Լրահոս
Օրվա լրահոսը

Թիրախում են անփոփոխելի դրույթները, նախաբանը: Այս ամենի վերացումը, նոր սահմանադրության ընդունումը ՀՀ 3-րդ հանրապետության սուվերենության հարց կարող է առաջ բերել. Գոհար Մելոյան. «Հրապարակ»

Հունվար 26,2024 11:09

Սահմանադրագետ Գոհար Մելոյանին հարցրինք` առհասարակ, ինչպե՞ս է որոշվում՝ սահմանադրությունը լա՞վն է, թե՞ վատը, մրցունա՞կ է, թե՞ ոչ։

«Մեր սահմանադրության լավ կամ վատ լինելու հարցն օրակարգ է դարձնում մի պաշտոնատար անձ, ում օրոք եւ ում կողմից սահմանադրության հենասյունային սկզբունքներ են ոտնահարվել․ լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ նա շրջափակման կոչ է արել եւ անձամբ մասնակցել է օրենսդիր մարմնի շրջափակմանը՝ ոտնահարելով Սահմանադրության մեջ 2015 թվականին ուղղակիորեն սահմանված՝ իշխանությունների տարանջատման, զսպման ու հակակշռման սկզբունքը: Նրա կոչով շրջափակվել է դատական իշխանությունը՝ նրա քիմքին ոչ հարիր դատական ակտերի ընդունման համար։ Նրա օրոք խայտառակ բնույթի հետապնդումների է ենթարկվել Սահմանադրական դատարանը, եւ այդ գործընթացի պսակը եղել են հակասահմանադրական բնույթի սահմանադրական փոփոխությունները՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովը տվել էր եզրակացություն, որ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության չէին կարող սահմանադրական փոփոխություններ տեղի ունենալ, սակայն իրենց քաղաքական ուժը որոշեց, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բոլոր իրավական գործընթացները ոտնահարելով, ընդունել սահմանադրական փոփոխություններ՝ ՍԴ կազմը յուրայիններով լրացնելու նպատակով։ Սահմանադրության լավ կամ վատ լինելուց է խոսում մի գործիչ, ով մի քանի անգամ լրջագույն միջազգային փաստաթղթեր է ստորագրել՝ առանց ներպետական վավերացման գործընթացի։ Մի գործիչ, ում օրոք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոտնահարված է, երբ Սահմանադրությամբ ունենք պահանջ, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարող է փոխվել բացառապես հանրաքվեի արդյունքում։ Ես բերեցի սահմանադրական նորմերի ուղղակի ոտնահարման դեպքեր…»,- ասաց Մելոյանը։

Սահմանադրագետի խոսքով՝ այն հանգամանքը, որ խոսվում է նոր սահմանադրության մասին, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների, թույլ է տալիս ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի թիրախում Սահմանադրության անփոփոխելի դրույթներն են․ «Մեզ համար գաղտնիք չէ, որ այս քաղաքական ուժն ի սկզբանե սահմանադրական փոփոխությունների օրակարգ ունեցել է, սակայն երբեւէ նոր սահմանադրության ընդունման մասին խոսք չէր գնացել։ Այստեղ 2 կոմպոնենտ կա․ տարբերությունը՝ սահմանադրական փոփոխությունների եւ նոր սահմանադրություն ընդունելու, ընդամենը տեխնիկական է: Սահմանադրական փոփոխություններով 4 հոդված եւ Սահմանադրության նախաբանը չէին կարող փոփոխել, այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ թիրախը հենց նախաբանն ու Սահմանադրության անփոփոխելի դրույթներն են»։

Հնարավո՞ր է նոր սահմանադրություն ընդունել՝ առանց Անկախության հռչակագրին հղում տալու, չէ՞ որ Հռչակագիրն այն փաստաթուղթն է, որի ուժով գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ «Հենց դա է լրջագույն վտանգը։ Մենք կարող էինք այս հայտարարություններին ուշադրություն չդարձնել, որովհետեւ 5 տարի եղել են սահմանադրական փոփոխության հարցերն օրակարգում, բայց մենք գիտակցում ենք, որ թիրախում են գտնվում անփոփոխելի դրույթները՝ մասնավորապես նախաբանը, ընդ որում՝ ԱԳ նախարարն էլ չի հերքել, որ սահմանադրական փոփոխությունները նաեւ արտաքին հարաբերությունների ուղեծրում են գտնվում, որովհետեւ ադրբեջանական եւ թուրքական կողմերը պահանջ են ներկայացնում սահմանադրական փոփոխությունների, իսկ Ադրբեջանի պահանջը հենց այդ հղումների` ՀՀ-ի՝ հետագա տարածքային նկրտումներից հրաժարումն է։ Սահմանադրության նախաբանը հղում է կատարում մեր 3-րդ հանրապետության հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, մեր պապերի թողած պատգամին, եւ այս ամենի վերացումը, նոր սահմանադրության ընդունումը ՀՀ 3-րդ հանրապետության սուվերենության հարց կարող են առաջ բերել»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031