այդ զեկուցման մեջ որեւէ բառ չկան այն մասին, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ինչ-որ կերպ կարող են աջակցել Հայաստանին։ Դա էլ մեր արեւմտյան երազի վերջը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հարցին, թե ի՞նչ են անում այս պայմաններում Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը եւ հասարակությունը, Խաչիկյանը պատասխանեց, որ հասարակությունը հուսալքված է, մարդիկ այլընտրանք չեն տեսնում։ «Ինչ վերաբերում է այս իշխանություններին, ես կասկածում եմ, որ նրանք արտաքին շահեր են ներկայացնում Հայաստանում, որովհետեւ այսպիսի բան անել 5 տարում, եթե Էրդողանը լիներ մեր ղեկավարը, այսպես չէր քանդի Հայաստանը։ Իրենք գտնվում են իրականության մերժման մեջ, մերժում են իրականությունը, այնպիսի տպավորություն է, որ իրենք ուրիշ մոլորակի վրա են ապրում։ Երբ ասում են՝ այո, մենք կազմալուծում ենք Հայաստանը, հրաժարվում ենք մեր պատմությունից, մեր տարածքներից, հրաժարվելու ենք շուտով մեր բանակից, բայց սա խաղաղության օրակարգ է։ Սրանք արդեն հոգեբանական խնդիրներ են, որոնք ես չեմ կարող վերլուծել»,- ընդգծեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ