Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր գրական կապեր անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը հրատարակած երկրի հետ

Հունվար 26,2024 13:00

Հարցազրույց «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ

– Տիկին Աշխարոյան, օրերս եք վերադարձել Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի Չեննայ քաղաքում անցկացված գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսից, եւ…

– Եվ 2023-ից Չեննայի գրքի ցուցահանդեսը իրականացնում է հրատարակիչների հրավեր-ծրագիր, ինչպես նաեւ առաջարկում է թամիլ գրականության թարգմանությունների դրամաշնորհ։

– Կմանրամասնե՞ք։

– Թամիլ Նադու նահանգը, որտեղ հաղորդակցվում են թամիլ լեզվով, կրթության բարձր մակարդակով երկրում առաջնային տեղ է զբաղեցնում։ Ընդ որում, նահանգի ղեկավարությունը պարոն Ստալինի գլխավորությամբ մեծ ջանք է գործադրում նաեւ իրենց գրականության եւ գրահրատարակչական գործի զարգացման համար։ Այս ծրագրին մասնակցում էին հրատարակիչներ ու գործակալներ ավելի քան 30 երկրից եւ հանդիպումներն ուղղված էին ոչ միայն թամիլ գրականության թարգմանության իրավունքների վաճառքին, նաեւ իրենց հրատարակիչներն էին հետաքրքրված թարգմանաբար հրատարակել գրքեր տարբեր լեզուներից։

– Պարոն Ստալին… Տարօրինակ չէ՞, Հնդկաստանում այդ ազգանվամբ մարդ։

– Թամիլ Նադուն կոմունիստական նահանգ է, այնտեղ հանդիպեցինք նաեւ Կարլ Մարքս անունով հրատարակչի։ Կարծում եմ՝ պարզ է, թե որտեղից են գալիս նման անունները։

– Հրատարակիչներն ավելի շատ ի՞նչ ժանրի ստեղծագործություններով էին հետաքրքրվում։

– Մեծ պահանջարկ կար մանկական գրականության։ Դրա միակ պատճառը նահանգում իրականացվող պետական ծրագիրն է, որի շրջանակներում պետությունը հրատարակիչներից ձեռք է բերում շուրջ 200 հազար տպաքանակով մանկական գրքեր եւ անվճար բաժանում դպրոցներին։ Բացի մանկականից, հետաքրքրված էին արձակով նույնպես։

– Դուք մեր հեղինակներից ո՞ւմ առաջարկեցիք։

– Կնքեցինք պայմանագրեր Արամ Պաչյանի, Սուսաննա Հարությունյանի, Հովհաննես Թեքգյոզյանի, Աննա Դավթյանի, Սարգիս Հովսեփյանի ստեղծագործությունների, նաեւ բանկցեցինք Քրիստինե Սարգսյանի «Ուխտագնացություն դեպի ուղեղ» եւ Հարություն Ղուկասյանի «Հանճարների գրքի» անգլերեն եւ թամիլ լեզուներով հրատարակման շուրջ։

Տեղեկացնեմ, որ Չեննայը մինչ 1997թ. մեզ հայտնի Մադրասն է։ Վստահ եմ, որ գիտեք Մադրասի հայ համայնքի հայտնի պատմությունը… Այնտեղ կա հայկական եկեղեցի, փողոց… 1600-1700-ականներին առեւտրականներն են ձեւավորել հայկական համայնքը, որտեղ հիմնվել է ազատագրական, քաղաքական խմբակ եւ հրատարակվել անկախ Հայաստանի առաջին սահմանադրության տարբերակը՝ «Որոգայթ փառացը»։ Նշեմ, որ տեղացիները հիանալի ճանաչում են հայկական եկեղեցին եւ ոչ միայն, ավելին՝ հոգ են տանում դրանց նկատմամբ՝ հայկական եկեղեցու ֆինանսավորմամբ։ Մեզ հանդիպած մի հրատարակիչ մեծ հետաքրքրություն ցուցաբերեց գրելու եւ հրատարակելու գիրք Մադրասի հայկական պատմության, մասնավորապես՝ հայ-հնդկական առեւտրային կապերի մասին։ Արդեն սկսել ենք համագործակցել այդ ուղղությամբ։ Ասեմ նաեւ, որ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք որոշ թամիլ գրողների երկերը հայերեն թարգմանելու համար։ Ստացվեց այնպես, որ մեր ընտրած հեղինակների մեծ մասը կին գրողներ են, ովքեր իրենց ստեղծագործություններում պատմում են այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են կաստաների դասակարգումը, աղքատությունը, կանանց իրավունքները եւ այլն։ Մի գրող էլ մեզ հետաքրքրեց, քանի որ նա՝ լինելով «անձեռնմխելիներ» ամենացածր կաստայի ներկայացուցիչ, կրթվելով կարողացել էր վեր բարձրանալ, դառնալով ուսուցիչ եւ գրող։ Նշեմ, որ այդ երկիրը դեռ փորձում է հաղթահարել կաստային համակարգը, որն ինչպես գիտեք, շատ խոր արմատավորված է։

– Մեր երկրում հիմա շատ հնդիկներ են ապրում, որոնց հանդեպ մեր հասարակության վերաբերմունքը միշտ չէ, որ բարեհաճ է…

– Այցելելով Հնդկաստան՝ տեսնում ես մշակութային եւ սոցիալական բազմազանություն, հարուստ պատմություն եւ մշակութային ժառանգություն, դրան զուգահեռ՝ ժամանակակից, զարգացած ենթակառուցվածքներ եւ միտք։ Հուսանք, որ թարգմանված հնդկական գրականության միջոցով կճանաչենք եւ կընդունենք այդ ժողովրդին, իհարկե՝ փորձելով դրական գնահատել, ողջունել իրենց կողմից մեր երկիր բերած մշակութային բազմազանությունը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Հնդկաստանի գրքի ցուցահանդեսից։

«Առավոտ» օրաթերթ
25.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031