News.am. Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հաղորդեցին, որ Արցախի՝ Բաքվում գերության մեջ գտնվող, ապօրինի կալանավորված նախկին նախագահների և ռազմական, պետական մյուս գործիչների կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 4 ամսով։ Թեմային շուրջ NEWS.am-ը զրուցել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։
Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է նման որոշման պատճառը:
Որոշումը կանխատեսելի էր, քանի որ Ադրբեջանում դատական համակարգը ինքնուրույն չի արձագանքում հայերին վերաբերող գործերին: Ապօրինաբար Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները քաղբանտարկյալներ են և պատժվում են իրենց զբաղեցրած պաշտոնների և օրինական գործունեության համար: Ռուբեն Վարդանյանի պարագայում դա կապված է նաև նրա մարդասիրական, բարեգործական գործունության հետ:
Ինչպես ռազմագերիների պարագայում են շինծու մեղադրանքներն ուղարկվել դատարաններ, և վերջինները վավերացրել են դրանք՝ դառնալով գործադիր իշխանության որոշումները դակող մարմիններ, այնպես էլ, անխուսափելիորեն, այս ութ գործիչների մասով են նման դատավարություններ կանխատեսվում՝ հաշվի առնելով, որ միջազգային ուշադրությունն ավելի մեծ է լինելու ութի պարագայում: Եվ քանի որ գործերը փաստերից և ապացույցներից զուրկ են, կալանքը ևս չորս ամսով երկարաձգվում է՝ կեղծարարության գործարանը աշխատացնելու նպատակով:
Կարդացեք նաև
Պետք է հաշվի առնել նաև, որ այս փուլը համընկնում է Ադրբեջանում նախընտրական շրջանի հետ, և, միգուցե, նպատակահարմար չէին համարում այս փուլում դատավարություններ անցկացնել: Նրանք հիմա քարոզչական նպատակով են այս գործերն օգտագործում, և դրա վառ օրինակը վերջերս ապօրինի կերպով, անհատական տվյալների պաշպանության խախտումներով մեր հայրենակիցների լուսանկարների տարածումն էր: Փոխարենը որևէ կերպ նրանց իրական վիճակը չի լուսաբանվում, չկա հանրային պատշաճ հաշվետվողականություն, ինչը ենթադրում է անկախ մարմինների մուտքի ապահովում որոշակի պարբերականությամբ, ժամկետի նշումով և այլն:
Ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ սկզբում հայտարարվեց Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցի ժամկետի երկարաձգման մասին, իսկ հետո արդեն՝ մնացած յոթ գործիչների: Ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք այստեղ:
Առաջինը, կարծում եմ, փորձում են պահել ձերբակալման ժամանակագրությունը, քանի որ առաջինը ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը, և նրա խափանման միջոցի ժամկետը մի քանի օր ավելի վաղ էր ավարտվելու:
Մյուս պատճառը, ըստ ամենայնի, Վարդանյանի ավելի հայտնի լինելն է: Դրանով փորձել են հարցին ավելի մեծ հնչեղություն տալ, ավելի մեծ քաղաքական օգուտներ ստանալ, ինչպես նաև, ինչու ոչ, ճնշում գործադրել ողջ հայության վրա, քանի որ Վարդանյանը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:
Ստացվում է՝ Ադրբեջանն անարգել երկարաձգում է ապօրինի գերեվարված ՀՀ քաղաքացիների կալանքի ժամկետը, եւ որեւէ լծակ չկա դրան հակազդելու: Ի՞նչ պետք է անեն այս դեպքում Հայաստանը եւ միջազգային հանրությունը: Ի՞նչ պետք է անել՝ միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի այդ աղաղակող խախտումների վրա հրավիրելու համար:
Պետք է հաշվի առնել, որ գործ ունենք ավտորիտար ռեժիմի հետ, որտեղ չկա դատական համակարգ, հետևաբար, չենք կարող իրավաչափ սպասումներ ունենալ, որ դատական համակարգը կհակակշռի գործադիր իշխանության ապօրինություններին: Այս առումով, ցավոք, հակազդելու միջոցներ Ադրբեջանում չկան, այստեղ իրավունքների խախտումները մասշտաբային են, ժողովրդավարական արժեքներն անտեսվում են, և դա ակնառու էր նաև Ադրբեջան-Եվրոպական կառույցներ հարաբերություններում, ինչն անգամ հանգեցրեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցմանը: Սա վերահաստատում է, որ այս երկրում մարդու իրավունքների խախտումներին հակազդող մեխանիզմներ գոյություն չունեն: Մենք տեսնում ենք, թե ինչպես է անգամ մարդու իրավունքների պաշտպանը լեգիտիմացնում այդ խախտումները:
Հիմնական ճանապարհը մնում է միջազգային ուշադրությունը. մասնակի որոշ խնդիրներ լուծված են Եվրոպական դատարանի միջոցով: Միջազգային հանրությունը, սակայն, պետք է ինտենսիվացնի իր քաղաքական ճնշումները՝ ստիպելով Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները: Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես դիվանագիտություն և արտաքին քաղաքականություն իրականացնող սուբյեկտ, ինտենսիվ դիվանագիտական աշխատանք պետք է կատարի: Այստեղ կարևոր նշանակություն ունեն նաև մարդու իրավունքներով զբաղվող կառույցները, որոնք խախտումները փաստագրելու, արձանագրելու, միջազգային կառույցներին ներկայացնելու միջոցով պահանջատեր կլինեն, որ արձագանքը լինի արագ ու խիստ, և միջազգային կառույցներն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքներն օգտագործեն, այդ թվում նաև՝ պատժամիջոցների գործիքները, քանի որ փափուկ գործիքներն անօգուտ են ավտորիտար Ադրբեջանի պարագայում: