Լրահոս
Օրվա լրահոսը

Գործերը վարչական վերաքննիչ դատարանում ողջամիտ ժամկետում քննելու մասով խայտառակ իրավիճակի մասին

Հունվար 26,2024 13:30

Քաղաքացին 2019 թվականին գնելով բնակարան՝ հույս է ունեցել, որ կկարողանա տեղափոխվել իր կողմից գնված բնակարանը եւ, ի վերջո, կազատվի խոշոր գումարներով վարձով բնակվելու այդ ծանր բեռից, սակայն հայտնվել է երկարատեւ տարիներ տեւող դատական քաշքշուկների մեջ եւ մինչ օրս չի կարող բնակվել իր տանը, իսկ նման զարգացումների դեպքում դժվար թե մեկ կամ երկու տարվա ընթացքում այդ վեճին լուծում տրվի:

Խայտառակ վիճակն ըստ փաստերի:

Վարչական դատարանում գործը մոտ երկու տարի քննվելուց հետո, վարչական դատարանի 2021թ. հուլիսի 22-ի վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 8-ին ընդունվել է վարույթ:

Վերաքննիչ դատարանի կողմից դատական նիստեր են նշանակվել 2022թ. սեպտեմբերի 22-ին, որի ընթացքում կատարվել է դատարանի կազմի փոփոխություն, դատական նիստը նշանակվել է 2022թ. հոկտեմբերի 19-ին, սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ դատավորը որոշել է գնալ արձակուրդ: Այս անգամ էլ դատական նիստը հետաձգվել եւ նշանակվել է 2022թ. նոյեմբերի 22-ին, որից հետո դատարանի կազմում կրկին կատարվել է փոփոխություն եւ դատական նիստ է նշանակվել մեկ տարի հետո՝ 2023թ. նոյեմբերի 1-ին, սակայն այդ դատական նիստով դատարանը բողոքի քննությունը չի ավարտել եւ դատական նիստը հետաձգել եւ նշանակել է մոտ մեկ տարի մեկ ամիս անց` 27.11.2024թ.:

Բնականաբար, կողմը վստահ չէ, որ մեկ տարի անց գործի քննությունը կավարտվի, այդ ընթացքում կրկին դատավոր չի փոխարինվի, կամ դատական կազմը թերացում թույլ չի տա, կապահովի կողմերի պատշաճ ծանուցումը եւ այդ հիմքերով կրկին դատական նիստը տարիներով չի հետաձգվի:

Ավելորդ չեմ համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներով արձանագրել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտում է համարվում պետության մեղքով տեղի ունեցող ձգձգումները, որը տվյալ դեպքում առկա է:

Ղևոնդ ՊԱՊՈՅԱՆ

Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
25.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031