Լրահոս
Օրվա լրահոսը

«Օր է լինում՝ ցամաք հաց չենք ունենում»․ արցախցի երեք երեխաների հայրն աղբանոցում շիշ ու երկաթ է հավաքում, վաճառում, հաց գնում. forrights.am

Հունվար 26,2024 13:07

Forrights.am. 6-ամյա Անգելինան վառարանի վրա կարտոֆիլի շերտերն է կարմրացնում, եղբայրները՝ 11-ամյա Արմանն ու 8-ամյա Արենը, հայրիկի հետ Արարատի դաշտերից հավաքած փայտի կտորներն են ներս տանում՝ «ժեշտից» տնակը տաքացնելու համար։ Տնակում, սակայն, ցուրտ է։ Վառարանը չի հասցնում ջերմացնել 2,5 մետր երկարություն ունեցող կացարանը, գրեթե բոլոր անկյուններից քամի է ներս գալիս։

Այս պայմաններում են ապրում Արցախից Հայաստան տեղափոխված Արծվիկի 5 հոգանոց ընտանիքը։ «Սենց եմ արել, որ քամի ներս չգա»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է ընտանիքի 44-ամյա հայրը՝ ցույց տալով, թե ինչպես է հագուստի կտորներով փակում «դոմիկի» ճեղքերից «տուն» թափանցող քամու ճանապարհը։

«Շատ խնդիրներ ունենք։ Առաջ նպաստ էինք ստանում, բայց 2023 թվականի սեպտեմբերից էլ չենք ստանում, էրեխոց նպաստը կտրել են, ուր գնում եմ, ասում են՝ փակ ա, չենք տալիս»,-ասում է Արծվիկն ու նշում՝ ինքն ու կինը նոր անձնագիր են հանել, ՀՀ քաղաքացի են դարձել, փախստականի վկայական էլ ունեն, բայց հինգ ամիս է՝ երեք անչափահաս երեխաների համար նպաստ չեն ստանում։

Արծվիկնն ու կինը՝ Դոնարան, պատրաստ են ցանկացած աշխատանք կատարել, բայց ձմռան ամիսներին Արարատյան դաշտում աշխատանք գտնելը բարդ է։ Ամռանը ուրիշ է՝ կինը մրգերի ու բանջարեղեն բերքահավաքին է մասնակցում, մինչ այդ մշակման աշխատանքներին, իսկ ինքը բանվորություն է անում: Բայց հիմա դաշտերում բանվորի կարիք չկա։

Երեք երեխաներին միայն ցամաք հացով ապահովելը հոր համար լուրջ խնդիր է դարձել։ Մինչ գյուղատնտեսական աշխատանքները կսկսեն, Արծվիկն այլընտրանք է գտել․ աղբավայրերից շիշ ու երկաթ է հավաքում, որ գոնե կարողանա տուն երկու-երեք հատ հաց բերել․ «Գնում եմ զիբիլանոցները շիշ եմ հավաքում, երկաթ, բերում հանձնում եմ, որ երեխաներիս պահեմ․ ի՞նչ անեմ, հաց պետք է առնեմ, երեխաները չեն հասկանում, որ չկա, պետք է ամեն ինչ անեմ, որ երեխաները սոված չմնան: Աղբավայրում շիշ հավաքելն էլ է մենաշնորհ դարձել. Էն օրը գնացել եմ զիբիլանոցը, մեկն եկել ասում է՝ այստեղի տերը ես եմ։ Պատկերացնո՞ւմ ես զիբիլանոց էլ չեն թողնում մտնեմ, ասացի՝ ախպեր, քեզ հալալ լինի, քեզ լինի, գնում եմ, որտեղից պատահում է, հավաքում եմ»։

Լինում է, որ ընտանիքում հաց չի լինում: Մեր այցելության ժամանակ հայրը նոր էր վերադարձել «աշխատանքից», վաճառել էր հավաքած երկաթը, մի քանի հատ հաց գնել, հաջորդ օրը աղբավայր գնալու համար բենզին, և գումարը սպառվել էր։ «Թեկուզ, որ ցամաք հաց է լինում՝ երեխաներն ուրախանում են, օրեր են եղել, որ հաց չենք ունեցել, ինչ նպաստը կտրել են»։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031