Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզրասառույց է մերձափնյա շրջաններում». Սևանա լճի սառցածածկի վերաբերյալ իրական պատկերն այլ է

Հունվար 26,2024 15:04

Վերջին շրջանում մի շարք լրատվական կայքերում հրապարակումներ են տարածվում, որ Սևանա լիճն ամբողջովին ծածկվել է սառույցով, ընդ որում նշելով, որ վերջին 7 տարում առաջին անգամ է լիճն ամբողջովին սառել։


Սևանա լճի սառցածածկի վերաբերյալ իրական պատկերն այլ է։

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի այդ թվում սառցային երևույթների վերաբերյալ դիտարկումներն, իրականացվում են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լճային 4 դիտակետերում՝ Սևան թերակղզի, Շորժա, Մարտունի և Կարճաղբյուր։

Համաձայն դիտակետերի դիտարկումների տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 25-ը լճում (ամբողջ տեսանելի հատվածում) սառցային երևույթները բացակայել են։ Հունվարի 26-ի դրությամբ այս տարվա առաջին սառցային երևույթներն են դիտվել Սևան թերակղզի դիտակետում, մերձափնյա շրջաններում եզրասառույցի տեսքով։ Մյուս 3 դիտակետերում դեռևս սառցային երևույթներ չեն դիտվել։

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, որոնք սկզբից ձևավորվում են ափի մոտ կարող են հանդես գալ սկսած հոկտեմբերի վերջից։

Եզրասառույց/ափասառույց Սևանա լճում ձևավորվում է գրեթե ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ ամեն տարի:

Սկսած 1890 թվականից լճում համատարած սառցածածկ դիտվել է (այն դեպքերն են, երբ լիճն ամբողջովին ծածկվել է անշարժ սառույցով տասը օր և ավելի ժամանակահատվածով). 1890, 1905, 1921, 1925, 1949, 1950, 1954, 1957, 1959, 1964, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1989, 1990, 1992, 1993, 2005, 2008, 2012, 2017 թվականներին՝ սկսած հունվարի վերջերից կամ փետրվարից։ Անշարժ սառույցի հաստությունը այդ ժամանակ կազմել է 20-40սմ։

Առանձին տարիներին՝ 1973, 1977, 1988, 1991, 1994, 1998, 2000, 2002, 2007թ․, համատարած սառցածածկ դիտվել է միայն Մեծ Սևանում, իսկ Փոքր Սևանում համատարած սառցածածկ կամ չի դիտվել, կամ դիտվել է մասնակի։

Ըստ դիտարկումների պատմական տվյալների ամենից շուտ Սևանա լիճը սառչել է 2008թ. հունվարի 16-ին, իսկ ամենից ուշ՝ 1959թ. փետրվարի 28-ին։

Ըստ տևողության լճում ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972թ․` 72օր։

Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցածածկը ունի և դրական և բացասական կողմեր: Դրական այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը հունվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 2մլն. մ³ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը և ջրում պակասում է թթվածնի քանակությունը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031