Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Միշտ ասում էր՝ ապրելու հականիշը մեռնելը չէ, անտարբերությունն է: Չեմ հանդիպել մի մարդու, որ այդքան տա ու ոչինչ չվերցնի. «Հրապարակ»

Հունվար 26,2024 10:44

Մեր զրուցակիցը Գոհար Գրիգորյանն է, որն Արցախում իրականացրել է հասարակական, սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր եւ, ինչպես ինքն է նշում, այդ ընթացքում բախտ է ունեցել շփվելու Արցախի նախկին պետքարտուղար, բարերար Ռուբեն Վարդանյանի հետ:

«Երբ նա եկավ Արցախ, ես իրեն գիտեի որպես Ռուբեն Վարդանյան, մինչ իր՝ Արցախ գալը կասկածում էինք, թե ինչի պիտի նա ամեն ինչ թողնի ու գա Արցախ, ինչ պիտի անի, ինչ նպատակով է գալիս, մի խոսքով՝ թերահավատ էինք, բայց երբ ճանաչեցի նրան, գիտե՞ք ինչը զարմացրեց՝ նրա նվիրվածությունը, պատրաստակամությունը, մարդ տեսակը: Ընդհանուր ծանոթի միջոցով ծանոթացա նրա հետ: Ցանկացած ժամի եթե դիմեիր իրեն, պատրաստ էր լսելու, քննարկելու եւ օգնելու: Ես աշխատում էի հեռահաղորդակցման ոլորտում, շրջափակման ժամանակ գեներատորների հետ կապված խնդիր ունեցանք, մանավանդ մեր հեռավոր գյուղերում այդ օրերին կապի լուրջ խնդիր կար, ու նրա միջոցով ուր որ է հարցը պիտի լուծվեր, արեւային համակարգեր էր պատվիրել, բայց շրջափակման պատճառով տեղ չհասան»,- ափսոսանքով պատմում է Գոհարը՝ հիշելով․ «Մի անգամ նույնիսկ իրեն ասացի, թե Արցախը փոքր է, ու իր բոլոր ծրագրերի մասին նախապես իմացվում է: Լսել էի, որ զոհվածների ընտանիքներին տուն կառուցելու համար աջակցելու է: Ասաց, որ դա մի փոքր արդար չէ` խտրականություն է, որ միայն զոհվածների ընտանիքներին օգնի: Ասաց՝ ինձ համար նեղ իրավիճակում գտնվողները բոլորը հավասար են: Գուցե կա զոհվածի ընտանիք, որ բնակարան ունի եւ դրա կարիքը չունի, փոխարենը՝ մեկ ուրիշն ունի»:

Երբ հղիների հետ կապված ծրագիր էին իրականացնում, փաթեթներ էին տրամադրում, գործընկերներիցս մեկը եկավ ասաց` իրեն ճանաչո՞ւմ ես, միջնորդի։ Ասացի՝ միակ տեղն է, որ ծանոթությունը դեր չի խաղում, դուք հանգիստ դիմեք` կօգնեն։ Այդպես էլ եղավ: Տղաներից մեկը պատմեց, թե հղի կնոջը՝ շրջափակման մեջ, գրկած, ոտքով ինչպես է հասցրել հիվանդանոց: Ես չեմ մոռանում Ռուբեն Վարդանյանի արձագանքը, դա շոկային էր իր համար, անմիջապես մտածեց՝ գտնել էլեկտրամոբիլներ ու օգտագործել այդ նպատակով:

Ես երբեւէ չեմ հանդիպել մի մարդու, որ միայն այդքան տա ու ոչինչ չվերցնի, իսկ ինքը մեզ միայն տալիս էր, անգամ իր ընտանիքից հրաժարվեց հանուն Արցախի, տվեց ամեն ինչ»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ պաշտոնաթող լինելուց հետո, այնուամենայնիվ, ինչո՞ւ չհեռացավ, եւ ի՞նչը ստիպեց Ռուբեն Վարդանյանին մնալ՝ շարունակելով ապրել, հասարակական գործունեություն ծավալել Արցախում: «Ինքը խոսքի մարդ էր, եկավ ասաց՝ այս դժվարին պահին եկել եմ իմ հայրենակիցների հետ լինեմ: Ճիշտը խոսենք․ կային ուժեր, որ ժողովրդի մեջ մտցրել էին, թե հեսա կթողնի կգնա, այլ ծրագրեր ունի, բայց շատ անգամ հնարավորություններ ուներ գնալու` չգնաց, մնաց ու․․․․ Գիտե՞ք ինչն է շատ վիրավորական, որ իր արածի դիմաց ոչինչ չենք անում այսօր իր համար, ինքը միշտ ասում էր՝ ապրելու հականիշը մեռնելը չէ, անտարբերությունն է:

Արևիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031