«Եթե հիմնավորվեն Մառլեն Սարգսյանի կողմից ինձ հայտնած տեղեկությունները, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ձեր սեղանին դրված 22 հատորանոց քրեական գործի վարույթը պետք է պատռել եւ նետել աղբանոցը, որովհետեւ այն տեղեկությունները, որոնք ինձ հայտնվել են, կարող են շրջադարձային լինել եւ բեկումնային փոխել այս ամբողջ վարույթի ընթացքը»,- այսօր դատարանում նման հայտարարությամբ հանդես եկավ Ազատ գյուղի զինվորական կացարանում մեկ տարի առաջ բռնկված հրդեհի արդյունքում մահացած տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը: Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:
Հիշեցնենք նաեւ, որ նախորդ դատական նիստի ժամանակ, այս գործով ամբաստանյալներ Գոռ Աղեկյանը եւ Մառլեն Սարգսյանը առանձին հանդիպում էին խնդրել Նորայր Նորիկյանի հետ: Դատարանը թույլատրեց հանդիպումը:
Փաստաբանն այսօր դատարանում հայտարարեց, որ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ինքը խորհրդապահական հանդիպում է ունեցել մեղադրյալներ Գոռ Աղեկյանի եւ Մառլեն Սարգսյանի հետ: Նորայր Նորիկյանի փոխանցմամբ, երկուսի հետ էլ եղել է պատշաճ խոսակցություն, որի ընթացքում այս քրեական վարույթի վերաբերյալ երկուսն էլ հայտնել են ուշագրավ տեղեկություններ: Հայտնված տեղեկությունները փաստաբանն ամբողջությամբ փոխանցել է զոհվածների ծնողներին, որոնց մոտ խորը անվստահության կա բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ, այդ թվում՝ վարույթ իրականացնող մարմնի, դատարանի եւ այլն:
Կարդացեք նաև
«Փաստորեն, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ծնողները՝ ստացված տեղեկությունները համապատասխան ընթացակարգերով վարույթ իրականացնելու հետ կապված լուրջ մտավախություն ունեն: Այս իմաստով, որոշակի ըմբռնումներ են անհրաժեշտ»,- հայտարարեց պաշտպանը՝ հավելելով, որ մարտավարական տեսակետից այդ տեղեկությունները դեռ չեն հրապարակի:
«Ես իմ իմացած տեղեկությունները հայտնել եմ քննիչին, որոնք անտեսվել են: Զինվորի մահը ում համար ինչ է, ոնց է, իմ համար ուրիշ է: Զինվորը դա հայ տղա է: Ես էդ ամեն տեղեկությունն ասել եմ՝ հենց ամենասկզբից: Ուղղակի, դրանք անտեսվել են: Իսկ ինչ վերաբերում է անցած դատական նիստին, որ մեղադրող կողմը մեզ հորդորում էր՝ ինչ տեղեկություն գիտենք՝ ասենք, մենք ինչ տեղեկություն իմացել ենք՝ ասել ենք. մնում է իրենք հետ գան մի հատ Սեւանի քննչականից՝ գնան Երեւանի քննչական ու էս սաղ պարզաբանվի»,- դատարանում նման հայտարարություն արեց Մառլեն Սարգսյանը՝ պատասխանելով դատավորի հարցին՝ միգուցե դատարանո՞ւմ իրենք հայտարարությամբ հանդես գան:
Դատավորը ընդհատեց նրան՝ չթողնելով շարունակել ելույթը:
Դահլիճում նստած ծնողները վրդովվեցին՝ ասելով, որ Մառլեն Սարգսյանը բանավոր հայտարարություններ է արել, Նորիկյանն էլ գրավոր է դիմել, բայց գործը «քնած է» : Դատավորը հորդորեց՝ նախաքննական մարմնին դիմել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ