Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ համայնքներում շների ստերջացում չի իրականացվում, քանի որ համայնքը գումար չունի մրցույթ հայտարարելու․ ԱԺ-ում քննարկում են թափառող կենդանիների խնդիրը

Հունվար 26,2024 14:24

Հանրապետության բազմաթիվ համայնքներում չի իրականացվում թափառող շների ստերջացում, քանի որ համայնքի բյուջեի սղության պատճառով մրցույթներ չեն իրականացվում, շատ դեպքերում էլ՝ եթե անգամ մրցույթ է հայտարարվում, ապա մասնակից չի լինում։ Այս տվյալներն այսօր ԱԺ -ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեգնազ Մանուկյանի նախաձեռնությամբ կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։

Կարեն Հակոբյան

Նրա ներկայացրած տվյալներով՝ 2023-ին քաղաքացիների ոստիկանություն ահազանգերը հիմնականում վերաբերել են քաղաքացիների վրա շների հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, աղմուկի, աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ։ Քաղաքացիները նաեւ ահազանգում են, որ վախենում են թափառող կենդանիների հնարավոր հարձակումից, վախենում են իրենց երեխաներին միայնակ դպրոց ուղարկել՝ շրջակայքում եղած թափառող շների պատճառով։

Հակոբյանը ներկայացրեց տվյալներ, թե շների ստերջացման իրավիճակն ինչպիսին է՝ ըստ մարզի։

Ըստ այդմ՝ Կոտայքի մարզում ստերջացում չի իրականացվում ոստիկանության Կոտայքի եւ Հրազդանի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում, իսկ Չարենցավանի եւ Նաիրի բաժինների տարածքներում, թեև 550 ստերջացում է իրականացվել, սակայն ներկայումս չի իրականացվում։

Սյունիքում ընդհանրապես ստերջացում չի իրականացվում։ Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Վարդենիսում համայնքում ստերջացում չի իրականացվում, պատճառը հայտարարված մրցույթին մասնակից չլինելն է։

Արմավիրի եւ Տավուշի մարզերում ստերջացում իրականացվում է։

Լոռիում իրականացվել է, բայց ներկայումս ստերջացում չի իրականացվում Վանաձորում, իսկ Սպիտակում մեկ անգամ է իրականացվել։

Վայոց ձորի մարզում ստերջացում չի իրականացվում, ըստ ՏԻՄ-ից ստացված տեղեկատվության՝ խնդիրը ֆինանսական ծախսերի հետ է կապված, համայնքապետարանում քննարկվում է կենդանիների խնամքի կենտրոն հիմնելու հարցը։

Արագածոտնի մարզում միայն Աշտարակ խոշորացված համայնքում է իրականացվում շների ստերջացում, իսկ ոստիկանության Թալինի, Արագածի, Ապարանի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում ստերջացում չի իրականացվում, պատճառը՝ հայտարարված մրցույթին մասնակից չի եղել։

Գյումրիում 2023-ին պայմանագիր է կնքվել երեք կազմակերպության հետ, ամբողջ տարվա ընթացքում իրականացվել է ստերջացում։

Արթիկի համայնքում շների ստերջացման համար մրցույթ չի հայտարարվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Աշոցքում եւ Ամասիայում նույնպես չի իրականացվել ստերջացում՝ ֆինանսական միջոցներ չեն եղել մրցույթ հայտարարելու համար։

Արարատում վերջին անգամ շների ստերջացում իրականացվել է անցյալ տարվա փետրվարին։ Ըստ ոստիկանության զեկույցի, Երեւանում իրականացվում է շների ստերջացում։

Անդրադառնալով ահազանգերին, ոստիկանության պետի տեղակալն ասաց՝ Մասիս համայնքի բնակիչն ահազանգել է, որ բուժկենտրոնի հարակից տարածքում եղբոր երեխաներին շները կծել են, երեխաները մարմնական վնասվածքներ են ստացել։

Արարատի շտապօգնությունից ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Սուրենավան գյուղի ակումբի տարածքում շների հարձակման հետեւանքով կենսաբանական մահ ախտորոշմամբ հայտնաբերվել է անչափահաս երեխա։

Հիշեցնենք, որ Սուրենավանում թափառող շները ընկել են երեխաների հետեւից, 7-ամյա տղայի ոտքը վազելիս սայթաքել ու ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետեւանքով մահացել է։

Ապարանում էլ մի քաղաքացի հայտնել է, որ թափառող շունը կծել է ոտքը։

Արարատի բնակիչները ոստիկանությանը հայտնել են, որ շենքի բակում թափառող շները հարձակվում են բնակիչների վրա։

2022 թվականին, ըստ ոստիկանության, մարդկանց վրա շների հարձակման 133 դեպք է գրանցվել, 2023-ին՝ 134 դեպք, 2024-ին՝ 5 դեպք։

Նշված դեպքերի վերաբերյալ նյութերը թողնվել են անհետեւանք, միջնորդություններ են ուղարկվել ՏԻՄ-երին՝ շներին վնասազերծելու եւ խնամքի կենտրոն տեղափոխելու նպատակով։ Հակոբյանն ասաց, այս գործառույթից բացի՝ ոստիկանությունն այլ լիազորություն չունի, թե հետո ինչ է կատարվում շների հետ այս միջնորդությունից հետո, իրենց գործառույթը չէ, եւ ինքը տեղեկություն չունի շների ապագայի մասին։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ քրեական վարույթներն են նախաձեռնվել 2022-ին՝ 19 դեպքով, 2023-ին՝ 45 դեպքով, 2024-ին՝ 3 դեպքով, քրեական հետապնդման է ենթարկվել 3 անձ 2022 թվականին, 2023-ին՝ 2 անձ, 2024-ին հանցագործությունները դեռեւս մնացել են չբացահայտված։ 2022-2023 թվականներին քրեական հետապնդման ենթարկված 5 անձանցից 4-ի վերաբերյալ վարույթները կարճվել են, մեկի գործն ուղարկվել է դատարան։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031