Լրահոս
Օրվա լրահոսը

10 ախտանշաններ, որոնք հուշում են սրտի հետ կապված խնդիրների մասին

Հունվար 26,2024 09:50

Մարմինն ամենատարբեր միջոցներով ահազանգում է իր ներսում առկա խնդիրների մասին և ուշադիր լինելու, ախտանշանները տարբերակելու դեպքում կարելի է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Այս հոդվածում մենք առանձնացրել են 10 ախտանշաններ, որոնք հուշում են, որ սրտի առողջության մասին հոգ տանելու ժամանակն է։

1. Քնի ապնոէ

Քնի ապնոէն քնի խանգարման տեսակ է, որը դրսևորվում է շնչառական դադարներով, որոնց ընթացքում գլխուղեղը, անհրաժեշտ քանակով թթվածին չստանալով, ազդակներ է հղում արյունատար անոթներին ու սրտին՝ արյան հոսքն ավելի ինտենսիվորեն ապահովելու համար։ Դա մեծացնում է զարկերակային ճնշման, սրտի ռիթմի խանգարման, կաթվածի ու սրտային անբավարարության վտանգը։ Քնի ապնոեի ախտորոշման հիմնական եղանակը քնի գիշերային հետազոտությունն է (պոլիսոմնոգրաֆիա), որից հետո քնի մասնագետի կողմից մշակվում է բուժման պլանը։

2.Դեղնավուն-նարնջագույն խորդուբորդ բծեր

Տրիգլիցերիդների չափազանց բարձր մակարդակի պատճառով ձեռքերի ու ոտքերի մատների շրջանում, նստատեղին կարող է խորդուբորդ ցան առաջանալ։ Իրականում տրիգլիցերիդներն անհրաժեշտ են օրգանիզմին, սակայն դրանց ավելցուկը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ու կաթվածի վտանգը։

3. Ձեռքերի ուժը

Ձեռքի ուժը կարող է պատմել նաև սրտի առողջությամ մասին։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ամուր բռնելու ունակությունը կապվում է սրտի հիվանդությունների ավելի ցածր վտանգի հետ։ Եթե դժվարություններ են առաջանում իրերը բռնելու կամ բռնվելու հետ կապված, ապա կարելի է հետազոտել սիրտը՝ հետագա բարդությունները կանխարգելելու համար։

4. Մուգ բծեր եղունգների տակ

Եղունգների տակ առկա մուգ բծերը, որոնք չեն առաջացել վնասվածքի պատճառով, կարող են հուշել սրտամկանի ու սրտի փականների բորբոքման (էնդեկարդիտ) մասին։ Եղունգների տակ այդպիսի բծեր կարող են առաջանալ նաև դիաբետի ժամանակ, իսկ այդ հիվանդությունը ևս 2-4 անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը։

5. Գլխապտույտ

Գլխապտույտը հաճախ է ուղղակիորեն կապվում սրտի հետ առնչվող խնդիրների հետ, քանի որ ուղեղը բավական քանակությամբ արյուն չի ստանում։ Գլխապտույտը կարող է սրտի ռիթմի խանգարման հետևանք լինել․ այս ախտանշանի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև սրտային անբավարարությունն ու սրտի կաթվածը։

6. Խնդիրներ սեռական կյանքում

Սեռական կյանքում նկատվող որոշ խնդիրները ևս կարող են զգուշացնել սրտի հիվանդությունների, անգամ ինֆարկտի ու կաթվածի վտանգի մասին։ Էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող տղամարդկանց մոտ հնարավոր են արյան շրջանառության, զարկերակային բարձր ճնշման ու արյան մեջ խոլեսթեինի բարձր մակարդակի հետ կապված խնդիրները։ Արյան վատ շրջանառությունը կանանց մոտ նույնպես սեռական ցանկության նվազեցման պատճառ կարող է դառնալ։

7. Մաշկի գույնի փոփոխություններ

Հաճախ բնածին սրտի արատի, արյունատար անոթների նեղացման կամ խցանման պատճառով ձեռքերի ու ոտքերի մատները կապտավուն կամ մոխրագույն երանգ են ստանում՝ արյան վատ շրջանառության պատճառով։ Մաշկի վրա մանուշակագույն բծերի առաջացումը կարող է հուշել խոլեսթերինային կուտակումների վնասվածքների մասին, իսկ էնդոկարդիտի ժամանակ ձեռքերի ափերի կամ ներբանների մաշկի տակ կարող են արյան բծեր հայտնվել։

8. Մաշկի մուգ, խավոտ հատվածներ

Պարանոցի, թևատակերի ու աճուկների շրջանում երբեմն կարող է նկատվել մաշկի որոշակի հատվածի հաստացում ու մգացում։ Այդ երևույթն անվանում են սև ականտոզ․ այն հուշում է օրգանիզմի կողմից ինսուլինի օգտագործման հետ կապված դժվարությունների մասին։

9. Շնչարգելություն, հևոց

Հևոցը կարող է լինել սրտային անբավարարության, սրտի ռիթմի խանգարման, ինֆարկտի ախտանշան։ Հանկարծակի առաջացող հևոցն ու շնչարգելությունը, կրծքավանդակի ցավը շտապ բժշկական օգնության դիմելու ցուցումներ են։

10. Սրունքների այտուց

Ոտքերում հեղուկի կուտակումը կարող է հուշել արյան վատ շրջանառության ու սրտային անբավարարության մասին։ Ոտքերի այտուցի պատճառը կարող է լինել թրոմբը, որն արգելափակում է արյան հետհոսքը ստորին վերջույթներից դեպի սիրտը։ Ոտքերի՝ հանկարծակի առաջացած այտուցի դեպքում ևս պետք է դիմել անհետաձգելի բժշկական օգնության։

Ծանուցում՝ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031